Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, որի դեմ Ադրբեջանում հարուցված շինծու քրեական գործով դատավարությունն այսօր մեկնարկել է, նախօրեին բանտից ուղերձ էր տարածել, որը երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, հրապարակվել է ֆեյսբուքյան իր էջում։ Վարդանյանն իր ուղերձը փոխանցել է հեռախոսազանգի ընթացքում։
Նամակում Վարդանյանը հայտնել է իր դեմ գործադրված ճնշումների, ինչպես նաև ցուցմունք կորզելու փորձերի մասին։ Այս կապակցությամբ նա շեշտել է, որ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել՝ բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել է իր անուն-ազգանունը:
Հատկանշական է, որ Արցախի նախկին պետնախարարը անձնական յուրօրինակ խիզախություն է դրսևորում և միայնակ փորձում փրկել բոլորիս դեմքը՝ չնայած այն բանին, որ շուրջ 16 ամիս է, ինչ գտնվում է ադրբեջանական բանտում և անասելի ճնշումների է ենթարկվում։ Մյուս կողմից՝ Ռուբեն Վարդանյանն այսկերպ հայ հանրությանը կոչ է անում չվախենալ ու չհուսահատվել՝ ակնարկելով, որ անգամ այս իրավիճակում ամեն ինչ կորսված չէ՝ ի հեճուկս հակառակի մասին բոլոր հավաստիացումներին։
Oragir.News-ը ստորև ներկայացնում է Ռուբեն Վարդանյանի կենսագրությունն ու նրա գործունեության առանցքային դրվագները․
Վարդանյանը ծնվել է 1968 թվականի մայիսի 25-ին Երևանում։ 1985 թվականին նա ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 20 դպրոցը։ 1986-1988 թվականներին զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում։ 1985-1992 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում և գերազանցությամբ ավարտել այն։ Փորձաշրջան է անցել Իտալիայի «Banca CRT»-ում, 1992-ին ավարտել է Նյու Յորքում «Merrill Lynch»-ի կազմակերպած՝ զարգացող շուկաներին վերաբերող դասընթացները, կարճաժամկետ ծրագրեր է անցել INSEAD-ում (Ֆոնտենբլո, Ֆրանսիա, 2000 թվական), Հարվարդի բիզնես դպրոցում (2001, 2005, 2018 թվականներ), Եյլի համալսարանում, Սթենֆորդի համալսարանի բիզնեսի բարձրագույն դպրոցում (2012 և 2013 թվականներ) և Սինգապուրի Նանյան տեխնոլոգիական համալսարանում։
Արցախյան 44-օրյա պատերազմից ամիսներ անց՝ 2021 թվականի հունիսի 19-ին, Վարդանյանը հայտարարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու մասին։ Արդեն 2022 թվականի սեպտեմբերի 1-ին նա հրաժարվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ։ Նրա որոշմամբ՝ ռուսական ամբողջ ակտիվները փոխանցվել են ընտանեկան հիմնադրամին, իսկ դրանց կառավարումը` գործընկերներին:
2022 թվականի հոկտեմբերի 20-ին Վարդանյանը Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով համաձայնել է ստանձնել հայկական երկրորդ հանրապետության կառավարության ղեկավարի՝ պետական նախարարի պաշտոնը։ Ռուբեն Վարդանյանը՝ որպես Արցախի պետնախարար, պաշտոնավարեց ընդամենը երեքուկես ամիս՝ 2022-ի նոյեմբերի 4-ից մինչև 2023 թվականի փետրվարի 23-ը։ Վարդանյանը Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց՝ հույս ունենալով, որ Ադրբեջանը կապաշրջափակի Լաչինի միջանցքը, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Արցախի շրջափակման ողջ ընթացքում Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ էր տալիս միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին՝ ուշադրություն հրավիրելով Արցախում ստեղծված օրհասական իրավիճակի և խորացող հումանիտար ճգնաժամի վրա։
Վարդանյանն իր բիզնես գործունեությունը սկսել է 1991-1992 թվականներին՝ աշխատելով «Տրոյկա Դիալոգ» բրոքերական ընկերությունում որպես փորձագետ, առաջնային շուկայի բաժնի ղեկավար․ ընկերությունում նա աշխատել է հիմնադրման պահից ի վեր։
