Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:26 11-07-2022

Շաբաթը բարի չէր վարչապետների համար․ տարոսը․․․ երեք դաս՝ Փաշինյանի համար

Անցած շաբաթը վստահաբար բարի չէր վարչապետների համար։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական էր ներկայացրել՝ հայտարարելով, որ քաղաքականության մեջ ոչ ոք անփոխարինելի չէր։ Նա Մեծ Բրիտանիայի վարչապետ էր նշանակվել 2019 թվականի հուլիսի 24-ին։ Բանն այն է, որ Մեծ Բրիտանիայում կառավարական ճգնաժամ էր, երկու օրվա ընթացքում ավելի քան 50 մարդ լքել էր կաբինետը, այդ թվում՝ առանցքային գերատեսչությունների ղեկավարներ, ինչպիսիք են գանձապետարանը և առողջապահության նախարարությունը: Նրանք անվստահություն էին հայտնել Ջոնսոնի նկատմամբ և անհամաձայնություն հայտնել նրա ղեկավարման մեթոդներին։ Հիմա կարող էր չէ՞ Ջոնսոնը քրեական գործեր հարուցել նրանց դեմ, սպառնալիքների, շանտաժի լեզվով խոսել նրան հետ, ֆեյք հեռացում բեմադրել, այնուհետև վերարտադրվել, մի խոսքով՝ մի ներկայացում մտածեր, միայն թե հրաժարական չտար։ Բայց Ջոնսոնը գերադասեց հրաժարական տալ, այժմ եկեք մտածենք, թե մեր դեպքում որ վարչապետը կամ որ պաշտոնյան հրաժարական կտար, եւ մի՞թե նրանց հրաժարական տալու համար ավելի պակաս ծանրակշիռ հիմքեր կան, քան Ջոնսոնի։

Երկրորդ գույժը Ճապոնիայի նախկին վարչապետի մահն էր։ Շինզո Աբեն մահացավ մահափորձի հետևանքով։ Հանցագործության մեջ մեղադրվող տղամարդը հայտնել էր, թե դժգոհ է Աբեից և ցանկանում է սպանել նրան։ 67-ամյա Շինզո Աբեն 8 տարի Ճապոնիայի վարչապետն էր՝ 2012-ից մինչև 2020-ը։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագրի մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր «Տարոսը քեզ» մաղթանքներ էին գրել։ Այսինքն՝ ի՞նչ է սա նշանակում, անձը արդեն պաշտոնյա չէ, բայց մարդիկ հո հիշողություն ունեն, ցավ ունեն, վիշտ, կորուստ, չեն ներում, չեն մոռանում, եւ եթե ընդամենը դժգոհության պատճառով Ճապոնիայում որոշել են նախկին վարչապետին սպանել, պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր կարող են լինել մեզ մոտ։ Եւ արդյո՞ք իշխանությունը՝ հանձին Փաշինյանի, գեթ մեկ վայրկյան մտածել է, որ մի օր հանրությունը խոր հիպնոսից զարթնելու է եւ որոշի վրեժխնդիր լինել հայրենիքի կորստի, թշնամուն տարածքներ նվիրաբերելու, երիտասարդ սերնդին մատաղ անելու համար։

Շաբաթվա երրորդ «գույժը» Շրի Լանկայից էր, Շրի Լանկայում հազարավոր ցուցարարներ հուլիսի 9-ին գրավել են նախագահի նստավայրը, իսկ վարչապետի մասնավոր կեցավայրը՝ հրդեհի մատնել։ Ֆեյսբուքի ուղիղ հեռարձակումները ցույց էին տալիս նախագահական նստավայրի բազմոցներին բազմած, նախագահականի լողավազան մտած ցուցարարներին, տեսանյութերում երևում էր, որ նրանք նաև կողոպտում են պահարանների պարունակությունը։ Ոստիկանությունն ու անվտանգության ուժերը չեն կարողացել կանգնեցնել տնտեսական սուր ճգնաժամի հետևանքով բորբոքված մարդկանց։ Վերջին օրերին հազարավոր մարդիկ կղզի-պետության տարբեր շրջաններից հավաքվել էին մայրաքաղաք Կոլոմբոյում՝ պահանջելով նախագահի և վարչապետի հրաժարականը։ Տնտեսական սուր ճգնաժամեր մեզանում՝ ինչքան ուզես, բայց պարզ է, չէ՞, որ մարդկանց փողոց հանելու համար դրդիչ գործոններ, ուժեր են պետք, որոնք ամեն րոպե կարող են ի հայտ գալ։ Մյուս կողմից էլ՝ անգամ այդ ուժերի հովանու ներքո գտնվելը երաշխիք չէ․ տնտեսական ճգնաժամի պատճառով մարդիկ կարող են փողոց դուրս գալ։

Այնպես որ, նաև այս երրորդ դեպքը պետք է ուսուցանող լիներ մեր վարչապետի եւ նրա քաղաքական թիմի համար։ Չէ՞ որ այս աշխարհում ոչինչ կայուն եւ անսասան չէ, մանավանդ պաշտոնը, դիրքը, հանրային վստահությունը, եւ չարաշահելով այդ երեքը կամ նրանց հետ վարվելով անփութորեն՝ յուրաքանչյուր ղեկավար կարող է մի օր հրաժարական տալ, զոհաբերել կյանքը։ Իսկ այն, որ այսօր շատերը «տարոսը մեր վարչապետին» մաղթանքներ են հղում, ցույց է տալիս, որ հատուցման օրը հեռու չէ։

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
16:15 Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերածել են հագուստի խանութի
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը