copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:18 11-05-2022

Գյուղացին դրանից վատ չի զգում, ավելի է սիրում իրեն այդ վիճակին դնողներին

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է գյուղատնտեսության վերաբերյալ մի տեղեկագիր, որը, պայմանավորված թերևս քաղաքական զարգացումներով, դուրս է մնացել մասնագետների ուշադրությունից։ Մինչդեռ դրանում շատ հստակ արտացոլված է Հայաստանի այսօրվա գյուղատնտեսության, հատկապես պարենային անվտանգության և ոլոտի կառավարման մակարդակի իրական պատկերը։ Այն է՝ այս երկրում գյուղացին դեռ բահ ու քլունգով արտադրում է լուրջ քանակությամբ գյուղմթերք, որի զգալի մասը, սակայն, բառիս բուն իմաստով, թափվում է։

Բացարձակապես չքաղաքականացնելով նյութը` այս վիճակագրությունը, որում բազմաթիվ վիճելի պահեր կան, զարմանալի տրամաբանական հետևանքների է հանգեցնում․ բոլոր այն շրջաններում, որտեղ արտադրանքի կորուստներն ավելի շատ են, իրացման առումով իրավիճակն ավելի վատ է. արտադրում ու պարզապես բերքի մի մասը թողնում են դաշտում, բոլոր այդ հատվածներում վերջին տարիների ընտրություններում գործող իշխանությունները ավելի շատ ձայներ են հավաքել` Արարատ, Արմավիր։ Հետևաբար այս առումով հոգեբանները լուրջ ուսումնասիրություններ կարող են անել։ Ինչևէ։

Տեղեկագիրը ներկայացնում է 2021թ․-ին գյուղատնտեսական արտադրանքի օգտագործման և իրացման պատկերը գյուղացիական տնտեսությունների կողմից, արտադրված գյուղմթերքի ապրանքայնության, վաճառքի ենթակա լինելու մակարդակը, որը արտադրության հիմնական նպատակներից է։ Համաձայն պաշտոնական տվյալների` մեզանում գյուղմթերքի առումով սարսափելի ցածր ապրանքայնության մակադակ է, ու այդ պայմաններում վերջին տարիներին սրա ցուցանիշները կայունորեն անկում են։ Կարտոֆիլը, որ 2021թ․-ին խիստ պահանջարկված էր և թանկ, ապրանքայնության մակարդակով 2020թ․-ի համեմատությամբ 3․6%-ով անկում է գրացել։ Եթե 2020թ․-ին հանրապետությունում արտադրված 436 հազար տոննա կարտոֆիլի 47․4%-ն (206-207 հազար տոննան) էր ապրանք՝ ենթակա վաճառքի, ապա 2021թ․-ին՝ արտադրված 357 հազար տոննայի 43․8%-ը կամ 156-157 հազար տոննան։ Շատ ավելի վատ պատկեր է մյուս մշակաբույսերի դեպքում։ Փաստացի Հայաստանում արտադրված ցանկացած գյուղմթերքի անգամ կեսը ապրանք չէ։ Իսկ այդպես է, որովհետև հանրապետությունում վերացվեց մասնագիտական խորհրդատվություն ինստիտուտը, վերացվեց նախարարությունը, չկա մասնագիտական խորհրդատվություն, և ով ինչպես կարողանում, ինչպես հասկանում, այնպես էլ մշակում է։ Արդյունքն էլ սա է, ապրանքայնության մինչև 20%-ոց մակարդակ այն դեպքում, երբ փոքրիշատե զարգացած երկրներում այդ ցուցանիշն անցնում է 90%-ից։

Տեղեկագիրը ներկայացնում է, թե ինչպես է օգտագործվել հանրապետությունում արտադրված բերքը․ վաճառվել է, տրվել է փոխանակության, տրվել է ծառայությունների դիմաց, օգտագործվել է տնտեսությունում, «մնացել» է տնտեսությունում։
«Տարօրինակ» է, բայց 2021թ․-ին հանրապետությունում արտադրված 357 հազար տոննա կարտոֆիլից վաճառվել է ընդամենը 38%-ը կամ 147 հազար տոննան։ Մոտ 5%-ը տրվել է ապրանքափոխանակության, 1%-ը՝ ծառայությունների դիմաց, 25․5%-ը կամ ավելի քան 95 հազար տոննան օգտագործվել է տնտեսությունում։ Վերջինն անհավանական մեծ թիվ է։ Մեկ հա-ից 25 կամ 30 տոննա բերք ստացող գյուղացին 6-8 տոննա կարտոֆիլ չի կարող օգտագործել տնտեսությունում։ Լավագույն դեպքում 3․5-4 տոննան օգտագործի որպես սերմացու, 600-700կգ-ն էլ սննդի մեջ՝ որպես պարեն։ 2․5-3 տոննան պարզապես «հավելագրել» են տիրոջ վրա։