1992 թվականից ի վեր ղեկավարել է «Տրոյկա Դիալոգ»-ը՝ զբաղեցնելով գործադիր տնօրենի, այնուհետև՝ նախագահի, գլխավոր գործադիր տնօրենի ու «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները մինչև 2012 թվականի հունվարի 23-ը, երբ ընկերությունը վաճառվեց «Սբերբանկին»։ Այնուհետև եղել է «Սբերբանկ»-ի համաղեկավարը (մինչև 2013 թվականի օգոստոսը), հետագայում՝ «Սբերբանկի» վարչության նախագահի խորհրդականն ու խորհրդի ղեկավարը (մինչև 2015 թվականի հոկտեմբեր)։
2002-2004 թվականներին «Ռոսգոսստրախի» գլխավոր տնօրենն էր, միաժամանակ ղեկավարում էր «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը։
2013 թվականին «Տրոյկա Դիալոգ»-ի գործադիր տնօրեն և նախկին գործընկեր Միխայիլ Բրոյթմանի հետ ստեղծել է «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ներդրումային ընկերությունը։ Գործընկերների հետ միասին Մոսկվայում պրեմիում դասի «Ռոմանով դվոռ» և «Վոզդվիժենկա» բիզնես կենտրոնների սեփականատերն է ու ղեկավարը։
Ռուբեն Վարդանյանը եղել է տնտեսության առանցքային ուղղություններում գործող հայաստանյան, ռուսաստանյան և արտասահմանյան ընկերությունների տնօրենների, հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամ․ արդյունաբերություն («ԿամԱԶ», «Sollers», «ԱվտոՎԱԶ», «Նովատեկ», «Սիբուռա», «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» և այլն), բարձր տեխնոլոգիաներ և նորարարություն (Ռուսաստանի վենչուրային ընկերություն և այլն), ֆինանսներ և ապահովագրություն (Միջազգային ֆինանսական կորպորացիայի (Համաշխարհային բանկի կառուցվածքում ֆինանսական ինստիտուտ)) տնտեսական հարցերով խորհուրդ, «Ամերիաբանկ» (Հայաստան), Մոսկվայի բանկ, «Standard Bank Plc» (Մեծ Բրիտանիա), «Ռոսգոսստրախ», «Marsh & McLennan Companies» (ԱՄՆ) և այլն, անշարժ գույք և ենթակառուցվածքներ (Շերեմետյեվո միջազգային օդանավակայան, AVICA)։
2000-2012 թվականներին եղել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության կառավարման բյուրոյի անդամ։ Ռուսաստանում եղել է «Երիտասարդ նախագահների կազմակերպության» (Young Presidents Organisation - YPO) առաջին ղեկավարը։
2015 թվականին Վարդանյանը հիմնել է «Phoenix Advisors» ընկերությունը, որն առաջարկում է ընտանիքի բարեկեցության պաշտպանության ու կառավարման ծառայություններ և օգնում է գործարարներին մշակել ժառանգորդության ծրագիր։
Կրթության ոլորտը մշտապես եղել է Վարդանյանի բիզնես գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը․ նրա նախագծերի մի մասը կապված է Հայաստանում, Ռուսաստանում և ԱՊՀ-ում կրթական նախաձեռնությունների հետ։
Նա «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկերն է, միջազգային հոգաբարձուների խորհրդի փոխնախագահը։ 2006-2011 թվականներին եղել է դպրոցի տնօրենը։
Բացի դրանից՝ Վարդանյանը գլխավորում է Զարգացող շուկաների հետազոտության ինստիտուտի դիտորդական խորհուրդն ու «Սկոլկովո» բիզնես դպրոցի բարեգործության ու բարեկեցության կառավարման կենտրոնի փորձագիտական խորհուրդը։
Ռուբեն Վարդանյանը 16-19 տարեկանների համար նախատեսված «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի համահիմնադիրն է։ Հիմնադրումից ի վեր դպրոցում ուսում է ստացել 450 ուսանող ավելի քան 80 երկրից։
2013 թվականին իր տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ համատեղ հիմնել է «Scholae Mundi» կրթական նախաձեռնությունների հիմնադրամը, որը ոչ կոմերցիոն հիմունքներով աջակցում է «UWC Դիլիջան» դպրոցի և այլ կրթական հաստատությունների սաներին՝ կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման միջոցով, ինչպես նաև համատեղ ծրագիր է սկսել Շոտլանդիայի «Դեմֆրիս Հաուս» կրթական կենտրոնի հետ, որը գործում է Ուելսի արքայազնի հովանու ներքո։
