copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:58 13-06-2022

Ինչ պետք է ասի շարժման իշխանը․ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` քաղաքական ճգնաժամի խորացմա՞ն, թե՞ հաղթահարման ազդակ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիշարժան դարձրեց մեր weekend-ը։ «Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին»,- հայտարարեց Անդրանիկ Մարգարյանի տարեդարձի առթիվ Պանթեոն այցելած երրորդ նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք համաժողովրդական շարժումը կունենա ցանկալի արդյունքներ։

Այս հայտարարությունը շարքային խոսք չէ, այն հավելյալ մեկնաբանման եւ պարզաբանման կարիք ունի՝ հեռուն գնացող եզրահանգումներ չանելու համար։ Նախ, առաջին․ ի՞նչ է նշանակում «ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը»․ չէ՞ որ շարժման մեկնարկից ի վեր՝ բոլորը կուրծք էին ծեծում, թե սա ապակենտրոն է, առաջնորդ, լիդեր չկա, մի՞թե իրավիճակ է փոխվել, եւ Իշխանն արդեն շարժման իշխանն է։ Երկրորդ, գուցե նման հայտարարության պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը զգո՞ւմ է շարժման մահը եւ փորձում է այն «գցել» ՀՅԴ-ի, ասել է թե՝ նախկին նախագահ, իր ոխերիմ բարեկամ Ռոբերտ Քոչարյանի գրպանը։ Սա եւս հավանական տարբերակ է։

Համենայն դեպս եկեք արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը երբեք հենց այնպես ոչինչ չի հայտարարում, եթե նույնիսկ նման դեպք լինում է, թիմակիցները արագ սկսում են մեկնաբանել, սրբագրել, իսկ այդ հայտարարությունից հետո տարօրինակ լռություն է տիրում։ Ամեն դեպքում, եթե անգամ այս հայտարարությամբ Սարգսյանը փորձում է հերթական անգամ շախմատ խաղալ եւ տապալումը բարդել մյուս ուժերի վրա, սա, մեղմ ասած, անընդունելի է։ 40 օր շարունակ նրա քաղաքական ուժը պայքարում էր, թող այնպես անեին՝ հաջողեր, չհաջողեց՝ կարելի է լռել, ոչ թե կռվել եւ էլ ավելի հիասթափեցնել քաղաքացիներին, այն բոլոր Լաո-ներին, որոնք զարթնել եւ հավատացել էին պայքարի հաղթանակին։

Կա նաեւ երրորդ տարբերակը, որը գուցե դավադրությունների ժանրից հնչի, բայց բացառել չենք կարող։ Սարգսյանի այս հայտարարությանը չեն անդրադարձել առաջնորդ Իշխան Սաղաթելյանի թիմակիցները, այսինքն՝ մենք չենք հասկանում՝ ինչպիսի ընկալում կա այս մասով ՀՅԴ-ի դաշտում, վերջիվերջո, այդ ի՞նչ են պատրաստվում հայտարարել հունիսի 14-ի հանրահավաքին։ Այս տարօրինակ լռությունը հեռուն գնացող եզրակացություններ է հուշում՝ շարժման «չառաջնորդները» չգիտեն ինչպես կազմակերպել եւ ազդարարել պայքարի մահը, փորձում են նոր «դրամա» բեմադրել՝ միմյանց մեղադրելով բաժանվել եւ վերջ դնել «քաղաքական ճգնաժամին»։

Ի դեպ, ճգնաժամի մասին․ այս հարցում եւս ընդդիմությունը միասնական չէ, ուր մնաց՝ լիդերի, գործունեության, ծրագրային հարցերում։ Իշխան Սաղաթելյանը հունիսի 10-ին Ֆրանսիայի հրապարակում իր ասուլիսի 19-րդ րոպեում ուշագրավ հայտարարություն արեց, որը վրիպեց շատերի աչքից․ «Իմիջայլոց, ես չեմ ասում, որ Հայաստանում 100 տոկոս քաղաքական ճգնաժամ կա, բայց քաղաքական ճգնաժամի դրսեւորումները ակնհայտ են, դա որեւէ կերպ կոծկել հնարավոր չի»։ Նկատենք, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չլինելու մասին օրուգիշեր հայտարարում են իշխանական գործիչները, պաշտոնյաները։ Փոխարենը նույն ընդդիմության ճամբարից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերջին օրերին իր բոլոր ելույթները սկսում եւ ավարտում է քաղաքական ճգնաժամի առկայության մասին մեսիջով։ Հարց է առաջանում՝ հիմա Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա՞, թե՞ չկա, եթե ընդդիմության «առաջնորդը» կարծում է, որ չկա, ապա ինչո՞ւ են շարունակում հանրահավաքներ անել, ի՞նչ խնդիր են լուծում դրանով։ Վերջին հաշվով՝ եթե Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, ապա ի՞նչ էին անում ընդդիմադիրները 40 օր շարունակ, ո՞րն է այս շարժման հաջողությունը, եթե անգամ չկարողացան քաղաքական ճգնաժամ ստեղծել։

Հունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում քնած եւ արթուն լաոները ակնկալում են լսել Իշխան Սաղաթելյանի ելույթը առ այն, թե արդյոք համաժողովրդական շարժումը կունենա ցանկալի արդյունք, որն է այն, երբ կլինի։ Գուցե այդ արդյունքը Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է կամ գոնե ճգնաժամի ստեղծումը, գուցե Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմության առաջնորդ «թագադրվելը»․․․

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել  

Ձեզ գուցե հետաքրքրի