copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 16:14 17-06-2022

Չագուչն էլ է իրենց ձեռքը, մեխն էլ․ սահմանադրագետը՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասին

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել է ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը: Մանդատներից զրկելու առաջարկը միանշանակ չի ընդունվել։ Ասել են՝ միջազգային կառույցների կողմից դա լավ չի ընկալվի, սակայն մեծամասնությունը կողմ է եղել պաշտոններից զրկելուն․ խոսքը հանձնաժողովների նախագահների ու ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին է: Այս ամենի սահմանադրականության շուրջ oragir.news-ը զրուցեց սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ։

Պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե ԱԺ մեծամասնությունը պատրաստվում է պաշտոնից զրկել Աժ ընդդիմադիր հանձնաժողովի նախագահներին և փոխոսնակին, Այվազյանն ասաց. «Իսկ ի՞նչ հիմքով են զրկում, ասե՞լ են՝ ինչ հիմքով են զրկում։ Լավ, աշխատանքի չեն գնում, իսկ ընդդիմադիր պատգամավորները աշխատանքի գնո՞ւմ են։ Ընդդիմադիրները չեն գնում, բա ինչի՞ են այդ երկուսին զրկում։ Դա հիմարություն է։ Այս պահին ընդդիմադիր պատգամավորներն անում են աշխատանք, որը իրականում շատ ավելի ծանր աշխատանք է, քան ԱԺ պատերի ներսում։ Երկրորդն էլ, մենք կարող ենք իշխանավոր պատգամավորներին հակադարձել հետևյալ կերպ․ երբ որ ընդդիմադիր պատգամավորները քանի անգամ նախաձեռնեցին արտահերթ նիստ, իշխանավորները չներկայացան և դրանով տապալեցին արտահերթ նիստը, մինչդեռ դա տարրական առաջին դասարանի մակարդակով տրամաբանական հասկացություն է, որ նիստը բոյկոտելու իրավունքը բացառապես խորհրդարանական փոքրամասնությանն է պատկանում, այսինքն՝ ընդդիմությանը, իսկ մեծամասնության կողմից նիստի բոյկոտումը աբսուրդ է։

Պարտադիր չէ, որ Սահմանադրությունը ամրագրեր ամեն մի մանրուք և առաջնորդվեր խելագարության կանխավարկածով, որ ասեր՝ իշխանավորները իրավունք չունեն ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը բոյկոտել։ Այնպես չէ, որ սա միայն Փաշինյանի իշխանության ժամանակ է եղել, նախորդ իշխանություններն էլ էլի նույն կերպ խախտում էին այդ դրույթը, երբ որ փոքրամասնությունը արտահերթ նիստ էր նախաձեռնում, էլի բոյկոտում էին, տապալվում էր։ Նույն հանրապետականները, որ այսօր դժգոհում են այսօրվա իշխանավորներից, նույն կերպ իրենք էին բոյկոտում, այսինքն՝ ինչ ցանել էին, այն էլ հնձում են հիմա։

Ուղղակի Սահմանադրության տրամաբանությունից բխում է, որ նիստը բոյկոտելու իրավունքը, դա բացառիկ իրավունք է, որ պատկանում է ընդդիմությանը և փոքրամասնությանը։ Մեծամասնություն և նիստի բոյկոտ․ դրանք անհեթեթություններ են։ Բոյկոտը բողոքի նշան է, դու եթե իշխանություն ես, ինչպե՞ս ես ինքդ քո դեմ բողոքում»,- ասաց Այվազյանը։

Այվազյանը նաև ասաց, որ առաջնորդվելով այդ տրամաբանությամբ՝ պետք է մեծամասնությանը զրկեն մանդատներից. «Այս տրամաբանությամբ թող մեծամասնությանը մանդատներից զրկեն, որ իրենց սահմանադրական պարտականությունը չեն կատարում, իսկ սա՝ արտախորհրդարանական պայքարը, նույնպես պատգամավորական աշխատանք է և շատ ավելի ծանր, քան խորհրդարանի պատերի ներսում։ Եթե նման գործընթաց սկսվի, դա միանշանակ հակասահմանադրական քայլ կարող է համարվել և իշխանության կողմից իրենց լիազորությունների չարաշահում»,- հավելեց Այվազյանը։

Իսկ մեր այն հարցին, թե գործնականում նման բան հնարավո՞ր է, սահմանադրագետը պատասխանեց. «Եթե գործնականում հնարավոր է՝ իրենք իրենց աստղաբաշխական հավելավճար տան, դա նշանակում է՝ չագուչն էլ է իրենց ձեռքը, մեխն էլ։ Նրանք մեծամասնություն են և ցանկացած անհեթեթություն կարող են ընդունել՝ և՛ մանդատից զրկել, և՛ աշխատավարձից զրկել, բազմապատկման աղյուսակն էլ փոխել, եթե նման ցանկություն ունեն»։

Հարցին, թե այդ ամենին դիմակայելու համար ինչ կարող են անել ընդդիմադիր պատգամավոերները, Այվազյանը պատասխանեց. «Քաղաքակիրթ աշխարհում այդ ամեն ինչի դեմ պայքարում են հանրահավաքներ կազմակերպելով, որը մեզ մոտ արդյունավետ չեղավ։ Միջազգային կառույցներով ահազանգելն է, իսկ այսօր միջազգային կառույցները ամենադեմագոգ, մարդու իրավունքներին ամենադեմ գործող կառույցն է, հատկապես եվրոպական կառույցները՝ րոպեական իրավիճակային շահի հետևից վազող։ Ըստ էության՝ մենք մտնում ենք արատավոր փակ շղթայի մեջ, որ չգիտենք՝ ինչ պետք է անենք։ Ինչքան էլ կոպիտ քայլերի դիմեն, սահմանադրական կարգավորումների այդ տրամաբանությունից դուրս է լինելու։ Ըստ էության՝ ժողովուրդը ունի դժգոհելու իրավունք, իսկ դժգոհելու իրավունքի դրսևորման կառուցակարգեր Սահմանադրությունը չի նախատեսում, թե ժողովուրդը իր դժգոհությունն ու ցասումը ինչպես կարող է իրականացնել»։

Ամենից շատ դիտված