copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:07 20-12-2021

Քաղաքական «օմիկրոն»՝ ամերիկյան տոնի սիմվոլի ու իրավապաշտպանի հիբրիդ

«Ժամանակին պրոֆեսիոնալ զբաղվել եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ, հիմա էլ գործունեությունս դրան է միտված, էլ չասեմ, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» անդամ եմ»,- 2017թ․ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, «Ֆեյսբուքում» «ավետում» էր Արայիկ Հարությունյանը, որը հետո նախարարի պաշտոնում պիտի տապալեր կրթության ու գիտության ոլորտը, ոտնահարեր կրթության ոլորտում ներգրավված անձանց իրավունքները, հասցներ վաստակել զվարճալի մականուն ու նշանակվել էլ ավելի բարձր պաշտոնի:

«Իրավապաշտպան» Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման օրոք բարձր միավորներ ստացած դիմորդները դուրս մնացին բուհերից, և երեխաների ցույցերը ցրեցին կարմիր բերետավորների «օգնությամբ», նրա պաշտոնավարման ժամանակ ոստիկանները քարշ տվեցին հայագիտական առարկաների ոչ պարտադիր լինելու համար նստացույց անող երիտասարդներին:

Մարդու իրավունքների պաշտպանության այս ֆալշ ջատագովը իր նշանակման առաջին տարում փորձեց ստորացնել տնօրենների օգոստոսյան խորհրդակցության մասնակից մանկավարժին՝ պահանջելով հնչեցրած դժգոհությունը նաև անգլերեն ասել:

Այժմ ամերիկյան տոներից մեկի գլխավոր սիմվոլի մականունով «իրավապաշտպանը» հանգրվանել է մի կառավարությունում, որի ղեկավարը քարոզարշավի ժամանակ հերոսացնում էր գերիներին, իսկ հիմա դասալիք է համարում ու կալանավորում, իսկ նրա ֆեյքերն ու ուսապարկերը հայհոյում են՝ հանուն Հայաստանի շահերի գործող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

ՄԻԵԴ-ում գերիների շահերի ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն, օրինակ, իրավացիորեն հայտարարում է, որ, անկախ իրենց մեղսագրվող արարքներից՝ գերիները պետք է մնան ազատության մեջ, և որ անթույլատրելի է նրանց հրապարակային դաշտում թիրախավորելը, հատկապես որ իրավական և բարոյական առումով նրանց կալանավորելու համար հիմքեր չկան: Բայց այս ամենը «իրավապաշտպան» Արայիկ Հարությունյանին և նրա «շեֆին» չեն հետաքրքրում, կարևորը՝ պսևդո-իրավապաշտպանն ունի ծառայողական ավտոմեքենա, տաքուկ ու լուսավոր աշխատասենյակ, պաշտոն՝ հնարավոր բոլոր հետևանքներով և հայրենիքի ավելորդության գիտակցություն: Իհարկե, մի առիթով այս մարդն ասել է, որ ամենաազգային կառավարությունն են, ինչի «պտուղները» ևս քաղել ենք, բայց դրա մասին մեկ ուրիշ առիթով:

Արեգ Արևյան