Երևան +11°
copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 21:25 30-07-2022

Լեոնարդո դա Վինչին` խոհարար

Քչերը գիտեն, որ Վերածննդի շրջանի ամենահանճարեղ մարդը` Լեոնարդո դա Վինչին, ոչ միայն նկարիչ էր, քանդակագործ, ճարտարարապետ, երաժիշտ, գյուտարար, այլ նաև լավ խոհարար էր։



20 տարի առաջ Իտալիայում հայտնվեց տարօրինակ մի գիրք՝ «Ռոմանովների ծածկագիրը» վերնագրով։ Գրքի կարճ նախաբանում հեղինակը վստահեցնում էր, որ ինքը պատճենել էր Էրմիտաժի արխիվում պահվող Լեոնարդոյի ձեռագիրը։ Այստեղից էլ ծնվել էր գրքի՝ անսովոր վերնագիրը։ Գիրքը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ սա նոր բացահայտում էր մեծ իտալացու մասին: Փորձագետները, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրել էին գիրքը, եկան այն եզրակացության, որ իրոք հնարավոր է Լեոնարդոն լինի դրա հեղինակը, քանի որ բոլոր խոհարարական բաղադրատոմսերն ու իրադարձությունները, որոնք զետեղված են այս գրքում, համապատասխանում են Լեոնարդոյի ապրած դարաշրջանին։



Վերածննդի ժամանակաշրջանում խոհանոցը յուրօրինակ ու բազմազան չէր։ Գերակշռում էին գոթական ցեղերի կողմից Իտալիա բերված կերակուրները։ Հիմնականոմ շատ յուղոտ ճաշատեսակներ էին՝ հագեցած մսով ու առատ համեմունքներով։ Գրեթե չէր օգտագործվում բանջարեղեն, կարտոֆիլը դեռևս չէր հայտնվել այստեղ։ Հիմնականում միսը, հավը, ձուկը մատուցվում էին պաշտետի տեսքով, որին խառնում էին բրինձ ու մեղր, ապա քսում էին հացին։ Գինուն խառնում էին ջուր ու մեղր, կոնյակը կամ բրենդին կիրառվում էր որպես դեղամիջոց ու վաճառվում էր դեղատանը։
Այս ամենը բարձրաճաշակ Լեոնարդոյի սրտով չէր բնականաբար։ Նա որոշում է ավելի նրբահամ ու որակյալ ուեստներ ներմուծել առօրյա կյանք։

1473-ին Դա Վինչին դառնում է Ֆլորենցիայի «Երեք խխունջ» պանդոկի գլխավոր խոհարարը և սկսում է խոհանոցի նոր մշակույթ տարածել իր հայրենակիցների շրջանում։ Սակայն «նոր խոհանոցի» գաղափարը պանդոկի այցելուները ոչ թե ողջույնի, այլ բողոքի բացականչություններով են դիմավորում։ Շիլաներով և առատ մսով ծանրաբեռնված հսկայական ափսեներին փոխարինելու են գալիս դելիկատեսների փոքրիկ չափաբաժնով գեղեցիկ կոմպոզիցիաները։ Դա Վինչիի այս գեղեցիկ մտահղացումը ձախողվում է։



Հերթական մի օր պանդոկի այցելուները իրար հետ վեճի ժամանակ այնքան են բորբոքվում, որ այրում են Երեք խխունջ» պանդոկը: Լեոարդոն իր ընկեր Բոտիչելիի հետ նույն տեղում բացում է իր սեփական հաստատությունը՝ «Սանդրոյի երեք գորտերն ու Լեոնարդոն» անվանմամբ։ Այնուամենայնիվ, Ֆլորենցիայի հասարակությունը դեռ պատրաստ չէր գնահատելու արտասովոր ուտեստները, որքան էլ որ դրանք գեղեցիկ ձևավորված լինեին։ Բոտիչելլին և Դա Վինչին ձախողում են իրենց բիզնեսը և փակում պանդոկը։

Ձանձրույթից Լեոնարդոն մի անգամ մարցիպանից ռազմական մեխանիզմների մի քանի մոդելներ է պատրաստում և ուղարկում Ֆլորենցիայի ղեկավարին` Լորենցո Մեդիչիին, որը նոր ռազմական գործողություններ էր սկսել Հռոմի Պապի հետ։ Մեդինչին, կարծելով, թե դրանք պարզապես արտասովոր տորթեր են, պալատականների հետ ուտում են Լեոնարդոյի մոդելները։ Նկարիչը խիստ ընկճվում է այս լուրից։ Լորենցո Մեդիչին մեղքը քավելու նպատակով երաշխավորագիր -նամակ է ուղարկում Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորցային` նրա արքունիքում Լեոնարդո դա Վինչիին աշխատանքի ընդունելու խնդրանքով։ Հենց Սֆորցայի պալատում էլ Լեոնարդոն հայտնագործում իր ամենահետաքրքիր գաստրոնոմիական ուտեստներն ու տեխնիկան։



Միլանում Լեոնարդո դա Վինչին հորինում է խոհանոցում աշխատանքը հեշտացնող մի շարք սարքեր։ Միաժամանակ նա սկսում է նոթատետրեր պահել, որտեղ նշումներ ու գծագրեր է անում։ Զավեշտալին այն է, որ հայտնաբերված գծագրերի մեծ մասը տարիներ շարունակ հետազոտողները համարում էին ռազմական գործողությունների մեխանիզմներ, իրականում պարզվում է, որ դրանք շատ խաղաղ առարկաներ էին` մսաղացներ, աման լվացող մեքենաներ, ընկույզ կտրելու մեխանիկական սարքեր: Ի դեպ, Լեոնարդոյի հորինած սխտորի ճզմիչը գրեթե անփոփոխ է մնացել մինչ օրս։

Բայց նրա խոհանոցային ամենակարեւոր հայտնագործությունը սպագետտիի գյուտն է։ Իհարկե, մակարոնեղենը Իտալիայում գոյություն ուներ անհիշելի ժամանակներից: Բայց դա կոշտ ու շատ լայն խմոր էր՝ լազանիայի կտորի չափ։ Լեոնարդոն փոխել է սպագետիի ձևը։ Նրա պատրաստած մեքենան կտրում էր երկար բարակ շերտերով, որոնք եփելուց հետո վերածվում էին սպագետտի կամ, ինչպես ինքը` Լեոնարդոն էր անվանում՝ spago mangiabile սպագո մանջիաբիլե, որը նշանակում էր «ուտելի պարաններ»։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ սպագետտին Իտալիայում չի ընդունվել: Մարդկանց թվում էր, թե դրանք ինչ-որ խառնաշփոթ տեսք ունեն և ուտելն ուղղակի անհնար է։ Լեոնարդոն իր ստեղածած մեքենան տեղավորում է սև տուփի մեջ և այլևս ոչ ոքի չի տալիս։



Նույնիսկ իր ընկերոջը՝ ֆրանսիացի թագավոր Ֆրանսուա Առաջինին, որի ամրոցում Լեոնարդոն ապրել է իր կյանքի վերջին տարիներին, նկարիչը չի տվել իր սպագետիի սարքը։ Ֆրանսուան, լինելով «ուտելի պարանների» մեծ երկրպագու, շատ երկար համոզում էր Լեոնարդոյին՝ սպագետին դարձնել ֆրանսիական ազգային կերակուր, բայց ինչ-որ անհասկանալի պատճառով իտալացի գյուտարարը հրաժարվում է դա անել: Նա Ֆրանսուա Առաջինին տվեց իր «Մոնա Լիզա» և «Սուրբ Հովհաննես» կտավները, բազմաթիվ գծագրեր ու ռազմական մեխանիզմների մոդելներ, բայց սպագետիի անգին սարքը Լեոնարդոյի մոտ մնաց մինչև իր կյանքի վերջը:

Իսկ երբ նկարիչը մահացավ, թագավորը բացեց սև արկղը ու տեսավ, որ այն դատարկ էր։



Լեոնարդոն իր կյանքի ընթացքում ոչ միայն նոր ճաշատեսակներ ու խոհանոցային սարքեր հնարեց, այլև նաև մշակեց էթիկետի կանոններ։ Միլանում Սֆորցայի պալատում նա առաջին էր, որ մտածեց ու կիրառեց կտորից անձեռոցիկները։ Բարձրաշխարհիկ հասարակաությունը կրկին դեմ դուրս եկավ այս նորարարությանը։ Միլանում Ֆլորենցիայի դեսպանը ահա թե ինչ է գրում անձեռոցիկների մասին.

«...Վերջերս վարպետ Լեոնարդոն որոշել էր լուծել պարոն Լյուդովիկոյի սփռոցների խնդիրը, որոնց վրայի կեղտոտ բծերը մեծ վիշտ են պատճառում նրան։ Երեկ ընթրիքի ժամանակ յուրաքանչյուր հյուրի առջև նա սեղանին դրել էր առանձին կտորներ, որոնք, նրա կարծիքով, կեղտոտելն ավելի նախընտրելի է, քան սփռոցը: Բայց, ի հիասթափություն Լեոնարդոյի, ոչ ոք չգիտեր, թե ինչ պետք անել դրանց հետ: Ոմանք այդ կտորները փռեցին աթոռների վրա, ոմանք քիթն էին մաքրում դրանցով, ոմանք՝ խաղալով միմյանց վրա էին նետում: Մի քանիսն էլ ուտելիքը փաթաթեցին դրանցով ու թաքցրեցին գրպանում: Իսկ ճաշի ավարտին սփռոցը, միևնույնն է, կեղտոտ էր, ինչպես միշտ»:



Այս դեպքից հետո Լեոնարդոն հուսահատության մեջ ընկավ և այլևս հյուրերին անձեռոցիկներ չառաջարկեց։ Դրա փոխարեն առաջարկեց աղցանի համար նախատեսված մեծ աման, որից աղցանը պետք է հյուրերը լցնեին իրենց ափսեի մեջ ու փոխանցեին մյուսներին։ Առաջինը կարդինալին մոտեցրին աղցանի ամանը և նա սկսեց ընտրել թառափի կտորներն ու լորի ձվերը՝ ընդհանուր ամանի մեջ ձեռք տալով ողջ մթերքին։ Կարդինալից հետո աղցանի ամանը այլևս չդրեցին սեղանին։ Լեոնարդոյի այս մտահղացումը նույնպես ձախողվեց։



Հաջորդ ձախողումը ճակատագրական եղավ նրա համար։ Լեոնարդոն կազմակերպեց Լյուդովիկոյի և Բեատրիչեի հարսանեկան արարողությունը։ Նա Սֆորցա պալատի բակում հենց պալատի տեսքով հարսանեկան հսկա տորթ էր պատվիրել, որի մեջ ու շուրջ պիտի նշեին հարսանիքը և ընթացքում պոկեին ընկույզով, չամիչով ու մարցիպանով կարկանդակներն ու ուտեին։ Լեոնարդոն հաշվի չէր առել մի շատ կարևոր հանգամանք։ Մինչև հարսանիքը կսկսվեր, նրա դիզայնը մեծ հետաքրքրություն առաջացրեցՄիլանի թռչունների և առնետների շրջանում: Հարսանիքի նախորդ գիշերը հավաքվեցին ու հյուրասիրվեցին քաղաքի կենդանիները։ Ամբողջ գիշեր պահակները պայքարում էին այս արշավանքի դեմ։ Առավոտյան պալատի բակը մարտի դաշտ էր հիշեցնում։ Ամենուր տորթի կտորներ էին և առնետների ու թռչունների դիակներ: Հարսանիքը տեղափոխվեց մեկ այլ վայր՝ պալատի պատերից դուրս գտնվող ինչ որ մի բացատ, իսկ Լեոնարդոյին առաջարկվեց իր տաղանդը այսուհետ կիրառել պալատի պատերից դուրս։ Լյուդովիկոն խորհուրդ տվեց նրան այցելել Սանտա Մարիա դելլե Գրացիե եկեղեցու առաջնորդին, որին նկարիչ էր անհրաժեշտ` եկեղեցու պատին նկարելու համար։Այդպես Լեոնարդոն ստեղծեց իր գլուխգործոցը՝ «Վերջին ընթրիքը», որի ստեղծման պատմությունը միանգամայն այլ թեմա է։