2021 թվականին Ռուբեն Վարդանյանը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հետ համատեղ Հայաստանում հիմնադրել է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը։ Վերջինս մշակում և անցկացնում է ծրագրեր՝ նախատեսված միջին և բարձր օղակների ղեկավարների, ինչպես նաև ձեռնարկատերերի համար:
Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի և այլ երկրների մի շարք կրթական հաստատությունների՝ ՌԴ նախագահին կից Ռուսաստանի ազգային տնտեսության ու պետական ծառայության ակադեմիայի (2014 թվականից), Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի (2014-2017 թթ.) հոգաբարձուների, Բրազիլիայի «Fundação Dom Cabral» (FDC) բիզնես դպրոցի (2009 թվական), Ճապոնիայի «International Christian University»-ի միջազգային խորհրդատվական (2011-2015) և Չինաստանի «GuangHua» կառավարման դպրոցի (2008-2014) խորհուրդների անդամ է եղել։
2000-2016 թվականներին եղել է Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի նպատակային կապիտալի հիմնադրամի հոգաբարձուների, 2008-2009 թվականներին՝ հիմնադրամի խորհրդատվական խորհուրդների անդամ։ 2005-2008 թվականներին եղել է Միջազգային բակալավրիատի կազմակերպության (International Baccalaureate Organisation) հիմնադրամի խորհրդի անդամ։
Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է «Yidan Prize-2019» (Հոնկոնգ) հանձնաժողովի կազմում։ Դա կրթության զարգացման ոլորտում ներդրման համար շնորհվող խոշորագույն մրցանակն է։
Արցախի նախկին պետնախարարը «Հայաստան-2020» և «Հայաստան-2031» ծրագրերի նախաձեռնողներից մեկն է, որոնց նպատակը երկրի ու հայ ազգի զարգացման սցենարների մշակումն է։ Բացի դրանից՝ նա ՀՀ կառավարության ստեղծած Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է։ 2007-2014 թվականներին եղել է ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2008-2017 թվականներին՝ Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։
Ռուբեն Վարդանյանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (Initiatives for Development of Armenia, IDeA) հիմնադրամի համահիմնադիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի զարգացման երկարաժամկետ նախագծերի իրականացմանը։
Այդ նպատակով IDeA հիմնադրամում մշակվել է Սոցիալ-տնտեսական զարգացման մասնավոր գործակալության (Private Agency for Socio-Economic Development, PASED) հայեցակարգը։ Համաձայն այդ հայեցակարգի՝ բարեգործական նախաձեռնությունների ֆինանսական կայունությունն ապահովվում է ներդրումային ծրագրերի միջոցով, որոնցից ստացված եկամուտները նորից ուղղվում են նախաձեռնությունների օպերացիոն գործունեության ապահովմանը։
IDeA հիմնադրամի սկզբունքներին համաձայն՝ իրականացվել և իրականացվում են հետևյալ նախագծերն ու ծրագրերը․ «Տաթևի վերածնունդ», «Դիլիջանի զարգացում», «Սուրբ Գևորգ և Թբիլիսիի հին քաղաք», «Արցախի զարգացում» (այդ թվում՝ Մուշկապատ գյուղի եկեղեցու և Շուշիի մզկիթի վերականգնում), «Աջակցություն սիրիահայերին», FAST։
Վարդանյանի և իր գործընկերների կողմից 2010 թվականին աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու՝ «ՏաԹևեր»-ի կառուցումը «Տաթևի վերածնունդ» ծրագրի մի մասն է։ Ծրագիրը նախատեսում է Տաթևի վանական համալիրի վերականգնում և տեղական համայնքների զարգացում (աշխատատեղերի ստեղծում, համայնքներում գործարարության աջակցություն և տեղի բնակչության կենսամակարդակի բարձրացում։
