Երևան +19°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:27 28-06-2022

Ինքնակործան ուղու վրա ենք

Հոգեբանները վաղուց են բացահայտել՝ որքան չնչին է անհատը, այնքան նա շատ իշխանություն է ուզում ունենալ` այլոց հաշվին ինքնահաստատվելու, ինքն իրեն մարդ զգալու համար։ Չորս տարի առաջ ստով, շանտաժով, խաբեությամբ, օրենքն ու սահմանադրությունը ոտնահարելով՝ թավշյա ուսապարկերը օտար ու թշնամի ուժերի խիստ շահագրգիռ աջակցությամբ զավթեցին ու յուրացրին ժողովրդի իշխանությունը։ Բռնակալման ընթացքում սրանք ոչնչացրին բանակը, պետական ու դատական համակարգերը, հասարակական կարգն ու բարոյական կանոնները։

Հիմա սրանք նույն այդ մեթոդներով ձեռնամուխ են եղել մեր քաղաքներն ու գյուղերը, անխտիր բոլոր համայնքները` տեղական ինքնակառավարման բոլոր մակարդակի մարմինները զավթելու, տարածքային կառավարման իշխանությունը յուրացնելու ծրագիրն իրագործելուն։ Սա չէր կարող չլինել, քանի որ սա բացարձակ իշխանություն, տոտալ բռնակալություն ունենալու թշնամական, օտարածին թավշյա պլանի անբաժան բաղկացուցիչներից հերթականն է։ Սա հայ ժողովրդի դեմ տոտալ պատերազմի շարունակությունն է, որը սկսվել է չորս տարի առաջ, բայց որը մենք դեռ լիովին չենք գիտակցել։ Մի քանի ձախողումից հետ «հաջողված» թավշյա հեղաշրջման «առաջնորդ» նշանակվելու համար օտար թշնամու վաղեմի գործակատարը շալակեց թավշյա ուսապարկերին, որպեսզի նաև նրանցով պաշտպանվի։

Իսկ հիմա ուսապարկերը չեն ուզում իջնել ռեժիմի վարչակալ նշանակված դրածոյի շալակից, որպեսզի պաշտպանված լինեն։ Ուսապարկերի ու վարչակալի միջև նաև հիմա ընդհատակյա կոշտ պատերազմ է, բայց այն դեռ խմբակային կամ տոտալ բնույթ չի ստացել, այլ դեռևս անձնական հակամարտությունների հարթությունում է։ Սա առայժմ, քանի որ նաև ուսապարկերն են իրար դեմ անողոք պայքարում` վարչակալի շալակին մնալու համար մյուսներին ցած գցելու միջոցով։ Չէ՞ որ, երբ գիշատիչը հետապնդում է իր ապագա զոհերին, զոհվել չուզող յուրաքանչյուրի գլխավոր խնդիրը մյուսներից առաջ ընկնելն է, որ գիշատիչի երախը չընկնի։ Ամեն ուսապարկ կառչած է վարչակալից ու չի ուզում պոկվել, իսկ վարչակալը կառչած է իր պաշտոնին և ուզում է ազատվել իր շալակին բեռ դարձած ու հարաճուն հավակնություններ ունեցող բազմաթիվ ուսապարկերից։

Խնդիրն այն է, որ անցած ավելի քան չորս տարվա մեջ շատ ու կուշտ ուտել, հանգիստ ու հարմար քնել և դրա դիմաց ոչինչ չանել պահանջող ուսապարկերի քանակը աճել է երկրաչափական պրոգրեսիայով, իսկ պաշտոնների քանակը թեև բազմապատկվել է, բայց ընդամենը՝ թվաբանական պրոգրեսիայով։ Այսինքն՝ հիմա ռեժիմի ներսում պաշտոնի կռիվ է։ Եվ որքան ուսապարկերն ավելանում են, այնքան պաշտոնների դեֆիցիտը խորանում է ու պաշտոնակռիվը ահագնանում է։ Ուսապարկերն ավելանում ու ավելանում են, քանի որ բոլորին, նույնիսկ հենց ուսապարկերին ատելի դարձած ռեժիմի դեմ պայքարելը վտանգավոր ու դժվար է թվում, իսկ վարչակալին հավատարմության երդում տալն ու ռեժիմի մաս դառնալը, հարմարվելը, թվում է, կուշտ ու ապահով կյանք են խոստանում։

Մինչդեռ սա միայն թվում է․ միֆ է, երազանք, պատրանք։ Եթե նման երազանքներով ապրողը նաև նայել ու տեսնել կարողանա, ուրեմն կհիշի, թե իրեն վարչակալ թողնելու համար դրածոն արդեն որքան ուսապարկեր է զոհել իր պատվիրատուներին և ինչպիսի հանգստությամբ ու հեշտությամբ է դա արել։ Ժամանակից առաջ անցնելով` արդեն կարելի է կանխատեսել, որ շատ շուտով հերթը հասնելու է նաև թավշյա ռեժիմի օլիգարխներին։

Բանն այն է, որ ինչպես ամեն հովիվ իր հոտն է պահում՝ իրեն մսով ու բրդով ապահովելու համար, նույն կերպ էլ դրածո վարչակալն է կռապաշտներ պահում` իր կարիքները բավարարելու ու ապահովված լինելու նպատակով։ Եվ ինչպես թավշյա կռապաշտները, հոտը ևս երբեք չի կարողանում մտածել ու հասնել նրան, որ հասկանա՝ իրենք հենց իրենց «պահող» հովվի ու իրենց «պահպանող» հովվաշների կերակուրն են։ Եվ ոչ ավելին։ Իշխանակալական մոլուցքից բթացած այս հոտին պետք է կանգնեցնել, իհարկե, բայց ոչ զոհաբերվող նոխազ դառնալուց նրանց փրկելու, այլ մեր երկիրը, մեր պետությունը սրանցից ազատելու համար։ Արդեն նույնիսկ գիտակցությանը հրաժեշտ տված, բթության մշուշում երջանիկ ապրող այս հոտին է անհրաժեշտ բացատրել ու հասկացնել, որ թավշյա ռեժիմի բնույթը ոչ միայն թշնամական, օտարածին ու կործանարար է, այլև այն ինքնին նաև ինքնակործան է։