copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:38 21-01-2022

Խեղճ Յորիկ կամ մտավոր «անմիզապահը»

Ասում են՝ մարդն այն է, ինչ մտածում է, իսկ եթե մտքերն էլ բարձրաձայնում է առանց իրեն հաշիվ տալու, դա արդեն պաթոլոգիա է, մտավոր անմիզապահություն: Օրինակ՝ ԱԺ իմքայլական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողներին անվանել է վերբալ մարմնավաճառներ,հաջորդ օրն էլ հայտարարել. «Ասածիցս հետ չեմ կանգնելու, եթե ուզում եք, դատի տվեք»: Փաստորեն, այս պատգամավորը ծանոթ է մարմնավաճառության բոլոր տարատեսակներին ու նրբություններին, դրա համար էլ որակումներն իրեն հարազատ ոլորտից են: Իսկ եթե դիցուք ծանոթ լիներ Վերդիի «Տրավիատային», գուցե ընտրած բառերը թեմայով լինեին, հատկապես որ տրավիատա նշանակում է ընկյալ, մարմնավաճառ: Ինչ վերաբերվում է լրագրողներին վիրավորելուն և ընդհանրապես՝ անկախ մասնագիտությունից, դիրքից, իրավիճակից, մարդուն վիրավորելուն, այդպես վարվում են մարդիկ, որոնց փաստարկները սպառված են, և իրենք մշտապես վիրավորանքի գերդոզավորման տակ են: Վահագն Ալեքսանյանը տեղով բարդույթների կծիկ է, ո՞նց պետք է լինի մարդու վիճակը, որին Նիկոլ Փաշինյանը գերու կարգավիճակով է պահում, կուսակցական ժողովներին գուցե հայհոյում է, պարտադրում ԱԺ ամբիոնից հայտարարել այն ամենը, ինչ իրեն է հաճո: Կամ, ի վերջո, ո՞նց չչարանա խեղճ Վահագն Ալեքսանյանը, որը նախկինում Ալեն Սիմոնյանին նույնպես իր սիրելի՝ մարմնավաճառ բառով էր «մեծարում», իսկ հիմա պարոն է ասում: Խեղճ Յորիկ, այսինքն՝ խեղճ Վահագն Ալեքսանյան, մենք տեղը տեղին գիտենք նրան, Հորացիո…

Արեգ Արևյան