Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:30 05-07-2022

Քուանշ…

Այսօր մայր օրենքի՝ 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրության ընդունման օրն է: Տոն, որն արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ մեզ հետ է, ավելի ճիշտ՝ մեզ հորդորում են, որ մեզ հետ է… Իրավ որ, պետականաշինության դիտանկյունից մայր օրենքի ընդունման կարևորությունն անսակարկելի է: Հենց նրանում են ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները, պետության վերականգնման, հայրենիքի հզորացման ու բարգավաճման, սերունդների ազատության, ընդհանուր բարեկեցության ու քաղաքացիական համերաշխության հիմնավորումները: Մայր օրենքն է այն անկյունաքարը, որի վրա պիտի վեր հառներ նախնիների երազանք Հայաստանի Հանրապետությունը: Այդպես էլ եղավ, ու մայր օրենքը միս ու արյուն առավ: Ավելին, ընդունվելուց հետո երկու անգամ՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2020 թվականի հունիսի 22-ին ենթարկվեց փոփոխությունների:

Հնուց անտի Սահմանադրությունը դիտարկվում է ոչ միայն անկախ պետականության խորհրդանիշ ու հիմնական օրենք, այլև համաժողովրդական հանրաքվեով վավերացվող անկախ պետականության կայացման ու կառուցման նախագիծ, որին հետևելը պարտադիր է, որից շեղվելը հավասարազոր է հանցագործության։ Այն անկախ պետականության պահպանման և յուրաքանչյուր քաղաքացու ազատության, իրավունքների, ապահովության երաշխիքն է։ Բայց այդպե՞ս է իրականում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ի լուր աշխարհի «Սահմանադրական կարգի հիմունքները» գլխի առաջին իսկ հոդվածով ազդարարում է, իսկ երկրորդ հոդվածով էլ հաստատում, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, որ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Լինենք անկեղծ ու խոստովանենք, թե վերոբերյալ շարադրանքում ի՞նչն է համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետությունում իսկապե՞ս իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանություններն իսկապե՞ս ձևավորվում են ընտրությունների ու ազատ կամարտահայտման միջոցով: «Քուանշ»,-կասեին հայաստանաբնակներից շատերը՝ իրենց կասկածն ու անվստահությունն արտահայտելով թղթախաղի «Բլոտ» տեսակում կիրառվող հենց այս տերմինով: Ասվածը առկա իրողության հետ աղերսներ չունի: Հայաստանում իշխանությունները մշտապես ձևավորվել են անտես սլաքավարների միջոցով՝ հանրային «ջանքերի» կոորդինացման շնորհիվ: Իշխանությունը Հայաստանում երբևիցե չի պատկանել ժողովրդին: Բայց հինգից տասը հազար արժողությամբ «հիպնոտիկ» ներգործությունը ընտրազանգվածի վրա, ժխտելն անհնար է: Իշխանության ուզուրպացման մասին հայկական լրատվամիջոցները հսկայածավալ հրապարակումներ ունեն, որոնց ցանկության դեպքում կարելի է ծանոթանալ: Մայր օրենքի երրորդ՝ « Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները» հոդվածում ամրագրված «իրողությունները» այլ կերպ, քան խաբեություն չես անվանի: Հոդվածում սևով սպիտակի վրա գրված է՝ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»… Սա այլ կերպ քան ցինիզմ՝ չես անվանի: Հայաստանում մարդը ո՛չ եղել է, ո՛չ էլ տեսանելի ապագայում արժեք, այն էլ՝ բարձրագույն, չի եղել ու չի լինի: Մարդակենտրոն քաղաքականությունը ,որքան էլ դառը լինի ընդունելը, կամազուրկ ու օտարահպատակ իշխանություններից մղոններով հեռու է: Մարդիկ հեռանում են Հայաստանից՝ իրավական կամայականությունների, արժանապատվության ոտնահարման ու ցուցադրական ցինիզմի, ինչու չէ, նաև նրա դեմ անզոր Սահմանադրության հանդեպ խղճահարությունից դրդված: Հեռանում են՝ ասպարեզը թողնելով նրանց, ովքեր գիտեն ամեն ինչի գինը, բայց ոչ արժեքը, այդ թվում նաև՝ Մայր օրենքի…

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով