Երևան +19°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:13 23-05-2022

Բա մեզ Նիկոլը պե՞տք է

Օրերս պատահաբար իմացա, որ Նիկոլին «պրիմե մինիստեր» ներկայացնող կայքէջ կա, որ սպասարկում է ազգադավ դավաճանի ճմահաճույքները ու կատարում նրա անխտիր բոլոր ստորագույն ցանկությունները։ Ամենևին էլ չզարմացա, քանի որ կռապաշտներին, խելագարներին, մտավոր հետամնացներին, սադրիչներին, հմուտ խաբեբաներին, անհեռատես ստախոսներին՝ նմաններին երբեք իշխանությունը այնպես առատաձեռն չի վճարել, այնպես սիրասուն չի պաշտպանել ու փայփայել, ինչպես դա անում է Նիկոլը։ Մինչդեռ անկեղծ ու խորապես զարմացա, երբ այդ նույն էջում կարդացի, թե «Փաշինյանի հետ է ամբողջ հայ ազգի գիտակից հատվածը»։ Ակամա մտորումների մեջ ընկա. մի՞թե դրանք հիմա էլ գիտակցության, մտքի, խելքի բացակայությունն են համարում գիտակից լինելու նշան, մի՞թե իրոք չեն կարողացել հասկանալ, որ իրենց նման «գիտակից» է հայ ազգի խիստ սահմանափակ, չնչին, աննշան «հատվածը», որը երբեք մեծամասնություն չի եղել ու չէ։ Մի՞թե այս չնչին փոքրամասնությունը դեռ չի զգում, որ իրեն հայ զգացող մարդը չի ուզում լսել Նիկոլի ձայնը, չի կարողանում առանց զզվանքի նայել նրա պատկերին, խորշում է այն փաստից, որ Հայաստանը նման համբակի միջոցով է ներկայանում աշխարհին։ Իրականում Հայաստանում այսօր իշխող թավշյա նիկոլական ռեժիմը հայ ժողովրդին ընդդիմադիր է։ Եվ այն գործում է ազգին ու երկրին ընդդեմ։ Այդպես լինում է, երբ ժողովրդի իշխանությունը բռնազավթվում է։

Չորս տարի առաջ, այո՛, հայ ազգին խաբեցին ու բռնությամբ, ստով, նենգությամբ, օտար ու լուսանցքային սցենարն ի վերջո իրագործելով` զավթեցին ժողովրդի իշխանությունը։ Հիմա իշխանության ղեկին է հայ ազգի դարավոր թշնամի թուրքի դրածո Նիկոլը, ու նա ամեն ինչ անում է ընդդեմ, թշնամաբար։ Նա թշնամաբար է կառավարում մեր ժողովրդին ու մեր պետությունը։ Նա այլ կերպ չի էլ կարող իշխանավարել։ Նրան դրա համար են ծնել, սնել ու նշանակել։ Նա շարունակելու է հլու ու հնազանդ թուրքի հետ, ոչ միայն թուրք պատվիրատուների աչալուրջ վերահսկողության ներքո թրքական ծրագիրն իրագործել, քանի դեռ հայ ժողովուրդը նրան թույլ է տալիս իր անունից կառավարել, քանի դեռ հայ ժողովուրդը նրանից հետ չի վերցնում իրենից խլված իշխանությունը։

Եթե այսօր դեռ թափ հավաքող, ահագնացող շարժման, ընթացող պայքարի, անհնազանդության նպատակը Հայաստանը թրքական վիլայեթի վերածելու իշխանական և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականությունը մերժելն է, հայությանը թրքական ապագա պարտադրելու իշխանական ծրագրերը խափանելն է, ուրեմն ընդդիմությունը իրավունք չունի հայակործան հրեշի դեմ պայքարել մեկ ձեռքով, ընդմիջումներով, զգուշավորությամբ։ Ազգին հայեցի ապագա ունենալու հույս տվող, հայոց պետականությունը կործանումից փրկելու և հայկական երկու պետությունների ինքնիշխանությունը վերականգնելու խոստում տված ընդդիմությունը իրավունք չունի իր արած ամեն քայլից հետո ստուգել արտաքին աշխարհի գնահատականը, իր ամեն անելիք քայլը դիտարկել ու արժևորել արտաքին աշխարհի սահմանած չափորոշիչներով։

Փոխարենը պետք է, անհրաժեշտ է հիշել, որ Իլհամի ու Էրդողանի միջոցով Նիկոլին թելադրվող ամեն ինչ գրվել ու մշակվել է այդ նույն արտաքին աշխարհի կենտրոններից առնվազն մեկում` Մեծ Բրիտանիայում։ Նույն կերպ պետք է հիշել, որ հիմա հայը պայքարում է իր ինքնությունը, մշակույթը, հավատը, արժեհամակարգը, արժանապատվությունը պահպանելու համար։ Իսկ այս ամենը վաղուց ուղղակի չկա արտաքին աշխարհի շահերի ու հետաքրքրությունների ծիրում։ Ակնբախ է չէ՞․ որքան Նիկոլը թրքանում, որքան առավել արտառոց հայատյաց արարքներ է ձեռնարկում, որքան դաժան ու օրինազանց է պայքարում ժողովրդի դեմ, այնքան սիրասուն ու հարազատ է դառնում արևմուտքին, այնքան ավելանում է նրան առաքվող աջակցությունը, նրան այնքան ժողովրդավար են համարում։ Այո՛, ամեն քայլ պետք է ընդդիմությունը կշռադատի, պատասխանատվորեն ու մտածված գործի։

Եվ ընդհանրապես, պետք է մտածի ու հստակ որոշի՝ մեզ` հայ ժողովրդին, պե՞տք է այսպիսի իշխանություն, որի միակ գործառույթը ժողովրդի վճարած հարկերից գոյացող պետական բյուջեի հաշվին ցոփ ու շվայտ, թիկնազորով ու ոստիկաններով շրջապատված ապրելն է։ Մեզ պե՞տք է անգետ ու անտեղյակ վարչապետ, որը, ինչպես օրերս Նիկոլի անձնական ՄԻՊ-ը հաստատեց, տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում՝ իր թիկնազորի ու ոստիկանների շրջանակից այն կողմ։ Մեր ինչի՞ն է պետք վարձկաններով ժողովրդից պաշտպանվող, վախկոտ ու ստախոս երկրի ղեկավարը։ Եվ ընդհանրապես, պետությանը ու ժողովրդին պե՞տք է տոտալիտար դիկտատոր, որի միակ անելիքը մնում է երկրի տարածքների, շահերի ու հարստության, ազգի ապագայի մանրածախ ու մեծածախ վաճառքը։ Ո՞ւմ է պետք այդպիսին։ Կա՛ն այդպիսիք։ Այո՛, կա՛ն ոմանք, որոնց նա, իրոք, պետք է։ Եվ այդ ոմանք մեր երկրի ու ազգի հետ ոչ մի ընդհանրություն չունեն։ Այդ ոմանք կարողացել են մեր պետության ու ժողովրդի ճակատագիրը, ապագան որոշող նշանակել իրենց խամաճիկին ու հիմա շարունակում են ղեկավարել նրան։