Այսօր Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր գումարել՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ: Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծերն էին, որի արդյունքների ամփոփմամբ և քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանը և Վահե Հակոբյանը
պաշտոնազրկվեցին։
Օրինակ՝ ԱԺ՝ Իշխան Սաղաթելյանին վերաբերող որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Իշխան Սաղաթելյանը այս տարվա հունվարի 17-ից մինչեւ հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է թվով 198 բացակա: ԱԺ խորհուրդը ձեւավորման պահից գումարել է թվով 25 նիստ, Իշխան Սաղաթելյանը ներկա է եղել միայն 7-ին: Այսպիսով նա չի կատարել իր անմիջական պարտականությունները:
ՔՊ-ի հիմնավորմամբ և տարբեր ներկայացուցիչների խոսքով, ովքեր տարբեր հարթակներում ջանք ու եռանդ չէին խնայում, հիշեցնում էին, որ Սաղաթելյանը ոչ միայն չի կատարել համերաշխության ապահովմանն ուղղված իր առաքելությունը, այլ նաեւ հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել հանրության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների: Մասնավորապես, հունիսի 3-ին Իշխան Սաղաթելյանի դրդմամբ երթի մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան: Հիմնավորման մեջ ներկայացված են նաեւ «Դիմադրության» շարժման բողոքի գործողությունների այլ դրվագներ ևս:
Իսկ ինչ վերաբերում է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին, ապա ԱԺ-ն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Այդ հանձնաժողովը գումարել է թվով 27 հերթական ու արտահերթ նիստեր: Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը, ինչպես այսօրվա արտահերթ ելույթում ներկայացրեց ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը, նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ, այնուհետեւ այդ նիստերի օրակարգերը եւ արձանագրությունները նախագահի կողմից չեն ստորագրվել: Հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը՝ անպատասխան:
Բանն այն է, որ ՔՊ-ականները միահամուռ շեշտում են, որ պաշտոնազրկման հիմքում անթիվ անհամար բացակայություններն են, այնինչ հենց ՔՊ-ում էլ կան պատգամավորներ, ովքեր հանձնաժողովի նիստերին հարկ չեն համարում ներկայանալ, իսկ ներկայանալու դեպքում էլ ոմանք ականջակալներով են կամ հեռախոսով։
Oragir.news-ը, հետևելով հանձնաժողովների նիստերին, առանձնացրեց, թե հանձնաժողովի քանի նիստ է տեղի ունեցել, և հատկապես որոնք իրենց մասնակիցների թվաքանակով աչքի չեն ընկել։
Եվ այսպես, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը արել է 10 նիստ, իսկ հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը 5 անգամ բացակայել է։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը 5 անգամ նիստ է արել, իսկ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը 4 անգամ բացակայել է։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 7 նիստ, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 9 նիստ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 3 նիստ, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 5 նիստ։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում իրավիճակը ամենաբարդն էր, քանի որ միայն 20 նիստ վատնել են ընդդիմադիր Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 25 նիստ, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 9 նիստ, որին միշտ պարտաճանաչ կերպով մասնակցել է միայն Խաչատուր Սուքիասյանը, իսկ, օրինակ, հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը բացակայել է երկու անգամ։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 նիստ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 27 նիստ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 17 նիստ։
Կան պատգամավորներ էլ, ովքեր բացարձակ ոչնչով աչքի չեն ընկել։ Օրինակ՝ Մաթևոս Ավետիսյանը ելույթ է ունեցել 0 անգամ։ Նրա անունը շրջանառվեց միայն Նիգավանի դեպքերի հետ կապված։ Ասլանյան Հակոբ՝ 0 ելույթ, Գրիգորյան Նարեկ՝ 0 ելույթ, Դանիելյան Դավիթ՝ 0 ելույթ, Թումասյան Միքայել՝ 0 ելույթ և այլք։
Մնում է միայն հասկանալ, թե ինչու են ՔՊ-ականները, չգալով նիստին, ունեում մանդատ, իսկ ընդդիմադիրները՝ ոչ։