Ես եմ իրեն կղանք կերցնելու, եթե այդ ամենը չապացուցի․ երեխաների ծնողները վրդովված են

Ներքին 3 տարի առաջ - 16:00 17-02-2022
Երևանի մանկապարտեզներից մեկում պակիստանցի երեխայի նկատմամբ ենթադրյալ դաժանության մասին քրգործն ու խոսակցությունները կրկին հանրության ուշադրության կենտրոնում են։ Երեկ լրատվամիջոցներին պակսիտանցի երեխայի հայազգի մայրը վստահեցրել է, որ իր երեխային մանկապարտեզում կղանք են կերցրել, թքել ականջի մեջ, ձիու պես հեծնել, պարան կապել վզին և այլն։ Մանկապարտեզի մյուս երեխաների ծնողները զայրացած են, պնդում են, որ կինը կամ հոգեկան խնդիրներ ունի, կամ այլ նպատակներ, միայն վստահ են, որ մանկապարտեզում նման բան լինել չէր կարող։ Թեմայի առնչությամբ Oragir. News-ը զրուցեց երեխաներից մեկի ծնողի՝ Զոյա Կոստանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց՝ բոլոր ծնողներով վաղը մամուլի ասուլիս են տալու․
«Մենք այնքան վրդովված և այնքան բարկացած ենք, որ բոլորս արդեն ոտքի ենք կանգնել, և վաղը ժամը 5-ին ասուլիս ենք տալու։ Այս հարցը պետք է արդեն փակվի, որովհետև մեր տղա երեխաների հարցն է այստեղ արդեն քննարկվում, այսինքն՝ մեր երեխաների պատիվն ա արդեն ու մեր պատիվն է, մենք կորած մարդ չենք, հիմար չենք, ամեն ինչից էլ գաղափար ունենք։ Ինքը պիտի կարողանա այդ ամենը ապացուցել, եթե չափացուցեց, ես ինքս եմ իրեն կղանք կերցնելու մանկապարտեզի բակում։ Ամեն ինչ չափ ունի։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ մենք՝ 40 ծնողներով, այդքան անուշադիր էինք, մենակ ինքը հայտնվել է, որ այդքան ուշադի՞ր է»,- ասաց Զոյա Կոստանյանը։

Նրան հարցրինք՝ իր որդին, երբ մանկապարտեզից տուն է եկել, պատմե՞լ է այնտեղ առօրյայի մասին, նման բաներ չի՞ հիշատակել․
«Դա խելքին մոտ բան չէ։ Եկեք՝ մի հատ 5 տարեկան երեխա վերցնենք, և փորձենք նրան կղանք կերցնենք, հիմիկվա երեխեքը այնքան «շուստրիյ» են, որ իրենք ուղղակի այդ կղանքը հետ կկերակրեն։ Հաստատ հեշտ չէ երեխային կղանք կերակրել՝ այն էլ 2 տարի շարունակ կամ 2 ամիս շարունակ։ Ինքը լավ կարողանում է իր խոսքերը փոխել , այդ տեսագրության մեջ իր խոսքերը փոխած են և մենք վաղը դա կապացուցենք։ Իմ տղան, որ գալիս է տուն, հատիկ- հատիկ պատմում է, թե մանկապարտեզում ինչ է կատարվել։ Միայն իմ որդին չէ, իմ աղջիկն էլ է այդ պարտեզը հաճախել, նույնիսկ իմ ամուսինն էլ։ Ցավը նրանում է, որ մի հատ հոգեկան հիվանդ կարողանում է բոլորին խառնել իրար ու իր խոսքը առաջ տանել։ Ըստ իս՝ ինքը հոգեկան խնդիրներ ունի, առաջին հերթին իր հոգեկան խնդիրները պիտի ուսումնասիրեն, հետո նոր երեխայինը»։

Հարցրինք նաև՝ կարծում է, որ հոգեկան խնդիրնե՞րն են պատճառը՝ նկատի ունենալով, որ տեղեկություններ էին տարածվել, թե Հայաստանում հալածվածի կարգավիճակ են ուզում ստանալ, որ կարողանան Եվրոպա գնալ։ Երեխայի ծնողն արձագանքեց․

«Մենք մինչև հիմա էլ վստահ ենք, որ դա այդպես է, որովհետև ինքը, երբ 2018 թվականին եկել է Հայաստան, ինքն իր ամուսնուն խաբել է, որ իր հայրն այստեղ հիվանդ է, ինքը իմ տալի դասընկերուհին է, իրեն փոքր ժամանակ «կըտցրած» են ասել այդ թաղամասում։ Ինքն իր ամուսնուն ստել է, ասել է, որ եկել է այստեղ՝ վատառողջ հորը պահելու, այնինչ՝ եկել այստեղ, հորը տնից դուրս է շպրտել, հոր հետ ընդհանրապես կապ չունի, եղբոր ընտանիքի հետ ընդհանրապես կապ չունի։ Եկել այստեղ ու ասել է, թե ամուսինն այնտեղ իրեն կտտանքների է ենթարկել, ամուսինը այնտեղից այստեղ իրավաբան է վարձել, ասել է, որ իրեն Հայաստան է ուղարկել, որ հետ վերադառնա, ու ասել է, որ չի հրաժարվում իր երեխաների խնամակալությունից։ Քանի որ ամուսինը չի հրաժարվում, ինքը չի կարող իր երեխեքին այստեղից հանել, եթե երեխաներին այստեղից հանի, ամուսինը կվերցնի իր ձեռքից։ Իսկ ինքն այդ տեսագրության մեջ ասում է, որ ամուսինը իր հետ հավասար այնտեղից այստեղ պայքարում է, որ այդպիսի խտրականություն չլինի։ Այսինքն՝ իր խոսքերը մեկը մեկին չի բռնում»,- ասաց Կոստանյանը։