Հայկ Դեմոյանը գրում է.
ԵԶԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը օրերս հաջողվեց ձեռք բերել միջազգային աճուրդներից մեկում: Լուսանկարին կցված է ուղեկցող տեքստ, որտեղ նկարագրվում են բոլոր այն փորձությունները, որոնց միջով նա անցել է Հայոց ցեղասպանության տարիներին:
Բացառիկ կենսագրություն ունեցող Ավրորա Մարդիգանյանը խիզախություն ունեցավ իրեն ու իր ժողովրդին պատուհասած ողբերգությունը ներկայացնել ողջ աշխարհին՝ խաղալով իր իսկ դերը 1918 թվականի Կալիֆորնայում նկարահանված «Հոգիների աճուրդը կամ Հոշոտված Հայաստան» համր ֆիլմում: Այս ֆիլմը ցուցադրվեց աշխարհի բազմաթիվ երկրներում, զգալի նպաստ բերելով ցեղասպանությունից փրկված որբերի օգտին կազմակերպված դրամահավաք աշխատանքներին: Ավրորան առաջիններից էր, ով սկիզբ դրեց Հայոց ցեղասպանության միջազգային իրազեկման ու ճանաչման համար մղված պայքարին:
Այսօր ստահակների մի խումբ հանդես գալով Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող, զոհերի ու վերապրողների հիշատակը ծանակող հայտարարություններով, կարծում է, թե դա կգնահատվի ոճրագործությունն իրականացված երկրի իրավահաջորդների կողմից:
Անմեղսունակ միամիտները շարունակաբար հույս են տածում, թե Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանությունն հենց այն գինն է, որը վճարելու դիմաց ժողովուրդների բարեկամությանն ու աշխույժ առևտրատնտեսական հարաբերությունների նոր սկիզբ կազդարարվի:
Այն ազգը, որը գիտակցաբար մոռացություն է տալիս իր նահատակներին ու հերոսներին, նախընտրում է մոռացությունն ու ստորացված ապրելակերպը հանուն շահի ու կարճաժամկետ օգուտների՝ ապագա չունի: