copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 21:47 26-07-2022

Ֆեյսբուքը ընկել է հայկական ԶԼՄ-ների հետևից

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Վերջին շրջանում բացի առաձին օգտատերերի էջերից Ֆեյսբուքը նաև հայկական հեղինակավոր լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերն է արգելափակում ու պատժամիջոցներ կիրառում։ Նշենք, որ ՀՀ Ազգային հերոսի մասին նյութ պատրաստելու համար Ֆեյսբուքը ջնջեց նաև Oragir.news-ի ֆեյսբուքյան էջը, որն արդեն բավականին մեծաթիվ հետևորդներ ուներ։ Մենք ստիպված նոր էջ բացեցինք, սակայն ֆեյսբուքը դա էլ ջնջեց, մինչդեռ այդ էջում Ֆեյսբուքի կանոններին հակառակ ոչինչ չէր հրապարակվել։

Ուստի ակնհայտ է դառնում, որ Ֆեյսբուքը կոնկրետ ուղղորդվում է ազատ մամուլի դեմ։ Սա հաստատվում է նաև այն բանով, որ մեր գործընկերների՝ «5-րդ ալիքի» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերության էջերն էլ են հայտնվել նույն վիճակում։ «Երկիր մեդիա» ընկերության էջն այս պահին սանկցիաների տակ է։ Հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը մեզ փոխանցեց, որ կրկին Մոնթեի լուսանկարն է պատճառ դարձել, և 100 հազար հետևորդ ունեցող էջը ոչ ոքի մոտ ցույց չի տալիս։

«5-րդ ալիքի» պարագայում պատմությունը լրիվ այլ է։ Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը մեզ ասաց, որ էջը հաքերային հարձակման է ենթարկվել, իրենք հայտնաբերել են հաքերին, ապուցույցներն ու սքրին-շոթերը ուղարկել են Ֆեյսբուքի աջակցության կենտրոն, սակայն պատասխան այդպես էլ չեն ստացել․ Ֆեյսբուքը լուռ է։ Հարությունյանից հարցրինք՝ ինչ ենթադրություններ ունի, ովքեր են կանգնած հաքերների հետևում, ինչ շարժառիթ ունեն։ Հարությունյանը պատասխանեց․

«Կարող են և՛ թուրքերը լինել, և՛ թուրքասեր հայերը, և՛ հատուկ հանձնարարականներով հաքերները, ի՞նչ տարբերություն: Այդ բոլոր տեսակները Ֆեյսբուքի քաղաքականության հետ հաշտ ու համերաշխ են»,- պատասխանեց Հարությունյանը։

Նշենք, որ մեկ տարի առաջ հայաստանյան ԶԼՄ-ները կրկին այսպիսի խնդիրների առաջ էին, պարզապես այն ժամանակ հստակ հայտնի էր, թե ովքեր են ֆեյսբուքյան սահմանափակումների հետևում կանգնած։ Խոսքը «Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» մասին էր, որոնք Ֆեյսբուքի հետ համատեղ արգելափակում էին հայկական առաջատար ԶԼՄ-ների՝ անկախ մամուլի ֆեյսբուքյան էջերը։ Այդ առիթով «Հրապարակ» օրաթերթը դիմել էր դատարն և շահել դատը։