Հանրապետությունում արտադրված բանջարեղենի 13%-ը, համաձայն նույն տեղեկագրի, գյուղացին օգտագործում է ներքին սպառման համար։ Արարատի մարզում՝ 6%-ը, Արմավիրում՝ 7%-ը, Գեղարքունիքում՝ ավելի քան 20%, իսկ Լոռիում՝ գրեթե 50%-ը։ Արմավիրում 2021թ․-ին հավաքվել է 250 հազար տոննա բանջարեղենի՝ առավելապես լոլիկի, պղպեղի, սմբուկի բերք։ Փաստորեն ստացվում է, որ սրանից 17 հազար տոննան օգտագործել են իրենք՝ արտադրողները։ Կամ եթե մարդը մեկ հա-ից ստացել է 40 տոննա լոլիկ, ապա դրանից 2․8-3 տոննան օգտագործել է իր տնտեսությունում։ Մեկ տնտեսությունը տարեկան առավելագույնը 200-300-400կգ թարմ լոլիկ է օգտագործում։ Ընդ որում՝ նաև վերամշակման համար։ 2․5 տոննայի օգտագործումը անհասկանալի է։ Լոռիում 12 հազար տոննա բանջարեղեն է արտադրվել, որից 6 հազարը օգտագործել են իրենք՝ արտադրողները։ Աբսուրդ է, որովհետև ամենապարզ հաշվարկներով ստացվում է, որ յուրաքանչյուր արտադրող տնտեսություն սպառել է 2-3 տոննա բանջարեղեն։

Արարատի մարզում արտադրվել է 204 հազար տոննա բանջարեղեն։ Դրա 6%-ը կամ ավելի քան 12 հազար տոնան օգտագործվել է արտադրողների տնտեսությունում, դրանից զատ 1%-ը կամ 2 հազար տոննան էլ «մնացել» է նույն արտադրողների տնտեսություններում։ Եթե կարտոֆիլը կամ սոխը հնարավոր է պահել մի քանի ամիս ու հետո վաճառել, ապա լոլիկը կամ սմբուկը՝ ոչ։ Հետևաբար այդ 2-3 հազար տոննան թափվել է։ Եթե մեկ կգ լոլիկի կամ սմբուկի ինքնարժեքը պայմանականորեն ընդունենք 30 դրամ, ապա ստացվում է, որ միայն Արարատի մարզում, միայն, դիցուք, լոլիկի համար գյուղացին 60 մլն դրամ ներդրում է արել ու թափել։ Ահա թե որտեղից է գյուղացու վրա կուտակվում վարկային բեռը։

Հանրապետությունում արտադրվել է ավելի քան 323 հազար տոննա պտուղ և հատապտուղ, որի 56․6%-ն է վաճառվել։ Ավելի քան 23%-ը օգտագործվել է տնտեսությունում, որը կազմում է 74 հազար տոննա։ Աբսուրդ է։ Դրանից հետևում է, որ Արմավիրում գյուղացին իր այգիներից ստացած 15 տոննա ծիրանից 3․5 տոննա օգտագործել է իր տնտեսությունում։

Ինչ է ստացվում․ նույնիսկ 2021թ․-ին, որ գյուղացու համար ամենահաջողված տարիներից էր, արտադրված բերքի փաստացի 20-25%-ը չի իրացվել, թափվել է։ Գյուղացին տարվա ընթացքում բոլոր անհրաժեշտ միջոցառումները, ահռելի գումարներ ներդնելով, անում է, հողի հարկ, ջրի վարձ մուծում, ու քանի որ չկան իրացման համապատասխան խողովակներ, ոլորտում բացարձակապես ոչինչ դրված չէ ինստիտուցիոնալ հիմքերի վրա, ամբողջ հանրապետությունը ընդամենը մեկ ընկերության՝ Սպայկայի ու մի քանի անհատ արտահանողների հույսին է, գյուղացին, համաձայն վիճակագրության, ստիպված է տոննաներով ուտելու իր արտադրանքը և դրանից նա կարծես այնքան էլ վատ չի զգում, ավելին՝ ավելի շատ է սիրում իրեն այդ վիճակին դնողներին։