Ներքին 4 տարի առաջ - 19:36 23-05-2022

ԿԳՄՍ փոխնախարարները Վալերի Ֆրելանդի հետ քննարկել են հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության խնդիրը

ՀՀ կրթության, գիտու­թյան, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը մայիսի 23-ին հանդիպել են Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտ­պանության միջազգային դաշինքի (ALIPH - International alliance for the protection of heritage in conflict areas) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդի և դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրիզվերեայի հետ:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հան­դիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգաց­ման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցութ­յան բաժնի պետ Վարդուհի Սահակյանը:

Հանդիպման ընթացքում փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը կարևորել են համագործակցությունը Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ և համապատասխան ծրագրեր ներկայացնելու պատրաստակամություն հայտնել՝ հետագա գործակցության իրականացման նպատակով:

Վալերի Ֆրելանդն իր հերթին ներկայացրել է դաշինքի գործունեությունը՝ ընդգծելով, որ այն հիմնադրվել է 2017 թ. Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությամբ՝ միտված կոնֆլիկտային և հակամարտային ու հետհակամարտային տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանութ­յանը։ Նրա խոսքով՝ դաշինքը ֆինանսավորում են ութ երկրներ (Ֆրանսիա, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Լյուքսեմբուրգ, Չինաստան, Մարոկկո, Մոնակո) և չորս մասնավոր դոնորներ։

Նշվել է, որ հիմնադրումից ի վեր դաշինքը գործունեություն է իրականացրել շուրջ 30 երկրում՝ ֆինանսական և գիտական օժանդակություն ցուցաբերելով տարբեր հուշարձանների, թանգարանների ու դրանց հավաքածուների, ձեռագրերի ու արխիվների և ոչ նյութական ժառանգության պաշտպանության և վերա­կանգնման համար:

Վալերի Ֆրելանդի խոսքով՝ Արցախում մշակութային հուշարձանների վերանորոգման ծրագրերում դաշինքը դիտարկում է ֆրանսիական «Œuvre d’Orient» ՀԿ-ն (քրիստոնեական հուշարձանների վերանորոգմամբ զբաղվող հասարակական կազմակերպություն) ներգրավելու հնարավորությունը։

Վալերի Ֆրելանդը փաստել է՝ Հայաստանում դաշինքը նպատակ ունի իրագործել հետևյալ ծրագրերը՝ Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի (Institut national du patrimoine) օժանդակությամբ ու հայ և ֆրանսիացի մասնագետների հետ Սյունիքի մարզում 17-18 դդ. Անապատ վանքի վերանորոգում և Հայաստանում հայկական պատմամշակութային հաստատություննե­րի պահպանման, ամրապնդման և թվայնացման աշխատանքների իրակա­նա­ցում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