Դատական տեղեկատվական համակարգ «Դատալեքս»-ը արդեն 3 ամիս է, ինչ չի գործարկվում, և նոր թարմացումներ այլևս չեն լինում։ Այսինքն՝ հանրությունը 3 ամիս է՝ հնարավորություն չունի տեղեկանալու իրեն հետաքրքրող, նաև աղմկահարույց դատական գործերի ընթացքի մասին, մինչդեռ այս համակարգը ստեղծվել էր դատարանների աշխատանքը ավելի թափանցիկ դարձնելու համար։
Oragir.news-ը Բարձրագույն Դատական Խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանին հարցրեց, թե ե՞ րբ կրկին կվերագործարկվի «Դատալեքս»-ը, ե՞րբ նորից հանրությունը հնարավորություն կունենա հետևելու դատական գործերի ընթացքին:
«Ընկերության հետ, որը սպասարկում է ծրագիրը, նոր պայմանագիր է կնքվել, և արդեն քիչ-քիչ «Դատալեքսը» սկսել է գործել, որոշակի ինֆորմացիա արդեն կարողանում ենք ներբեռնել: Մոտ օրերին արդեն ամբողջությամբ կվերականգնվի, սակայն դեռ հստակ օր չեմ կարող նշել, քանի որ ծրագրային խնդիր է, որևէ մեկից կախված չէ, կախված է նրանից, թե ծրագրի սերվերները երբվանից կսկսեն լիարժեք աշխատել: Այսքան ձգձգվելու պատճառը սերվերների խափանումն էր. ծրագիրը բավականին հին էր, և դրա արդյունքում դեկտեմբերին ունեցանք ամբողջական խափանում, բայց քիչ-քիչ ծրագրային կարգավորումներ տրվեցին: Հուսանք, որ առաջիկայում խնդիրը ամբողջությամբ կլուծվի: Իսկ այս ամիսներին, որ չի աշխատել, բավականին մեծ ինֆորմացիա կա կուտակված, այդ ինֆորմացիան ամբողջությամբ պետք է ներբեռնվի համակարգ, որը ևս ժամանակի խնդիր է»,- ասաց Լիլիթ Շաբոյանը:
Մանուշակ Մելքոնյան