Միտք 4 տարի առաջ - 17:13 26-04-2022

Նու-հաու. «մրգի» բերքահավաք ձմռանը...

Երեկ երեկոյան ֆիդայական երգերի «թոփ տասնյակի» նվագակցությամբ Բաղրամյան փողոցով «հանդից» հոգնատանջ տուն վերադարձողների խումբը անցորդների վրա ճնշող տպավորություն էր թողնում: Քայլերթի մասնակիցներից «ամենախրոխտը» դարասկզբին ծնունդ առած երգերում «անթեղված» պահանջը հանրային լայն շրջանակների ուղեղում սեպել փորձող բարձրախոսն էր... Մնացածների «կռներումը՝ հալ», ոտքերի վրա էլ ուժ չէր մնացել, քայլերթին ուղեկցած «նախանվագային» ձայնակցությունից էլ մասնակիցների ձայնն էր նկատելիորեն խռպոտել: Բայց դա՝ միայն առաջին հայացքից:

Դրությունը կտրականապես փոխվեց Բաղրամյան 26-ի մատույցներում, երբ քայլերթի «ներին»՝ մոդերատորը, մոխիրներից հառնած փյունիկի ակտիվությամբ անցավ իր բուն կոչմանը՝ երթի մասնակիցներին վերստին հիշեցնելով շարունակականություն ենթադրող ակցիաների հետապնդած գերագույն նպատակը: «Առանց Նիկոլ Հա-յաս-տան» վանկարկումներով սկսված վերջնագիրը շառավիղն ընդլայնող հրդեհի նման չշրջանցեց նաև ՔՊ-ի «դրածո» հարսանեկան գեներալին՝ ՀՀ «ազգայինընտիր» նախագահին օր առաջ գահընկեց անելու պահանջը, որի գործունեության հանդեպ անվստահությունը իրենց ընդդիմություն հռչակածների կողմից գործող իշխանություններին ներկայացվող փաթեթային ուլտիմատումի բաղադրիչներից է դիտարկվում...

Ի սեր անկեղծության հարկ է խոստովանել, որ մայրաքաղաք Երևանում տարբեր ժամանակներում տարբեր թևերի կողմից կազմակերպվող, պարբերական դարձած քայլերթերը ոչ մի կերպ Աստվածաշնչյան Մովսեսի քառասնամյա դեգերումների արդյունավետությունն ապահովել չեն կարողանում: «Եգիպտական գերությունից» ժողովրդի դուրս բերմանը միտված, «ուսուցողական» տողատակ ունեցող այդ երթերը, մեկ է, ի զորու չեն փոխելու մասնակիցների մենթալիտետը: Ի զորու չեն՝ հայկական «կռու» խառնվածքի և «նաղդը» «նիսյայից» տարբերակելու «բնատուր շնորհի» պատճառով... Այդու, այս կամ այն քաղաքական ուժի ադեպտների մոտ ներքին այն համոզումը կա, որ եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օրը հաստատ այդ ընթացքը «Պառնաս» է տանելու... Այդ համոզվածությունը հազարապատկվում ու «միս ու արյուն» է առնում «հավաստի աղբյուրների» կողմից մտերիմների ականջին շշնջած՝ «Կրեմլի որոշումն է» հավաստիացման, եթե կուզեք վերդիկտի «շնորհիվ»՝ «դագաղի» վրա վերջին մեխը գամելու վճռականությամբ... Եթե մետրապոլիան որոշել է, ապա մնացածը ժամանակի հարց է, համոզված պնդում են «աստվածամերձ աղբյուրները»... Իսկ «կօդափոխվի՞» արդյոք գումարելիների փոխատեղումից գումարը, թե՞ ոչ, հաստատապես ոչ ոք չգիտի:

Չէ՛, ինչ ուզում եք ասեք, մենք ունիկալ ենք՝ մեր բոլոր դրսևորումներով: Մենք սիրում ենք ամեն ինչ ու անհապաղ՝ առանց խորամուխ լինելու հետևանքների մեջ, առանց «միջոցների» միջև խտրականություն դնելու... Մենք նմանվում ենք անգետ այն մարդուն, ով առանց հողը փխրեցնելու, պարարտացնելու, առանց տնկին խնամելու ու ջրելու, առանց էտելու ամիսներ անց արդեն սպասում է բերքի... Մեր ազգային շտապողականությունն է մեր բոլոր խիստ մակերեսային ձեռնարկումների և ապագա տապալումների պատճառների պատճառը: Դրա համար էլ մեր բազում հիվանդություններին մեկն էլ է ավելացել, մեր աչքը սկսել է ջուր կտրել... Մեզ ոչ թե «ով»-ը, «ինչ»-ն ու «ինչպես»-ն են հետաքրքրում, այլ առավելապես «երբ»-ը, հենց որն էլ բոլորից ու ամեն ինչից հոգնած ու խռոված ժողովրդի գայթաքարն է...

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