Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:49 14-07-2022

Ուշադրություն շեղելու մանդատ-շոու

Թուրքերի հետ տուրևառությունը, այսինքն` քաղաքական առևտուրը, որքան խորանում ու գաղտնիանում է, այնքան էլ ներքաղաքական նոր շոուներ բեմադրելու պահանջն ավելանում է։ Որքան թուրքերի ախորժակը բացվում է ու պարտադրանքը բազմապատկվում է, այնքան պատրաստակամորեն ու առանց որևէ պայմանների է թավշյա ռեժիմը բավարարում դարավոր թշնամու աննախադեպ ցանկությունները։ Պետական և ազգային դավաճանությունը որքան պարզ, բացահայտ դրսևորումներ է ստանում, այնքան ժողովրդի ուշադրությունը իրականությունից շեղելու, ողջ ազգի քիմքը բթացնելու, ընդդիմադիր ուժերին հնարածին երրորդական ու կրավորական խնդիրներով զբաղեցնելու թրքաբարո մարտավարությունը ռեժիմի գոյության միակ պայմանն է դառնում։

Հիմա թավշյա ռեժիմը, դեսպանատների հուշումով, թե ինքնուրույն, բոլոր ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից իբր զրկելու նենգամիտ շոու է բեմադրում։ Մանրախնդիր հաշվենկատությամբ բեմադրվող այս ներկայացման դերակատարները հավասարապես և՛ ՔՊ-ականներն են, և՛ խորհրդարանական ողջ ընդդիմությունը։ Հիմնական նպատակը, կրկնում եմ, ռեժիմի թուրքական առևտրից բոլորի ուշադրությունը շեղելն ու ամենաուշը հոկտեմբերին պետությունը փաստի առաջ կանգնեցնելն է։ Այսինքն՝ երբ աշխարհում արդեն սկսեն պատերազմական եղանակով կամ պայմանավորվածությունների միջոցով ազգեցության գոտիները բաժանելու պրոցեսները, մեր երկիրը կանգնած կլինի այսօր պատկերացնելի ու բնավ չպատկերացնելի բոլոր կարմիր գծերից անդին։

Միաժամանակ այս շոուն քաղաքական ուժերին ամռան ամիսներին ինչ-որ բանով զբաղեցնելու, նաև իշխանական ու ընդդիմադիր կողմերին իրենց իրական արժեքն ու հնարավորությունները ցույց տալու, իրենց ներքին բովանդակությունը ու կազմի որակը պարզելու յուրահատուկ միջոցառում է։ Նման մի բան արդեն արել են Չինաստանում։ Իր նկատմամբ քաղաքական հոսանքների իրական վերաբերմունքը պարզելու նպատակով 1957-ին Չինական կոմկուսը հռչակեց «Թող ծաղկեն հարյուր ծաղիկներ» շարժումը։ Իրենց քաղաքական դիրքորոշումները ազատ արտահայտելու իրավունք ստացած ուժերը հրապարակավ հայտնեցին իրենց դժգոհությունները։ Իսկ երբ ծաղիկների ծաղկելու կարճ ժամանակն ավարտվեց, Չինական կոմկուսը կոշտ հաշվեհարդար սկսեց իրենց բացահայտած հակառակորդների նկատմամբ։

Հիմա մեր ներքաղաքական դաշտում թավշյա ռեժիմը ինքնադրսևորումների նման մի ամառային շոու է բեմադրում, որպեսզի պարզի, թե աշնանը ում հետ ու ում նկատմամբ ինչ է անելու։ Շոուն, անկասկած, շատ գրավիչ է լիելու` գլխավորից ուշադրությունը շեղելու համար, և դժվար թե որևէ մեկին անտարբեր թողնի։ Բանն այն է, որ մանդատը որքան քաղաքական, այնքան էլ անձնական «ակտիվ» է, և մեկի համար այն անձնական դիվիդենտ ստանալու միջոց է, մյուսի համար` պետական ու ազգային խնդիրներ լուծելու հնարավորություն։ Թավշյա վարչակալն իր այս խորամանկ քայլով, փաստացի, առարկայականի և կրավորականի արհեստական բախում է նաև հրահրում, որի հետևանքով մեր ներքաղաքական միջավայրը էլ ավելի կդիմազրկվի ու առավել կապականվի։ Ընդդիմադիր պատգամավորներին ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար ժողովրդից ստացած մանդատից իշխանության պարտադրած որոշմամբ զրկելը ինքնին հակաօրինական է ու աննախադեպ է համաշխարհային առումով։

Թավշյա վարչակալը որքան էլ դրածո է, որքան էլ իրեն տրամադրված պետության ներսում հանուն ժողովրդավարության բոլոր հակաժողովրդավարական քայլեն անելու մենաշնորհ ունի, որքան էլ ներքին օրենքներն ու Սահմանադրությունը ոտնահարելու արտոնություն ունի, բայց չունի ժողովրդավարական հիմնարար սկզբունքը արհամարհելու թույլատվություն։ Եթե ընդդիմադիրներն արդեն ընտրվել են, ապա նույնիսկ դրածո վարչակալն է պարտավոր իր առաջադրանքը կատարել ընտրվել կարողացած ընդդիմության առկայության պայմաններում։ Եվ նրան չեն ների առաջադրանքի որևէ կետի թերակատարում ու թույլ չեն տա իր մեղքը ընդդիմությանը վերագրել, քանի որ հենց սա բացառելու նպատակով էին իրենք մեկ տարի առաջ նրա համար հերթական արտահերթ ընտրությունները հնարել և անսահմանափակ ընտրական մանիպուլյացիաների ու ընտրախախտումների միջավայր ապահովել։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից