copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:32 19-03-2022

Անհայրենիքության սահմանների «լակմուսի թուղթ». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Այն, ինչ Հայաստանի հետ անում են գործող իշխանությունները, բնականաբար, չի կարող չառաջացնել գիտակից հանրության զայրույթը: Սակայն կոնկրետ արդյունքների համար կոնկրետ քայլեր են անհրաժեշտ: Բայց ուշագրավ է, որ շատերը միայն «պահանջատեր» են ու անընդհատ սլաքներն ուղղում են դեպի խորհրդարանական ընդդիմություն: Այո, ընդդիմության, հատկապես խորհրդարանական ընդդիմության դերակատարությունը շատ կարևոր է: Սակայն այստեղ առկա է երկու խնդիր. նախ՝ նրանց ձեռնարկած քայլերին զուգահեռ անհրաժեշտ է հանրության դժգոհ հատվածի աջակցություն և այլ ուժերի նախաձեռնողականություն, երկրորդ՝ ընդդիմության հասցեին ուղղված սլաքները ուղիղ աջակցություն են Նիկոլ Փաշինյանին: Խոսքն, իհարկե, իշխանությունների ու բացահայտ իշխանամերձ շրջանակների հակաընդդիմադիր հարձակումների մասին չէ, այլ նրանց, որոնք իբր այս ընթացքում պայքարում են իշխանության դեմ, իսկ իրականում սպասարկում են նրա շահերը:

Նշյալի տեսանկյունից օրերս ԱԳՆ-ի մոտ ընդդիմադիր երիտասարդների կողմից նախաձեռնված հավաքը կարևոր քայլ պետք է դիտարկել։ Իհարկե, քննարկվում է նաև ակցիայի մասնակիցների քանակի հարցը, բայց այստեղ խնդիրն առաջին հերթին պետք է դիտարկենք այդ երևույթի նշանակության, ինչպես նաև առաջին պարբերության մեջ նշված «պահանջատիրության» տեսանկյունից: Տանը նստած կամ սոցցանցերում բողոքելը հեշտ է, բայց առանց հստակ գործողությունների և բողոքի ակցիաների հնարավոր չէ իշխանություններին օրակարգ պարտադրել, առավել ևս՝ հասնել նրանց հեռացմանը։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ խոր հոգեբանական հիասթափությունը մարդկանց երբեմն խանգարում է որևէ քայլի դիմել, սակայն դա գործողություններից ձեռնպահ մնալու արդարացում չէ։ Ի վերջո, մենք գործ ունենք մեր երկրի, մեր պետության ու պետականության վաղվա օրվա հետ:

Այս հարցի գիտակցումը պետք է լինի մտածելու տարրական ունակություններ ունեցող յուրաքանչյուր հայի պարտքը: Տեսեք, մի պարզ օրինակ: Մինչ հակառակորդը, Հայաստանի տարածք ներխուժելու հետ մեկտեղ, դիրքավորվում ու ամրանում է ըստ իր նախընտրության և Արցախում հումանիտար աղետ է հրահրում՝ մարդկանց թողնելով առանց անհրաժեշտ կենսապայմանների, Հայաստանի և Արցախի իշխանությունները ընդամենը կողքից դիտողի դեր են ստանձնել։ Սրա արդյունքում, երբ իշխանությունները չեն կատարում (չեն կարողանում, չեն ցանկանում) պետության և քաղաքացիների առջև ունեցած իրենց պարտականությունները, պետության, պետականության շահերի պաշտպանության ողջ ծանրությունն ընկել է ընդդիմության ուսերին։ Իսկ ընդդիմությունը փորձում է կիրառել իրեն հասանելի գործիքակազմը:

Մասնավորաբար, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են դրել շրջանառության մեջ Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ՝ ընդգծելով հակառակորդի քայլերին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը։ Եվ ընդդիմադիր խմբակցությունների պահանջից ելնելով՝ նախատեսվում է, որ մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյայի երրորդ հիմնական նիստի ժամանակ տեղի կունենա հրատապ թեմայով քննարկում՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով: Միևնույն ժամանակ, տեղեկություններ են շրջանառվում, որ ընդդիմությունը նախատեսում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ շրջանառության մեջ դնել Ազգային ժողովում։ Առաջին անգամ չէ, որ ընդդիմությունը Հայաստանի շահերի պաշտպանության դիրքերից ելնող նախագծեր է ներկայացնում, սակայն իշխող խմբակցությունը, մեծամասնություն ունենալով խորհրդարանում, թույլ չի տալիս, որ ընդդիմության առաջարկները նույնիսկ քննարկվեն խորհրդարանում, ուր մնաց թե ընդունվեն, առավել ևս, եթե այդ նախաձեռնություններում առկա են հակաադրբեջանական կամ հակաթուրքական ձևակերպումներ։

Այդպես եղավ, օրինակ՝ «Շուշիի հռչակագիրը» դատապարտող՝ ընդդիմության կողմից ներկայացված նախագծի դեպքում, երբ իշխող ՔՊ խմբակցությունը պարզապես տապալեց դրա քննարկումը։ Այս իշխանությունները, կարծես, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իրենց «բարեկամության» օրակարգը ավելի կարևոր են համարում, քան Հայաստանի շահերը։ Դրա համար էլ ամեն անգամ նրանք արդարացնում են հակառակորդի ագրեսիան, որ ինչ-որ մի պահի նոր փաստաթուղթ ստորագրեն՝ հայտարարելով, թե տվյալ պահին այն փրկություն էր հայկական կողմի համար։ Այսինքն, իշխանությունները շարժվում են այն նույն սցենարով, ինչով շարժվում էին Արցախյան պատերազմի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ, երբ այդ փաստաթուղթը ներկայացվեց որպես հազարավոր հայ զինվորներին փրկելու միակ միջոց։

Մի խոսքով, եկող շաբաթ ԱԺ-ում ընդդիմադիրների առաջարկությունների վերաբերյալ դիրքորոշումը լուրջ քննություն է լինելու իշխանությունների համար։ Ճիշտ է՝ հասարակությունն այս ընթացքում բազմիցս ականատես է եղել քպականների իրական դիրքորոշումներին, առավել ևս՝ նոյեմբերի 9-ից հետո, սակայն տվյալ դեպքում սա մի նոր «լակմուսի թուղթ» է, որպեսզի հանրության համար լիովին պարզ դառնան անհայրենիքության սահմանները...»

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ձեզ գուցե հետաքրքրի