Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:19 17-06-2022

Եթե նիստերին չմասնակցելն է պատճառը, որ ընդդիմադիրներին մանդատից զրկեն, ապա իշխանական պատգամավորներն իրենց էլ պետք է զրկեն․ Էդգար Ղազարյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները խոսում են ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու մասին, պետք է հասկանալ, թե ինչ նպատակով կամ ինչ հիմքով են իրենք ուզում պատգամավորներին զրկել մանդատից, որովհետև այն նպատակը կամ պատճառը, որ իրենք ներկայացնում են, նույն գաղափարից ելնելով՝ կարելի է ասել, որ հենց իրենց՝ ՔՊ-ականներին ևս կարելի է զրկել պատգամավորական մանդատից»։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սահամանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դիտարկմանը, թե իրենք քննարկում են ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հավանականությունը։

«Իրենք դա բացատրում են նրանով, որ ԱԺ պատգամավորները չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին, բայց ԱԺ պատգամավորի պաշտոնը քաղաքական պաշտոն է և ռեգլամենտավորված չէ։ Այսինքն՝ սովորաբար մարդկանց աշխատանքը կարող է սկսվել 9-ին ու ավարտվել 18։00-ին, բայց ԱԺ պագտամավորի աշխատանքը ռեգլամենտավորված չի։ ԱԺ պատգամավորը կարող է աշխատել ոչ միայն պառլամենտում, այլ պառլամենտից դուրս, այսինքն՝ կարող է նա իր համար առավել կարևոր համարի ընտրողների հետ հանդիպումը, հարցերի քննարկումը, քան ԱԺ նիստերին ու քվեարկություններին մասնակցությունը։

Ընդ որում՝ քվեարկություններին չմասնակցելը, նիստերից դուրս գալը, բոյկոտելը քաղաքական ինստիտուտներ են, որոնք պատգամավորները կիրառում են»։

Նա ընդգծեց, որ երբ իշխանական պատգամավորները խոսում են այն մասին, որ ընդդիմադիրները նիստերին չեն մասնակցում, ապա լավ կլինի՝ հիշեն, որ իրենք նույնպես չեմ մասնակցում նիստերին։

«Օրինակ՝ այս տարի հունիսի 3-ին ԱԺ-ում հրավիրվել էր արտահերթ նիստ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մասնակցությամբ, այսինքն՝ 3 քաղաքական ուժերից 2-ի մասնակցությամբ հրավիրվել է ԱԺ նիստ, որին իշխանական խմբակցությունից մասնակցել է Ալեն Սիմոնյանը, այն էլ որպես ԱԺ նախագահ՝ նախագահողի պարտավորությունից ելնելով։ Եթե դուք այդ նիստին չեք մասնակցում, ուրեմն ձեզ էլ պետք է զրկեք մանդատներից, թե դուք մտածում եք, որ միայն դո՞ւք պետք է ԱԺ-ում օրակարգ որոշեք։

Բացի այդ՝ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը օրենսդրական նախաձեռնություններ է հեղինակել, մինչև այս գործընթացները և ԱԺ օրակարգը հաստատելուց ԱԺ իշխանական խմբակցությունը բոլորին դեմ քվեարկեց, բոլորին՝ անխտիր, ու թույլ չտվեցին, որ այդ նախագծերը ԱԺ-ում նույնիսկ քննարկվեն։

Ստացվում է, որ իշխանական խմբակցության պատկերացումներում ԱԺ-ն պետք է քննարկի միայն իրենց կողմից օրակարգ բերած հարցերը, իսկ եթե ընդդիմությունը նախաձեռնություն է ցուցաբերում, իրենք չեն մասնակցում։

Այդ դեպքում, եթե չմասնակցելն է պատճառը, որ մանդատից զրկեն ընդդիմադիրներին, ուրեմն իրենց էլ պետք է մանդատից զրկեն, որովհետև 2 անգամ ընդդիմությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ շատ կարևոր հարցերի վերաբերյալ, բայց իշխանական խմբակցության ոչ մի պատգամավոր խորհրդարանական լսումներին չի մասնակցել։ Հարց է առաջանում՝ ինչու չեք մասնակցում, որովհետև նախաձեռնությունն ընդդիմությա՞նն է, եթե այդ տրամաբանությունն է գործում, որ դուք պիտի ընդդիմության նախաձեռնություններին չմասնակցեք, ապա իրենք էլ չեն մասնակցում ձեր նախաձեռնած նիստերին։ Հետևաբար, եթե այդ սկզբունքով եք զրկում մանդատից, ապա ձեզ էլ պետք է զրկեք մանդատից։

Սա նշանակում է, որ դուք օգտվում եք գլխաքանակի առատությունից ԱԺ-ում։ Իսկ եթե ուզում եք իմանալ, մենք այսօր պառլամենտ չունենք ու այդ պառլամենտը վաղուց չունենք»։

Ամենից շատ դիտված