Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:25 07-05-2022

Հայը սիրում է կատակել, բայց հայի հետ չեն կատակում

Վերջին 30-35 տարիներին, որ ամենից ցայտունն ենք հիշում, մեր որևէ իշխանավոր կամ իշխանություն հային չի ճանաչել, չի կարողացել տեղը տեղին զգալ, ըմբռնել ամբողջության մեջ, իր ողջ էությամբ: Հային դժվար է ճանաչել, բայց որ ճանաչեցիր, հասկացար նրա ով լինելը և հատկապես՝ ինչ բան է, հետը երկար ճանապարհ կգնաս՝ ապահով, ուղիղ, անսայթաք: Հայը սիրող է, գթասիրտ է, ներող է, հոգին տվող է, զիջող է, շատ հաճախ սխալների վրա աչք փակող է, բայց շատ լավ տեսնում և մտապահում է, ինչին մենք ասում ենք համբերել: Սկսում է ճանաչել դիմացինի ով լինելը և հատկապես՝ ինչ բան է: Թվում է՝ անտարբեր է, բայց ամեն վայրկյան մանրադիտակով զննում է: Հայի աչքից ու մտքից ոչինչ չի վրիպում: Երբ ճանաչում ու վերջնականապես հասկանում է, երբ անգամ աչքերը փակելիս էլ է տեսնում շարժն ու ընթացքը և այլևս չի կարող իրեն կույրի տեղ դնել կամ ձևացնել, կայացնում է իր վճիռը, անբեկանելի վճիռը: Հային անհնար է համոզել, ինքը պետք է համոզվի: Եվ հենց այդ ժամանակ է դիմացինը ճանաչում հային՝ անակնկալի գալով, որ ինքնախաբեություն էր, երբ վստահ էր, թե ճանաչում է:

Հայը սիրում է կատակել, բայց հայի հետ չեն կատակում: Այս պարզ ճշմարտությունը չի գիտակցել մեր որևէ իշխանավոր իր խմբով ու խմբակով: Հայը էն տիպն է, որ հանաքը դանակ է դարձնում, որովհետև ինքն ի սկզբանե քեզ լուրջ է ընդունել, դու լրջության տիպարով ես ներկայացել: Վերջին երեք տասնամյակում հենց այդ սկզբունքն է գործել, և կանգնել են փակ դռան առաջ հենց այն ձեռքի արգելքով, որը դուռ էր բացել: Հիմա այս նույնը կատարվեց նորերի հետ, երբ փորձեցին սատանի մայլում քյանդրբազ խաղալ: Ճարպկորդու նմանակումով սկսեցին երևակայել, որ իրենց ընտրողներից ավելի խելացի են իրենք և կարող են մատների վրա խաղացնել՝ անվնաս պահելով ձեռքը: Իրենց հաշվարկով ենթադրեցին, որ չղջիկների պես սահուն կանցնեն թելերի արանքով: Բայց սխալ էր հաշվարկը, դիմացը թելեր չէին, ցանց էր, և իրենք էլ չղջիկ չեն, այլ սովորական մուկ, որ երազի մեջ է միայն թևեր առնում ու թռչում:

Հիմա նորից հայը կանգնել է, նրան անհնար է նստեցնել: Կնստի միայն արքայական գահավորակին, այսինքն՝ երբ կհասնի իր ուզածին: Հային չես համոզի, թե կանգնի, աղետ է, ցունամի է, երկրաշարժ է, ինքը պետք է համոզվի: Չգիտեմ՝ շո՞ւտ է համոզվում, թե՞ ուշ, բայց որ համոզվեց, չէս կարող տարհամոզել: Եթե կանգնեց, ինքն է դառնում աղետ, ցունամի ու երկրաշարժ: Հիմա կանգնել է, էլ սրա դեմը չես կարող առնել: Ուզում էն՝ երկնքից հրեշտակներ իջնեն, կանգ չի առնի, մինչև իր երկնքը չիջեցնի երկրի վրա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