copy image url
Մշակույթ Ավելին 1 տարի առաջ - 20:56 01-06-2022

«Մտավոր հետամնաց» երեխաներ, որոնք հանճարներ են դարձել

Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության օրն է։

Շատ հաճախ վատ գնահատականները, ընկերների բացակայությունը, երեխաների վատ վարքը, ծեծկռտուքները, անհանդուրժելի պահվածքը, ուսուցիչների կշտամբանքները ստիպում են ծնողներին հուսահատվել ու համակերպվել այն մտքի հետ, որ իրենց երեխան ընդունակ չէ կամ ի վիճակի չէ սովորել ու հաջողությունների հասնել։ Երեխաների «անհաջողությունների ու տարօրինակությունների» հետ կապված ենթադրություններ ու վերջնական որոշումներ կայացնելուց առաջ առաջարկում ենք կարդալ երեք հանճարեղ մարդկանց մասին, որոնք փոխել են աշխարհը, թեև մանկության տարիներին համարվել են մտավոր հետամնացներ։

Իսահակ Նյուտոն

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկն է։ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը և Մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։

Երբ Իսահակը ծնվեց վաղաժամ, հիվանդոտ ու թույլ, ոչ ոք չէր կարծում, որ այս ոչ այնքան «լիարժեք» երեխան հանճար կդառանա: Ավելին` բոլորը կասկածում էին՝ կմեծանա՞ նա արդյոք, թե՞ ոչ:

Դպրոցական տարիքում Իսահակը ինքնամփոփ, լուռ, չշփվող տղա էր։ Ուսուցիչներն անընդհատ նախատում էին՝ անուշադրության և ծուլության համար, դասընկերները ծաղրում էին նրան՝ իր տարօրինակությունների ու թուլության համար։ Եվ նա մի անգամ ստիպված եղավ ծեծել դասարանի լավագույն աշակերտներից մեկին, որը ծաղրել էր իրեն թույլ առաջադիմության համար։ Հենց այս պահից էլ սկսվեց Իսահակ Նյուտոնի հաջողությունների շղթան։ Նա հասկացավ, թե ինչպես պետք է ճիշտ հակահարված տալ։ Սկսեց սովորել այնպես, որ բոլոր առարկաներից հաղթում էր «թշնամուն»` իրեն ծաղրած գերազանց սովորող դասընկերոջը։

Փոքրիկ Նյուտոնի ամենասիրած խաղալիքներն իր պատրաստածներն էին՝ հողմաղացներ, արևային ժամացույցներ (ստվերից կարող էր հասկանալ ոչ միայն ժամը, այլև շաբաթվա օրը), քարաձիգներ և, իհարկե, լապտերներով օդապարիկներ։ Բայց այս ամենը մայրը համարում էր հիմարություն ու անիմաստ զբաղմունք։ Նա ընդհանրապես դպրոցից հանեց որդուն, որպեսզի իրեն օգնի տնային գործերում։ Ապագա գիտնականի ճակատագրում որոշիչ դարձավ քեռին, որի հարցում, իսկապես երեխայի բախտը բերել էր։ Միայն նա էր հասկացել, որ այս «տարօրինակ» երեխան ծնվել է գիտության համար, և քրոջը համոզեց որդուն վերադարձնել գրքերի աշխարհ։

Ալբերտ Էյնշտեյն

Ծնունդով գերմանացի տեսաբան ֆիզիկոս, որ զարգացրելէ հարաբերականության ընդհանուր տեսությունը` ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։

Էյնշտեյնի մանկությունը դասական պատմություն է հրաշալի երեխայի և սահմանափակ մտածողությամբ մեծահասակների մասին:

Ամեն ինչ սկսվեց նրա ծնվելուց հետո, երբ տեսան, որ երեխան մեծ գլուխ ունի ու դուրս ցցված մեծ քիթ։ Ծնողները անհանգստացած էին, քանի որ կարծում էին, որ սա ինչ-որ պաթոլոգիայի հետևանք է։ Հետո անսովոր արտաքինին գումարվեց փոքրիկ Ալբերտի «լռությունը»։ Նա, ըստ տարբեր աղբյուրների, չէր խոսում մինչև երեք-չորս տարեկանը։ Սա էլ լուրջ մտահոգություն էր ծնողների համար մինչև այն պահը, երբ մի ընթրիքի ժամանակ մանուկ Էյնշտեյնը անսպասելի ասաց. «Ապուրը շատ տաք է»։

Ծնողների ոգևորված ու հուզված հարցրել են, թե ինչու նախկինում նա չէր խոսում ու ոչինչ չէր ասում, տղան պատասխանել է. «Նախկինում ամեն ինչ կարգին էր»։

Սա սկիզբն էր «տարօրինակությունների» երկար շղթայի:

Գիմնազիայում սովորելու տարիներին ուսուցիչները պարզ տեքստով ծնողներին տեղեկացնում էին, որ իրենց որդին մտավոր հետամնաց է: Եվ դա ամենևին էլ խոսքի հետ կապված խնդիրների պատճառով չէր։ Նա կտրականապես չէր ուզում սովորել իրեն անհետաքրքիր առարկաները և կասկածի տակ էր դնում ուսուցիչների հեղինակությունը: Մի անգամ՝ դասի ժամանակ, ուսուցչի ներկայությամբ նա բարձրաձայն հայտարարել էր, որ տվյալ ուսուցիչը ոչինչ չգիտի ու փորձում է իրենց սովորեցնել․ «Հիմար է, ինչ է։ Մի՛ լսեք նրան, երեխաներ, մի լսեք»:

Թոմաս Էդիսոն

Ամերիկացի գործարար և խոշորագույն գյուտարար, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ,այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

Դպրոցում Թոմասին ծեծում էին մտրակով կամ գոտիով և անվանում «անպիտան», «հիմար», որովհետև նա անսովոր հարցեր էր տալիս և չէր կարողանում անգիր անել հանձնարարված հիմար տեքստերը։

Այսպես մի քանի տարի տանջվելով դպրոցում՝ մի օր տուն եկավ՝ մի նամակ ձեռքին։ Նամակը ուսուցիչներից էր և ուղղված էր մորը։ Թոմասը զգում էր, որ նամակում ոչ մի լավ բան չկար գրված, բայց ծրարն առանց բացելու ու թաքցնելու ազնվորեն հանձնեց մորը։ Մայրը երկար ժամանակ կարդում էր ու լաց լինում։ Հետո, երբ հանգստացավ, կարդաց բարձրաձայն. «Ձեր տղան հանճար է, մեր դպրոցը շատ փոքր է նրա համար։ Այստեղ չկան ուսուցիչներ, ովքեր կարող են նրան ինչ-որ բան սովորեցնել, խնդրում եմ, ինքներդ սովորեցրեք նրան»։

Շատ տարիներ անց ձայնագրիչի ու էլեկտրական լամպի հայտնագործող Էդիսոսնի ձեռքն ընկավ այս նամակը։ Նա այնտեղ կարդաց իրական տեքստը, որը մայրը թաքցրել էր. «Ձեր երեխան մտավոր հետամնաց է։ Մենք չենք կարող նրան դասավանդել մյուսների հետ համատեղ։ Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս՝ նրան ինքներդ սովորեցնեք տանը»։