Հնարամիտ իդալգո Դոն Քիշոտը հերոսաբար պայքարում էր հողմաղացի դեմ։ Սա հին մանիպուլյատիվ հնարք է՝ սպառնալիք հորինելն ու դրա դեմ պայքարելը։ Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հորինել է նահատակի դերի մասին կեղծ պատմույթ և դրա դեմ պայքարը հռչակել իր խնդիրը։
«Նույն խոսակցությունն ունենում եմ ամենատարբեր ղեկավարների հետ, որոնց ասածը հետևյալն է՝ գիտեք ինչ, այս աշխարհում ամեն մեկն իր դերն ունի, ձեր դերը նահատակն է, ժողովուրդ։ Ինչո՞ւ եք խառնվել իրար։ Երբ մենք ասում ենք՝ հա, հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, հասկանում ենք, որ շատ դեպքերում դուք եք մեզ օգնել, որ մենք նահատակվենք։ Բայց մենք էլ չե՛նք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ։ Ուզում ենք՝ ՀՀ-ում սովորական մարդը ապրի սովորական կյանքով՝ առավոտը վեր կենա, մի բաժակ սուրճ խմի, նորմալ տրանսպորտ լինի, գնա գործի, հետ գա տուն, տարին մի անգամ գնա ինչ-որ տեղ հանգստանալու, և իր դերը չլինի նահատակ ժողովրդի ներկայացուցիչ լինելը»,- Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախ՝ ո՞ր ղեկավարներն են ասել, թե մեր դերը նահատակն է։ Լավատեսները ենթադրում են, որ այդպիսի բան ոչ ոք չի ասել, Փաշինյանը հորինում է։ Իսկ եթե ինչ-որ մեկն, իրոք, այդպիսի բան է ասել նրան, ապա, հավանաբար, ծաղրանքով կամ հեգնանքով ակնարկել է, թե Փաշինյանը վարում է այնպիսի սխալ, աղետալի կուրս, որը կարող է հանգեցնել ժողովրդի մահվան։ Եվ եթե ժողովուրդը Փաշինյանի առաջնորդությամբ ուղիղ գնում է մեռնելու, ապա գոնե գաղափարի համար մեռնի՝ նահատակվի։ Այսինքն՝ ժողովրդին նահատակի դեր տվել է Փաշինյանը։
Ժողովուրդներին տարբեր դերեր, առաքելություններ վերագրելը նաև ռասայական մոտեցում է։ Օրինակ՝ նացիստները կարծում էին, թե գերմանացի ժողովուրդը գերիշխող դեր պիտի ունենա աշխարհում, իսկ հրեաներն ու մի շարք այլ ցածրակարգ ժողովուրդներ վերացման են արժանի։ Ժամանակակից աշխարհում ռասայական խտրանքը մերժելի է։ Գործում է ժողովուրդների հավասարության սկզբունքը, որի վրա խարսխված է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Միջազգային հռչակագրեր կան այս իրավունքի, սկզբունքի վերաբերյալ։
Այս առումով՝ սովորական ժողովրդի մասին Փաշինյանի մոտեցումը ժողովուրդների հավասարության սկզբունքի սիրողական, ապաքաղաքական բառերով ձևակերպում է։ Եթե բոլոր ժողովուրդները հավասար են, ապա բոլորին կարող ենք սովորական համարել։ Բավարար է մերժել ռասայական խտրականությունը և ընդունել ժողովուրդների հավասարության սկզբունքը, այդու՝ հայ ժողովուրդը կդառնա սովորական ժողովուրդ։ Հենց ժողովուրդների հավասարությունն է քաղաքակրթական, ընդհանուր արժեքների տարածման հիմքերից մեկը։ Սակայն հարկ է նկատել, որ ժողովուրդն ընդհանրություններից զատ՝ ունի նաև ուրույն ազգային իդեալ, որի իրականացման արդյունքում պետությունները տարբերվում են միմյանցից։ Եթե ժողովուրդը չունի ազգային իդեալ, ապա նա իրականացնում է մեկ ուրիշի ազգային իդեալը, այսինքն՝ վերածվում է գաղութի, կիսաանկախ երկրի։ Օրինակ՝ խորհրդային բռնզավթման տարիներին հայ ժողովուրդն իրականացնում էր զավթիչի իդեալը՝ սոցիալիզմ, կոմունիզմ էր կառուցում, նոր մարդ ձևավորում։
Նկատենք, որ սովորական և առաքելություն ունեցող ժողովրդների մասին բանավեճը ծագել է պետության արշալույսին՝ 1990-ականներին, երբ քաղաքական գործիչների մեծ մասը տարրական գիտելիքներ չուներ քաղաքականության մասին, պոպուլիզմի հաղթարշավ էր, ռևանշի էին ձգտում հակաքաղաքակրթական, ապապետական ուժերը։ Եվ այս թեման շահարկվում էր հողմաղացի պես։ Ու երբ 2025-ին Փաշինյանը խոսում է ժողովրդի դերի, առաքելության, սովորականի մասին, հիասթափություն է առաջացնում, թևաթափ անում։ Ողջամիտ, քաղաքականապես կրթված մարդկանց տասնամյակների ջանքերը, փաստորեն՝ իզուր են եղել, մարդիկ չեն սովորել, չեն հասկացել, նույն 90-ականների ապաքաղաքակրթական, ապաքաղաքական, սիրողական մոտեցումներն են ու հողմաղացների դեմ դոնքիշոտյան պայքարը։
Հիշեցնենք՝ 44-օրյայի ժամանակ ՔՊ առաջնորդները, ՀՀ ազգային դիրքորոշումն արտահայտելու փոխարեն, խոսում էին էքզիստենցիալ վտանգի մասին։ Սա ևս ուղիղ հիմք է տալիս պնդելու, որ հայ ժողովուրդը, պատկերավոր ասած՝ նահատակի դերի մեջ է մտել Փաշինյանի աղետալի կուրսի հետևանքով։ Ցավոք՝ հանրության մի մասը կասկածներ ունի, որ նա այդ սխալ ուղուց դուրս չի գալու։ Կասկածի հիմքերից է նաև այն, որ նա թարմացնում է «նահատակի» թեման, ենթադրաբար՝ փորձելով եղած և հնարավոր աղետների պատասխանատվությունը բարդել ժողովրդի, նրա աշխարհընկալման, սոցիալ վարքաբանության, աշխարհում ունեցած դերի վրա։
Թաթուլ Մկրտչյան