Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի և ռուս-ուկրաինական բանակցությունների թեման։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։
Ըստ հայտարարության՝ Էրդողանը կողմերին հորդորել է «գործել ողջախոհությամբ և պահպանել երկխոսությունը»։ Նրա խոսքով, Անկարան ցանկանում է «պսակել իր խաղաղության ջանքերը»՝ կազմակերպելով Պուտինի և Զելենսկու հանդիպումը։
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների հանդիպումը։
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Ստամբուլում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների «դրական և կառուցողական» հանդիպումը «խաղաղության հույս է ներշնչում»։
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Էրդողանը Պուտինի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտուց Թուրքիայի քաղաքացիներին և առևտրային նավերը տարհանելուն օգնելու համար։
Իր հերթին Ռուսաստանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել թուրք գործընկերոջը Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար։
Կրեմլը նաև նշել է, որ պետությունների ղեկավարները «հիմնարար գնահատականներ են տվել ընթացող բանակցային գործընթացին»։