«Մասնակցում եմ ցույցերին, բայց կարելի է ավելի ռադիկալ գործողություններ իրականացնել ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում միառժամանակ»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
Վերջինիս խոսքով` ռադիկալ գործողություններն իրենց մեջ ներառում են մի քանի քայլեր. «Պետք է Նիկոլի տեղաշարժը սահմանափակել, թույլ չտալ, որ նա կարողանա դուրս գալ Կոնդի ամառանոցից, ամեն ինչ անել, որ այդ ամառանոցից նրան տեղափոխեն ՔԿՀ։ Դա պետք է լինի ռադիկալ գործողությունները»։
Քաղաքական գործիչը նշեց, որ այժմ պետք է հայտարարվի ժամանակավոր կառավարության կազմը. «Դրանք պետք է զուգահեռ տեղի ունենան։ Այնուամենայնիվ, այն մարդիկ, ովքեր հստակ դիրքորոշում չունեն կամ ավելի պասիվ են իրենց գործողությունների մեջ, հարց են բարձրացնում ժամանակավոր կառավարության կազմի, ժամկետների վերաբերյալ։ Ես գործողություն առաջարկեցի` մեկուսացնել, սահմանափակել տեղաշարժը, բայց դրանից հետո պետք է առաջադրվի վարչապետի թեկնածու, որը պետք է ընտրվի խորհրդարանի կողմից եւ լինի ժամանակավոր։ Ես համոզված եմ, որ այդ ՔՊ֊ականներից կլինեն մարդիկ, ովքեր կողմ կքվեարկեն ժամանակավոր կառավարությանը, եւ հետեւաբար այդ քայլերը պետք է հայտարագրվեն»։
Նա նաեւ նշեց, որ հեշտ չէ ազատվել բռնապետից, եւ այս շարժումը նա միայն իշխանափոխություն չի դիտարկում, այլ նաեւ աշխարհաքաղաքական փոփոխությունների տիրույթում գործընթաց։