Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Նիկոլ Փաշինյանի մեծ երկրպագու Թաթուլ Ասիլյանի գրառումներն ու տեսանյութերը՝ ձոնված Փաշինյանի ծննդյան օրվան։
Նշենք, որ Թաթուլը վերջերս Հոռոմի խաչմերուկում ընդդիմադիրների դեմ ակցիա էր կազմակերպել ու բախում հրահել։ Նրա գրառումներին օգտատերերի մի մասը ծաղրանքով է վերաբերում։
Թաթուլ Ասիլյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մեզ հետ զրույցում ասաց, որ գրառումներով ոգեւորում է մարդկանց․ «Նաեւ ոգեւորվում եմ ես, որ ունեմ նման առաջնորդ, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Ինքն այնպիսի կերպար է, որ կարող է որոշ մարդկանց համար կուռք հանդիսանալ»։
Հարցին, թե Փաշինյանն իր համար կո՞ւռք է, ասաց՝ կարելի է ասել՝ այո՛։ Նա Փաշինյանի այլ երկրպագուների հետ երեկ մեծ շուքով նշել է վարչապետի ծննդյան տարեդարձը։ Ասում է՝ խնջույքի ծախսերն իրենք իրենց գումարով է արել, երբեք ՔՊ-ից գումար չեն ստացել․ «Մենք կուսակցությունից ինչ-որ բաներ չենք խնդրում, մենք ակնկալիքներ չունենք։ Այդտեղ ինչ ուրախություն, ինչ եղել է, ֆինանսական բոլոր միջոցները մեր անձնական գրպանից են եղել»։
Թաթուլը կարծում է, որ Փաշինյանը իր գրառումներից տեղյակ է, թեպետ նշում է, որ ինքն այդ նպատակով գրառումներ չի կատարում․ «Մենք ունենք ԱԱԾ, որը պարտադիր զեկուցում է ամեն ինչ, ինձ թվում է՝ դա նորմալ երեւույթ է»։
Ավելացրեց, որ ստացել է այլ օգտատերերի կողմից վիրավորանքներ եւ սպառնալիքներ է ստացել, որոնց որոշել է ուշադրություն չդարձնել։