Երևան +22°
Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 23:43 10-05-2022

Անհագուրդ Շարաների հայրենիքը…

«Ասոշիեյթեդ պրես» գործակալության կողմից օրեր առաջ ասպարեզ նետված տեղեկությունը, իմ դիտարկմամբ, Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ երևանյան փողոցները չափչփող հականիկոլական շարժման խոստացած՝ մակընթացությունից բազմապատիկ ուշագրավ է: Գործակալության տեղեկացմամբ՝ Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը նպատակ ունի առգրավել Լոս Անջելեսի հեղինակավոր Հոլմբի հիլզ թաղամասում գտնվող, 2800 քմ մակերես զբաղեցնող, 63,5 միլիոն գնահատված մեգաառանձնատունը, որի սեփականատերը ոչ թե հանրահայտ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, կամ ասենք, հոլիվուդյան մեգաաստղ Մերիլ Սթրիփն են, այլ Ամասիայի շրջանից տարիներ առաջ մայրաքաղաք Երևան տեղափոխված Խաչատրյան Գագիկի «չարքաշ» գերդաստանը: Չարքաշ՝ ենթադրաբար նախկինում, քանի որ պոլիտեխնիկավարտ ինժեներ Գագիկը՝ Նոր-Գեղիի սովխոզտեխնիկումի սկզբնական կուսակցական կազմակերպության երբեմնի քարտուղարը, կարիերային աստիճաններով արշինանոց քայլերով վեր բարձրանալով կարճ ժամանակ անց հայտնվել է ՀՀ ֆինանսաօլիգարխիկ համակարգի «առանձնաշնորհյալների» բուրգի վերնամասում: Այնտեղ, որտեղ օձն իր պորտով, հավքն իր թևքով ցանկության դեպքում անգամ հայտնվել չէին կարող: Պարզվում է, որ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի, ՀՀ ֆինանսների նախկին նախարարի որդիները դեռ 2011 թ․ են 14,4 միլիոն դոլարով գնել այդ առանձնատունը: ԱՄՆ արդարադատության նախարարության հավաստիացմամբ՝ այն գնվել է ապօրինի միջոցներով՝ օտարերկրյա պետության դեմ կատարված հանցագործությունից ստացված հասույթով, պետական պաշտոնյայի կաշառակերության միջոցով ( ըստ լուրերի՝ ազդեցիկ գործարար, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը բիզնեսների համար արտոնյալ հարկային պայմաններ ստանալու դիմաց կաշառքի տեսքով Խաչատրյանին և նրա ընտանիքին վճարել է 20 մլն դոլար): Ներկայացված մեղադրանքի համաձայն՝ հենց այդ գումարի մի մասն էլ ծախսվել է Հոլմբի հիլզի առանձնատան գնման նպատակով։ Գործը քննվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից հիմնված՝ «Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության» շրջանակում, որի նպատակն է օժանդակել օտարերկրյա կառավարությունների կոռուպցիայի դեմ պայքարին և հնարավորության դեպքում՝ կոռուպցիոն սխեմաների հաշվին ստացված եկամուտներն ու գողացված ակտիվները վերադարձնել կոռուպցիոն գործողություններից տուժած երկրներին:

Ինչպես ընդունված է ասել, այս «խմորը» դեռ շատ ջուր կվերցնի: Բայց այդ մասին չէ, որ հիմա ցանկանում եմ խոսել: Ինչ եք կարծում՝ որտեղի՞ց ժողովրդին ծառայելու կոչված չինովնիկին այդքան մեծ գումար: Ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով են սեփական ժողովրդից շորթված գումարները դուրս բերվում երկրի սահմաններից դուրս: Պետության թալանն էլ ուրիշ ի՞նչ կերպ է լինում: Պատկերացնո՞ւմ եք, սա ամենևին էլ եզակի օրինակ չէ («Քեթրինի» միհրաններին, աղանհովսեփյաններին ու մնացած «սովյալներին» հո չե՞ք մոռացել): Հիշում եմ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի սոսկ նկարագրությունը թերթի երկու ամբողջական էջ էր զբաղեցրել: Բայց ի՞նչ… Ոչինչ, ձայն բարբառո հանապատի: Դրան հակառակ մի շարք փաստաբաններ ու լրատվամիջոցներ քափ-քրտինք մտած սկսեցին տքնաջանորեն պաշտպանել վերջիններիս՝ հանուն իրենց դառը վաստակի՝ մի կտոր հացի: Հենց այդպես էլ հին հունական ապորիաներից մեկը՝ «Երկու սուտը մի ճիշտ է»-ն միս ու արյուն առավ, օրենքով թալանչիներն էլ «սրբադասվեցին»: Համազգային թալանից , երկրի հոշոտումից գոյացած գումարները այսօր էլ շարունակում են հանգրվանել ապահով բանկերում, այսպես կոչված՝ կայուն երկրների «հրակայուն» սեյֆերում: Իսկ սա այլ կերպ նշանակում է, որ գագիկխաչատրյաններն օժտված են «ախոռը շուտ զգալու» երկնառաք շնորհով: Նրանք իրենց ու իրենց սերունդների ապագան ամենևին էլ Հայաստանի հետ չէ, որ կապում են: Նրանց՝ համապատասխան գյուղերի համար նախատեսված համապատասխան գդակներով լեցուն ճամպրուկները մշտապես շեմին են: Հենց այդ տեսակն է ներկայացնում գաղթականների «էլիտան»…

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը