Ներքին 4 տարի առաջ - 19:26 10-05-2022

Հրաչյա Սարգսյանը փորձո՞ւմ է ազատվել Մարությանի մտերիմից. տրվել է խիստ նկատողություն

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանը խիստ նկատողություն է ստացել։ Այդ մասին որոշում է կայացրել Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա իր որոշման մեջ որպես հիմք նշել է այն, որ առանց հարգելի պատճառի Դավիթ Համբարյանը մարտ, ապրիլ եւ մայիսի ամիսներին թվով 9 գործակարգավարական խորհրդակցության նիստի չի մասնակցել։

Նշենք` Դավիթ Համբարյանը քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2020֊ի սեպտեմբերին։ Նա նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի եւ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Հովսեփ Կուբաթյանի վաղեմի մտերիմն է։ Համբարյանի մասին մեծ տվյալներ հայտնի չեն, տեղյակ ենք, որ ինչ-որ ժամանակ աշխատել է «Յուքոմում»։

Ըստ քաղաքապետարանում շրջող լուրերի` փորձ է արվում Համբարյանին հեռացնել աշխատանքից. նա որոշակի տարաձայնություններ ունի Հրաչյա Սարգսյանի հետ, եւ հնարավոր է առաջիկայում այլեւս չպաշտոնավարի։

Oragir.news-ը կապ հաստատեց Համբարյանի հետ, վերջինս իր նկատմամբ հայտարարված խիստ նկատողության վերաբերյալ ասաց. «Ես հիմա բան չեմ մեկնաբանում»։ Ի պատասխան մեր հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում ազատվի պաշտոնից, Համբարյանն անջատեց հեռախոսազանգը։