Երևան +14°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 15:59 13-01-2022

Տղես խոհարար այդպես էլ չդարձավ. զոհվածի մայր

Գեղամ Ավդալյանը 1 տարի 3 ամիս ծառայել է Մարտունի 2-ում, ստացել կրտսեր սերժանտի կոչում։ Պատերազմը սկսվելուն պես տեղափոխվել է Ֆիզուլի։

Մոր խոսքով, ընկերներն օրեր շարունակ խաբում էին, ասում, որ Գեղամը եղել է վերևում և նրան չեն տեսել։ Այնուհետև ընկերներից մեկը զանգում է տղայի սիրած աղջկան, և աղջիկն է տեղեկացնում ծնողներին։

Գեղամի մորաքույրը մեզ հետ զրույցում ասում է․ «Զանգելիս Գեղամը միշտ ասում էր, որ ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա»։

Գեղամն ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 21-ին, իսկ դեպքը տեղի է ունեցել 2օր անց։

«Գեղամը նոր եկած զինվորներին էր խնամում, ասել է․ «իջնեմ, ջահելները նոր են եկել, տեսնեմ՝ ոնց են, ինչ են»։ 7 հոգի են եղել, մտել են խրամատը հանգստանալու, այդ ժամանակ ռումբը պայթել ա, 7-ն էլ մնացել են հողի տակ։ Հետո մյուսները գալիս են, իրենց կյանքը վտանգելով՝ ձեռքով, լապատկայով փորում են, բոլորին հանում։ Տղաս մեջքի կողմից ա վնասված եղել՝ մահացած»,- ասում է ու հուզվում մայրը։

Նա նաև ասում է, որ այդ օրվանից կյանքը շրջվել է և ուշքի չի գալիս։

«Շատ կապված էի Գեղամի հետ։ Կռիվը սկսվեց, ոնց որ խենթի նման լինեի, 3 օր շտապօգնությունը տնից չի գնացել։ Հիմա՝ մի կերպ եմ ուշքի եկել, ունեմ իրա անկյունը, իրա նկարը, տանից չեմ ուզում դուրս գալ»,- ասում է մայրը։

Գեղամ Ավդալյանը ծնվել է Բուլղարիայում, 9 տարեկան է եղել, երբ ընտանիքը որոշել է Հայաստան վերադառնալ։ Ծնողները չեն հարմարվել Բուլղարիային, ցանկացել են, որ իրենց երեխան հայկական դպրոց գնա, բանակ գնա։

Մոր խոսքով, Գեղամն ընկերասեր էր, խելոք, կռիվներ չէր սիրում։ Որոշել էր խոհարար դառնալ, մինչև բանակ գնալն էլ խոհարարության դասերի է մասնակցել, տանն էլ պատրաստում էր։

«Կարտոֆիլ էր տապակում, փլավ էր սարքում։ Ասում էր․ «Բանակից գամ, խոհարարությամբ կզբաղվեմ»։ Այդպես էլ չդարձավ»,- պատմում է մայրը։

Գեղամը հուղարկավորվել է Վարդաշենում՝ պապի գերեզմանի մոտ։

Ֆոտոշարք