copy image url
Միտք 2 տարի առաջ - 19:10 19-04-2022

Նորից չեն «սիրում», «սիրում» են կրկին...

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական այցը Մոսկվա իրավիճակային տեսանկյունից ձեզ մոտ ծանոթ հուշեր չի՞ արթնացնում: Ինձ մոտ, օրինակ, այն ասոցացվում է շատերին քաջածանոթ՝«Արշակ և Շապուհ» ավանդազրույցի հետ: Թե չմտաբերեցիք, հիշեցնեմ: Իրար մեջ սեր, խաղաղություն և մեծ բարեկամություն հաստատելու պատրվակով՝ վարազագիր կնիքով ու երդումով հայոց Արշակ Բ թագավորին ու նրա դայակ Վասակին իր մոտ հրավիրած պարսից արքա Շապուհը նախ՝ գերում է նրանց,ապա աստղահմաների խորհրդով՝փորձված մեթոդով ստուգում նաև Հայոց արքայի հավատարմությունը: Նա հրամայում է ճեմասրահի հատակի որոշ հատվածներում Հայաստանից բերված հող շաղ տալ ու վրան ջուր ցանել: «Ակցիայի» նպատակը Հայոց արքայի հավատարմության աստիճանը պարզելն էր: Զբոսանքի ժամանակ Շապուհի կողմից Արշակին ուղղված՝ ինչո՞ւ է Հայոց թագավորը մերժել Պարսից հետ բարեկամություն հաստատելու քանիցս արված առաջարկը և երեք տասնամյակ պատերազմել Պարսից արքայի դեմ հարցին ի պատասխան, Արշակը պարսկական հողի վրա մեղա է եկել և ներում հայցել, իսկ հայկական հողի վրա միանգամից կերպարանափոխվել ու ըմբոստացել...Կասկածի իրավացիության մեջ համոզվելով՝ Շապուհը բանտարկել է տալիս Արշակին ու նրան փակում Պարսկաստանի Անհուշ բերդում։

Ավանդազրույցի վերջաբանը առավել քան սրտառուչ է... Հայոց արքայի պալատական ներքինին՝ հայկական հեծելազորի կազմում քուշանների դեմ կռված, քաջագործություններով հայտնի, ծուղակում հայտնված Շապուհի կյանքը փրկած Դրաստամատը, օգտվելով իրեն վերապահված բացառիկ իրավունքից, այցելել է Արշակին, տեսակցել նրա հետ, արձակել արքայի կապանքները, հագցրել նրան արքայավայել, կազմակերպել պատվո ճոխ խնջույք, որի ժամանակ էլ անձնասպան են եղել թե՛ Արշակը, թե՛ ինքը։ Այսպիսին է Փավստոս Բուզանդի կողմից սերունդներին փոխանցված ավանդազրույցը:

Ճիշտ հասկացեք, խնդրում եմ, ինձ համար խնդիրն ամենևին էլ անձերի միջև անցկացվող զուգահեռը չէ (ընդդիմախոսների՝ «Նրանից ինչ Արշակ...» դիտարկման հետ, խոստովանեմ՝ մասամբ եմ համամիտ), ոչ էլ բարեկամական երկիր Ռուսաստանին Պարսկաստանի հետ նույնացնելը (քավ լիցի), այլ այն շրջագիծը, որում մշտապես պարփակել ու պարփակում են Հայաստանին: Մուրճի ու սալի արանքում հայտնվելը այլ կերպ, քան աղետ, չես անվանի:

Ու հիմա, երբ, ուկրաինական զարգացումներին զուգահեռ, «միջազգային գրոսմայստերների» մոտ սկսվել է շախմատային կայծակ մրցաշարի «Արմագեդոն» փուլը, երբ հակամարտող կողմերը փորձում են ստանալ դիրքային առավելություն ու «անցողիկ զինվոր», վիճակն անասելի բարդացել է: Հայաստանը՝ ի դեմս վարչապետի, պարտավոր է ընտրություն կատարել վտանգավորի ու առավել վտանգավորի միջև:Մի կողմից՝«շրջող ուրվականի»՝ հիպոթետիկ միությանը բռնակցվելու, ոչ հեռու ապագայում իջեցվելիք երկաթյա վարագույրի այն կողմում՝ «բորոտների» համար նախատեսված հատվածում հայտնվելու իրատեսական վտանգ, մյուս կողմից՝ հնարավոր անցանկալի զարգացումների դեպքում հոգեբանորեն ու ռազմական առումով բազմապատիկ գերազանցող թշնամուն միայնակ, առանց անվտանգության երաշխավորի դիմակայման անորոշ հեռանկար...Այլ կերպ՝ Հայաստանին ստիպում են, թերևս վերջին անգամ, ընտրություն կատարել՝ «Հավերժ Ռուսաստանի հետ»-ի ու Եվրոպա բացվող, երկրի զարգացման համար 2,5 միլիարդ ներդրում խոստացող «պատուհանի» միջև: Իրավիճակ, որի հետագան չգիտեն անգամ երիցուկի «շվարած» թերթիկները...