copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:10 09-07-2022

Ինչու է Աննա Հակոբյանի այցը Սյունիք հաջորդում Մոնակո նրա կատարած այցին և այնտեղ թուրք լոբբիստների հետ հանդիպումներին․ Նարինե Դիլբարյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Ինքնին Աննա Հակոբյանի այցը Սյունիք այդքան մտահոգիչ չէր լինի, եթե այն չհաջորդեր Մոնակո կատարած նրա այցին և այնտեղ նրա ունեցած հանդիպումներին»։ Այս մասին oragir.news-իր հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։

«Լինելով առաջին տիկին, լրագրող, որպես նաև ՀՀ քաղաքացի՝ նա կարող է նախաձեռնել ինչ-որ հանդիպումներ։ Այդ հանդիպումները չէին լինի անհանգստություն և մտահոգություն պատճառող, սակայն այն բանից հետո, երբ ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց, թե Մոնակոյում և դրա մերձակայքում Հակոբյանը ում հետ է հանդիպել, ես՝ որպես ՀՀ քաղաքացի և հանրային գործիչ, իրապես մտահոգվում եմ։

Խոսքը էթնիկ հայ, բայց թուրքական հայտնի լոբբիստների հետ Հակոբյանի հանդիպումների մասին է, որոնցից մեկը Սամսոն Օզարարատն է։ Ադրբեջանական մամուլում ներկայացված էր Օզարարատի գործունեությունը, նաև Լևոն Տեր-Պերոսյանի հետ հանդիպումները, իսկ Աննա Հակոբյանի գրասենյակից որևէ բացատրություն չհետևեց։ Քանի որ Սյունիք այցը տեղի ունեցավ այդ հույժ կասկածահար լոբբիստների հետ հանդիպումից հետո, քանի որ հստակ փորձագիտական և այլ աղբյուրներից հայտնի է, որ Հայասատան-Թուրքիա հարաբերությունների օրակարգում խիստ արդիական է Նախիջևանի ուղիղ միացումը Ադրբեջանին, ես հույժ անհանգստացած եմ, թե ինչու է նման հանդիպումներ ծրագրող Աննա Հակոբյանը գնացել Սյունիք՝ հանդիպումների, արդյո՞ք նա այնտեղ չի ստուգում իր պատկերացումները, որոնք տպավորվել են թուրքական լոբբիստների հետ հանդիպումներից հետո»։

Նա ընդգծեց, որ հիմա, երբ Հայաստանը չունի հակահետախուզություն, իսկ հետախուզություն մասին խոսք չկա, նման այցերը ավելի քան մտահոգիչ են, հատկապես, որ թուրք լոբբիստների հետ նման հանդիպումները ընդունված պրակտիկա չեն։

«Ընդ որում՝ Հակոբյանի առաջին այցի ընթացքում նշվում էր աշխատանքային այցի մասին, թեև նա կարծեմ գնում էր վարժարանի բացման, իսկ առաջին տիկինը չի կարող պաշտոնական կամ աշխատանքային այցեր կատարել։ Ո՛չ սահմանադրությունը, ո՛չ որևէ այլ օրենքով առաջին տիկինը չունի հստակ սահմանված լիազորություններ։ Նույն համապատկերում նշեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի տիկինը, ով նույնպես լրագրող էր, նույնպես քաղաքական գործընթացներին չէր միջամտում, չէր հանդիպում այլ երկրների լոբբիստների հետ և նման հավակնություններ չուներ։ Նույնը վերաբերում է երկրորդ և երրորդ նախագահների տիկիներին։ Այս հանդիպումներից հետո հարցեր են առաջանում, հատկապես, որ Արցախյան պատերազմի ժամանակ նրա դերակատարումը բազմաթիվ հարցականներ հարուցեց, բազմաթիվ չհետաքննված խնդիրներ մնացին»։

Դիլբարյանն ընդգծեց, որ այդ հանդիպումների մասին Աննա Հակոբյանի գրասենյակից որևէ արձագանք, որևէ մեկնաբանություն չեղավ, թե ինչու է Աննա Հակոբյանը հանդիպում նման լոբբիստների հետ։

«Ես հարց ունեմ՝ ինչու է Սյունիք կատարած այցը ոչ թե նախորդում, այլ հաջորդում Մոնակո կատարած այցին, ինչ օրակարգ են ունեցել այդ հանդիպումները, արդյոք Աննա Հակոբյանը ԱԱԾ-ի հետ իր հանդիպումները կամ այցերը համաձայնեցնում է»։