Ալավերդիում «ժանգոտ» ջուր է մատակարարվել
copy image url

Ալավերդիում «ժանգոտ» ջուր է մատակարարվել

Ներքին 3 տարի առաջ - 16:30 15-02-2022
Ալավերդու բազմաբնակարան շենքերում խմելու ջուրը դեղին կամ ժանգագույն է եղել։ Oragir.news-ի տեղեկություններով, փետրվարի 13-ի երկրաշարժի հետևանքով ջրակուտակներում (կապտաժ) փլուզում է եղել, ինչն էլ խմելու ջրի աղտոտման պատճառ է դարձել։

Օragir.news-ը կապ հաստատեց Ալավերդի համայնքի բնակիչ, «Անկյուն +3» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր լրագրողական խումբը այս պահին այդ հարցին արձագանք տվել է, ահազանգեր եղել են նաև «Վիոլիա ջրի» թեժ գծին, նրանք պաշտոնապես հայտարարել են, որ ուսումնասիրում են, բայց իմ ծանոթները ասել են, որ երկրաշարժի հետևանքով եղել է կապտաժի (ջրակուտակներից մեկի) փլուզում, որից պղտոր ջուր է եկել, լցվել։ Այսօր` առավոտյան, երեկվա հետ համեմատած, ավելի պարզ էր ջուրը, բայց խնդիրրը դեռ վերջնական չի լուծվել»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա ասաց նաև, որ խնդիրը առկա է ոչ միայն Ալավերդի քաղաքում, այլև Օձունում և Թումանյան համայնքում․

«Պետք է ջրամբարը դատարկվի, որ մաքուր ջուրը գա։ Ավելի հստակ պաշտոնական տվյալներ չեմ կարող փոխանցել։ Ես պետք է նշեմ նաև, որ ջուրը անընդհատ քլորացնում են»։ Մենք կապ հաստատեցինք նաև Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի հետ՝ հարցնելով, թե տեղյա՞կ է խնդրից, ինչ-որ միջոցներ ձեռնարկե՞լ է։ Խեչումյանն ասաց, որ ինքը, որպես բնակիչ, չի նկատել այդ խնդիրը, բայց խնդրի մասին տեղյակ է․ «Որպես այդպիսին ահազանգեր չենք ստացել, քանի որ խնդիրը մեր դաշտում չէ, «Վիոլիա ջրի» դաշտում է, հավանաբար, նրանք ահազանգեր ստացած կլինեն և լուծում կտան»,- նշեց համայնքի ղեկավարը։

Մենք կապ հաստատեցինք նաև «Վիոլիա ջուր» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մուրադ Սարգսյանի հետ՝ հարցնելով՝ տեղյա՞կ են խնդրից։ Սարգսյանը պատասխանեց․ «Ես այս խնդրի մասին առաջինը լսում եմ Ձեզնից։ Ես խորհուրդ կտամ բնակիչներին զանգել 1-85, որ ջրմուղից գան, ջրի փորձանմուշ վերցնեն և ստուգեն։ Ես վթարների հետ կապ չունեմ։ Բնակիչները պետք է զանգահարեն 1-85 և կստանան իրենց բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց Սարգսյանը։

Լիլիթ Հարությունյան