Գլխավոր դատախազությունը ապրիլիի 27-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի եւ նրա հետ փոխկապակցված 3 անձի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, որը դատարանն ընդունել է վարույթ։ Դատախազությունը միջնորդել է հօգուտ ՀՀ-ի նրանցից բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ։ 477.473.907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600.762.179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։
Սեյրան Օհանյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը, Oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե իրենք դեռեւս նյութերի ուսումնասիրության վերաբերյալ ինչպիսի դիրքորոշում են հայտնել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ, ասաց․ «Վարույթն անհիմն է, առանձնատան հետ պարոն Օհանյանը որեւէ կապ չունի, դա այլ անձի, ընդ որում՝ օտարերկրյա քաղաքացու է պատկանում, անհիմն հարստացման դեպք առկա չէ։ Դատախազությունն ու իրավապահ մարմինները մարդկանց մոլորության մեջ են գցում, պարոն Օհանյանը իր ընտանիքի հետ մի քանի տարի է՝ բնակվում է Վահագնի թաղամասի մեկ այլ տանը, որը պատկանում է իր մտերիմին։ Այն առնաձնատունը, որի նկարները տարածում են, նրանք այնտեղ ո՛չ բնակվում են, ո՛չ էլ կապ ունի իրենց հետ»։
Դիտարկմանը, թե ստացվում է, որ Սեյրան Օհանյանը սեփական տուն չունի՞, փաստաբանն ասաց՝ այո։