copy image url
Խոսք 2 տարի առաջ - 14:59 19-01-2022

Որդուս զոհվելուց հետո կյանքներս 180 աստիճանով փոխվեց. զոհվածի մայր

18-ամյա Սոս Փորքաշյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մատաղիսում: 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից եղել է առաջնագծում, մասնակցել թեժ մարտերին, զոհվել հանուն հայրենիքի: Մայրը՝ 41-ամյա Աննա Փորքաշյանը, ամեն անգամ որդու մասին խոսելիս հուզվում է, պատմում, որ վերջին անգամ Սոսն ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 7-ին, երկու օր անց ստացել են մահվան գույժը:

Տիկին Աննան պատմում է, որ որդու հետ խոսել է հոկտեմբերի 7-ին՝ այն էլ՝ շատ կարճ, ու կապ չի եղել, իսկ հետո լսել են, որ դիրքերի վրա հարձակում է եղել։ Շատ կարճ է խոսել մոր հետ, գիտակցել է, թե ուր են ընկել։

Հոկտեմբերի 9-ին իմացել են, որ կրկին հարձակում է եղել այն դիրքում, որտեղ որդին է եղել, խմբի տղաներից զոհվել են, սակայն իրենց որդու մասին իրարամերժ տեղեկություններ են ստացել և հույսով սպասել, որ Սոսը ողջ կլինի, մի լուր կտա։

Տիկին Աննան ասում է՝ որդու զինակից ընկերները պատմել են, որ հոկտեմբերի 9-ին հակառակորդը միաժամանակ մի քանի զինատեսակներ է օգտագործել, ու ըստ հրամանտարի՝ Սոսը տեղում է զոհվել, իսկ որդու հետ եղած զինակից ընկերները պատմում են, որ ոչ՛ խրամատ է եղել, ո՛չ էլ որևէ բան։ Մի քանի օր հերոսաբար կռվել են, թշնամին հասկացել է, որ տղաներն անպարտելի են, լռել են, ապա մի քանի օր անց նորից հարձակվել։

«Վերևից անձրևի պես կրակ էր թափվում, ինչ տեսակի զենք ասես թափվել է։ Բեկորը մտել է Սոսի զրահաբաճկոնի տակ, չեն տեսել, ներքին արյունահոսություն ա եղել ու միայն երկու ամիս անց ենք կարողացել որդուս գտել, իսկ Մարտակերտի հոսպիտալը որ ռմբակոծել են, երեխեքի մարմինները տեղափոխել են Վանք գյուղ՝ ապահով տեղ։ Էնտեղից ենք գտել, ինքը լրիվ ճանաչելի էր»,- հուզված պատմում է մայրը։

Մայրն ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքը 180 աստիճանով շրջվել է։ Սոսի երկու քույրն ու եղբայրը ևս շատ ծանր են տանում եղբոր կորուստը ու եթե չլիներ չարաբաստիկ պատերազմը, հիմա որդին ծառայությունն ավարտած ու տուն վերադարձած կլիներ:

«Իրենք շատ կապված էին, երեքի մոտ էլ հոգեբանական խնդիր կա իրա բացակայությունից, սթրեսի մեջ են, ինքնամփոփ են դարձել»,- ասում է մայրը։

«Ինքը անկախ ամեն ինչից՝ ուներ-չուներ, եթե տոն ա՝ իմը կլիներ, քույրերինը թե տատինը, ինքը կստեղծեր, որ թեկուզ փոքր բանով շնորհավորեր, ինքն առաջինը լիներ։ Ծառայության ժամանակ էլ չի անտեսել ոչ մեկի, իմ ծննդյան օրը ինքը ստեղ չի եղել, իրա անունից տորթն ու ծաղիկները պարտադիր բերել են»,- ասում է ու հուզվում մայրը։

Մայրն ասում է՝ որդին հանգիստ բնավորություն ուներ, ընկերական շրջապատում էլ փորձել է վեճերը խոսքով հարթել։

Դպրոցն ավարտելուց հետո Սոսը հայրիկի հետ սկսել էր աշխատել, տների վերանորոգում էր իրականացնում․

Աննան ասում է՝ ցավը խորն է, կարոտը՝ անսահման, սակայն փորձում է հաղթահարել ու առաջ շարժվել, քանի որ վստահ է՝ Սոսը չէր ցանկանա, որ ընտանիքի որևէ անդամ տխուր կամ ընկճված լինի։

«Ինքը ոնց ուզել է՝ այդպես էլ պիտի ապրենք, որ մենք չապրենք, իրանք չեն ապրի, մեր զոհված տղերքը չեն ապրի, մենք պիտի իրանց անունը պահենք, հիմա ո՞վ ա հիշում իրանց, մի տարի էլ անցնի, ընդհանրապես չեն հիշի»,- ասում է որդեկորույս մայրը։

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված