copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:38 30-03-2022

Մարզերից եկածները չեն կարող մրցել ռուսների հետ. անշարժ գույքի գործակալ

Ռուսական ռուբլու փոխարժեքի արժեզրկման և ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող շատ քաղաքացիներ խնդրի առաջ են կանգնել՝ գնա՞ն ՌԴ աշխատելու, թե՞ ոչ:

Oragir. news-ի հետ զրույցում ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնող Արամ Մելոյանն ասաց, որ դեռ չի պատրաստվում գնալ Ռուսաստան, ցանկանում է Հայաստանում աշխատել, փորձում է տուն գտնել Երևանում ու տեղափոխվել, բայց տներն այնքան թանկ են, որ ամբողջ աշխատած գումարով հազիվ վարձը կարողանա վճարել: «զզՄեկ սենյականոց բնակարանի համար 200-250 հազար դրամ փող են ուզում, դա համարյա իմ ամբողջ աշխատավարձն է, նույնիսկ կոմունալների համար փող չի մնա, իսկ ռուսներին երբեք չեն մերժում, մի քանի րոպեում տուն են տալիս, որովհետև նրանք տեղացի չեն և թանկ են վճարում: Այսինքն՝ նույն տունը ավելի թանկ գնով տալիս են ռուսին իրենց փողի համար, իսկ ես ու իմ նման շատերը շրջաններից գալիս ենք Երևան, բայց մնալու տեղ չենք գտնում»:

Կապ հաստատեցինք «Silver REA» անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովի հետ: Նա ասաց, որ այդպիսի դեպքեր շատ քիչ են լինում, երբ հավասար պայմաններում մրցեն տեղացի և օտար երկրներից եկած հաճախորդները: «Դրանք մասնավոր դեպքեր կարող են լինել: Այո, բնակարանները թանկանում են, բայց ամենաշատը՝ 40 տոկոսով, իրականում թանկացել են Արաբկիր, Կենտրոն, Դավթաշեն համայնքների բնակարանները ու նորակառույցները: Շատ բյուջետային բնակարաններ, որտեղ, օրինակ, կոմունիկացիաները քիչ են, կամ վերանորոգումն է թույլ, այդ բնակարանները հիմնականում նորմալ գներով են, այդքան էլ չեն թանկացել: Ռուսաստանից եկած հաճախորդները հիմնականում վարձում են լավ բնակարանները, շատերը բարձր վարձատրվող, ՏՏ ոլորտում աշխատող մասնագետներ են ու նախընտրում են շատ լավ վերանորոգված բնակարաններ»:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս պետք է վարվել, երբ նույն բնակարանի համար հավասար պայմաններում մրցակցում են և հայաստանցի, և օտար երկրից եկած հաճախորդները, Հարությունովը պատասխանեց. «Շուկայական հարաբերություններում մի քանի մասնավոր դեպքի վրա հիմնվելով՝ չի կարելի ասել, որ համատարած այդպես է: Ռուսաստանից եկածը վարձում է 3 ամսով, իսկ շրջանից եկած քաղաքացին վարձում է երկար ժամկետով, այսինքն՝ գործոնները տարբեր են: Մարզից եկողը հաստատ Արաբկիրում 3-սենյականոց նորակառույց չի վարձի 1000 դոլարով, չեն կարող իրենք մրցել Ռուսաստանից եկածների հետ: Իրենք տարբեր սեգմենտների վարձակալներ են»:

Պատասխանելով այն հարցին, թե վերջին շրջանում նկատե՞լ է Հայաստանի տարբեր մարզերից մարդկանց զանգվածային տեղափոխություն Երևան, Հարությունովն ասաց, որ դա նոր բան չէ, միշտ էլ մարդիկ մարզերից տեղափոխվել են Երևան: «Դա միշտ է եղել, բայց, այո, հիմա շատերը թողնում են իրենց տներն ու հողամասերն ու գալիս Երևան: Ես շատերին էլ գիտեմ, որ քաղաքից գնում են գյուղեր ու գնում այն հողերը, որ տեղացի գյուղացին չի մշակում, ճիշտ ներդրումներ են անում ու նորմալ ֆերմա բացում, աշխատում: Իսկ գյուղից եկողներին պետք է ճիշտ ռեալիզացնել այստեղի աշխատաշուկայում: Հենց հիմա ինձ աշխատակից է պետք իմ գրասենյակի համար՝ բարձր աշխատավարձով, բայց ես չեմ կարողանում նորմալ աշխատակից գտնել: Շրջանից եկածների վրա հնարավոր է՝ ազդի այն, որ տները ընդհանուր թանկացել են, բայց այն, որ նրանք կարող են հավասար մրցակից լինել ռուսներին, մի քիչ անհավանական է»,- ասաց Հարությունովը: