Հայկ Մարությանը մերկացրեց Նիկոլ Փաշինյանին
copy image url

Հայկ Մարությանը մերկացրեց Նիկոլ Փաշինյանին

Ներքին 3 տարի առաջ - 14:06 22-12-2021

Այսօր Երևանի ավագանին անվստահություն կհայտնի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Մարությանը ելույթ ունեցավ, և կարելի է ասել, «մերկացրեց» Նիկոլ Փաշինյանին՝ մատնանշելով բոլոր այն արատավոր բարքերը, որոնց պատճառով լքել է ՔՊ-ն․

«Սիրելի Երևանցիներ, խոսքս ձեզ է ուղղվում։ Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում, կարծես թե, այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային՝ ընդդեմ քաղաքապետի։ Օրինակ՝ բյուջեից խոշոր չափի դրամների հափշտակում, կամ ինչ-որ այլ, աշխատանքային, կենցաղային, զարհուրելի հանցանք, բայց, ինչպես ելույթներից հասկացանք, այդպիսիք չկան։ Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է, ինչպես նախաձեռնող խումբն է ասում, քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաև այս պաշտոնը։ Եկեք հասկանանք՝ արդյոք դա այդպե՞ս է, թե՞ ոչ։

2018 թվականին Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց, որին մենք բոլորս մասնակից ենք եղել, և ամեն մեկս մեր լուման ենք ներդրել այդ կարևոր գործում։ Հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները Երևանի ավագանու ընտրություններն էին, որտեղ մենք՝ որպես հեղափոխական թիմ, խնդիր ունեինք ջախջախիչ հաղթանակ տանել և թղթի վրա հստակ ամրագրել ժողովրդի կամքը, ինչն էլ իր հերթին թույլ կտար գնալ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, և ամրագրել այդ հաղթանակն արդեն համապետական մասշտաբով։

Այդ նպատակով ստեղծվեց հեղափոխական «Իմ քայլը» դաշինքը, որի մաս կազմեցին ՔՊ-ն, «Առաքելություն» կուսակցությունը և մի շարք այլ կուսակցությունների անդամներ կամ անկուսակցական ակտիվ քաղաքացիներ։ Ավելորդ չէ հիշեցնել, որ ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց այդ պահին միայն 27-ն էին ՔՊ անդամ, այսինքն՝ ֆրակցիայի մեծ մասը՝ ավագանու 30 անդամ անկուսակցականներ էին, կամ այլ կուսակցության անդամներ։ Սա, կարծում եմ, շատ հատկանշական տվյալ է, որն արտացոլում է մեր հեղափոխական թիմի իրական պալիտրան։

Ընտրությունների արդյունքում մենք ունեցանք շատ համոզիչ հաղթանակ՝ հավաքելով ձայների մոտ 82 տոկոսը։ Կրկնում եմ՝ ժողովուրդն իր ձայնը չտվեց որևէ կուսակցության, ժողովուրդն իր ձայնը տվեց «Իմ քայլը» դաշինքին, իր ձայնը տվեց հեղափոխությանը, հեղափոխական թիմին, հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, թիմում ընդգրկված հայտնի և հարգված մարդկանց, օրինակ՝ հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանին, հայտնի բլոգեր Իզաբելա Աբգարյանին, հայտնի ճարտարապետ Արսեն Կարապետյանին, և շատ այլ մարդկանց, որոնք տարիներ շարունակ իրենց նվիրել էին Հայաստանում հեղափոխության հաղթանակի գործին։ Այստեղ շատ կարևոր նրբություն կա․ հեղափոխական թիմը չգնաց ընտրությունների ՔՊ կուսակցության դրոշի ներքո ոչ միայն նրա համար, որ հեղափոխությունն արեց ամբողջ ժողովուրդը, այլ ոչ թե ինչ-որ կուսակցություն, այլ նաև նրա համար, որ «Քաղաքացիական պայմանագիր» անունը այդ ժամանակ լայն զանգվածներին գրեթե ծանոթ չէր։

Այսպիսով եկեք արձանագրենք, որ 2018 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, եթե անձերին մի կողմ դնենք, ապա ժողովուրդն ընտրեց «Իմ քայլը» հեղափոխական դաշինքը։ Այսօր այս պրոցեսը նախաձեռնող խումբը որպես անվստահության հիմք ասում է՝ քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից և դուրս եմ եկել «Իմ քայլը» դաշինքից, ապա չեմ կարող լինել քաղաքապետ։

Սիրելի հայրենակիցներ, պաշտոնապես ասում եմ՝ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, շարունակում եմ մնալ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամ, և նախաձեռնող խմբի այս պնդումը ուղղակի կեղծիք է։ Ի դեպ, իրենց փաստարկներում հիշատակելով ՔՊ կուսակցության անունը, այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը։ Սա ինձ համար անընդունելի է, և ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն, և հեղափոխություն են արել ավելի լավ Հայաստանի երազանքով։ Ասեմ ավելին՝ ՔՊ-ականները բավականին առաջ են գնացել, նրանք վերջերս առաջ են տանում այն թեզը, որ ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը, ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին, դա նույնպես անընդունելի է և վիրավորական այն քաղաքացիների համար, որոնք կուսակցության անդամ չեն։

Հետևաբար ո՞րն է անվստահության հիմքը․ այս օրերին նախաձեռնության հեղինակները և նրանց կուսակցական ընկերներն ասում են նաև, թե Հայկ Մարությանը՝ ես, շեղվել եմ հեղափոխական արժեքներից, հիմա տեսնենք, թե ո՞վ է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։

2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել, և հանկարծ մի օր իմացանք, որ Կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ՝ նախարարները 1,5 մլն դրամ են ստանում, խոսքը մաքուր գումարի մասին է, փոխնախարարները 1 մլն դրամ են ստանում և այսպես շարունակ․․․, հեղափոխական նախարարները գաղտնի որոշմամբ։ Հիշեցնում եմ, ես չեմ խոսում պետական կառավարման համակարգի տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պորֆեսիոնալներ են և դրա համար պետք է գնահատվեն, ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած և հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։ Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան և անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում։ Կասեք՝ ինչո՞ւ չէիր շուտ խոսում սրա մասին․ ուրեմն բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում։ Ոչ մի արձագանք, կարծես ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ։

Բացի դրանից աշխատանքի ընթացքում տարբեր զանգեր էի ստանում, ամենաբարձր ռանգի պաշտոնյաների կողմից, որոնք ասում էին՝ պարոն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցը ինչ-որ «վատ» քոմենթ է գրել կամ վատ ստատուսի տակ լայք է դրել, իրենք պետք է աշխատանքից հեռանան։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան ասեմ եմ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունը ախր նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էի։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, ախր երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում, ախր ամեն ինչ ֆեյսբուքով չի սկսվում և ավարտվում։ Հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ այստեղ եկել, ես գործով եմ զբաղված։ Կարճ ասած՝ մերժում էի նման բոլոր առաջարկները։ Բայց դա դեռ ծաղիկներն էին, հետո սկսեցին տարատեսակ պաշտոնյաներ զանգել և իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել․ էս ծաղկի բուտկան էստեղ դնենք, թույլտվությունը տանք, սա էսքան հարկ ավելացնենք, էս հողը ընդլայնենք և այլն։ Եվ բնականաբար, բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը՝ քանի ես այստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի և օրինականության շրջանակներում, և բոլորը հավասար են օրենքի առաջ։ Այդտեղ սկսվեց իմ և ՔՊ-ի միջև աշխարհայացքների խզումը»,- ասաց Մարությանը։

Ավելիին տեղեկանալու համար բաժանորդագրվեք Oragir.news-ի ֆեյսբուքյան էջին։

Ամենից շատ դիտված

13:02 Հերացին էլ, Մաշտոցն էլ կփակեմ, մենք մեր ուզածին հասնելու ենք, պիտի գան մեր երեխեքը. ակցիայի մասնակից
22:19 ԱՄՆ-ն 30 տոննա կշռող բունկերային ռումբով հարված է պատրաստում Իրանին
18:09 Սննդի անվտանգության ապահովո՞ւմ, թե՞ հաշվեհարդար. ինչու «Տաշիր պիցցա»-ն «հանկարծակի» վտանգավոր դարձավ
19:24 Էս մասշտաբի վախկոտ ղեկավար ոչ մեկ չի տեսել. ինչ անում է՝ վախից դրդված. Ռուբեն Մխիթարյան
15:45 Գարեջուր տեղափոխող բեռնատար է շրջվել. քաղաքացիները հավաքել են չջարդված շշերը
08:23 Վախեցել են, որ Տաշիրից Երևան կգան Կարապետյանին աջակցելու. Հրապարակ
13:27 Փաշինյանը երկրի թիվ 1 գինեկոլոգն է, բժիշկն է, տնտեսագետն է, խայտառակություն է․ ակցիայի մասնակից
20:00 Ճնշումներ Օնիկ Գասպարյանի հանդեպ, ֆեյքերի «որս», այց օկուպացված Շուշի. ինչով կհիշվի Արմեն Աբազյանը
16:47 Երիտասարդը կյանքից զրկել է ընկերուհուն, իսկ մայրը օգնել է թաքցնել մարմինը
14:45 Արևմտամետները Սամվել Կարապետյանին սատարելու հիմքեր ունեն