Ռուբեն Վարդանյանը նախաձեռնել է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը 2008 թվականին։ Ծրագրին աջակցել է 161 գործընկեր 18 երկրից։ Ծրագրի շրջանակում 2010 թվականին ամբողջությամբ վերականգնվեց վանական համալիրի կառույցներից մեկը՝ Ձիթհանը։ 2016-ին վերականգնվել է վանական համալիրի Հյուսիսային մուտքը, ինչպես նաև մուտքի հարակից աղբյուրը։
Ռուբեն Վարդանյանը նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկն է, որը նա իրականացրեց Վարդան Գրեգորյանի և Նուբար Աֆեյանի հետ միասին, իսկ արդեն նախորդ տարի նրանց միացավ Էրիկ Էսրայիլյանը։
2015 թվականին կյանքի կոչված այս նախաձեռնության նպատակն է հարյուր տարի անց մարդկության ուշադրությունը հրավիրել այն անձանց գործունեության վրա, որոնք այսօր օգնում են աղետալի վիճակում հայտնված մարդկանց՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր ժամանակին օգնել են փրկվել հայերին։ Այս նախագիծը ստացել է 200 գործընկերների աջակցություն։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում հիմնվեց ամենամյա «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը (Aurora Prize for Awakening Humanity)։ Մրցանակն անվանվել է Ավրորա Մարդիգանյանի պատվին, որը մեծ դեր է խաղացել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին իրազեկելու գործում՝ իր վերապրած արհավիրքների մասին պատմելով «Հոշոտված Հայաստան» գրքում, որի մոտիվներով համանուն ֆիլմ է նկարահանվել։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է ամեն տարի Երևանում՝ մեծարելով մերօրյա հերոսներին՝ նրանց, ովքեր իրենց վտանգի են ենթարկում ուրիշներին փրկելու համար։
Վարդանյանի գործունեության առանցքային ուղղություններից մեկն էլ հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումն է ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, ինչը Ռուբեն Վարդանյանի ստեղծած IDeA հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկն է։
Այս շրջանակում 2015 թվականին ավարտվեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ տաճարի՝ Սուրբ Գևորգի վերականգնումը։ Վերականգնումը տևել է 3 տարի և իրականացվել է բացառապես բարերարների՝ Ռուբեն Վարդանյանի, Ալբերտ Ավդոլյանի, Սերգեյ Սարկիսովի և այլոց միջոցներով։
2013 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կայացավ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ տաճարի և եկեղեցական համալիրի բացման և օծման արարողությունը։ Այդ առիթով սեպտեմբերի 18-ին Ռուբեն Վարդանյանին, այլ բարերարների հետ միասին, շնորհվեց Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը։ Վարդանյանը Մոսկվայում կառուցված Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդանիստ եկեղեցական համալիրի 16 հիմնադիրներից մեկն է։
2017 թվականին Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգվել է Արցախի Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին: Նա մեծապես կարևորում էր նաև մյուս ազգերի մշակութային ժառանգության պահպանումը: Ռուբեն Վարդանյանի ջանքերով է վերանորոգվել նաև Շուշիի Գոհար տիկնոջ վերին մզկիթը, որը վերաբացվել է 2019 թվականի հոկտեմբերին, սակայն դրանից մեկ տարի անց՝ 2020-ի նոյեմբերին, այն անցավ Ադրբեջանին, քանի որ հայկական կողմը Արցախյան 44-օրյա պատերազմի վերջում կորցրեց քաղաքի նկատմամբ վերահսկողությունը։
Մեծ ուշադրության և գնահատանքի է արժանի Վարդանյանի գործունեությունը Արցախում՝ ինչպես շրջափակումից առաջ, այնպես էլ այդ ընթացքում։
2022 թվականի աշնանը Վարդանյանը հիմնում է «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը, որն իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման ծրագրեր։ Գործակալության գործունեությունն ուղղված է մարդասիրական և բարեգործական նախագծերի իրականացմանը. բնակելի տների վերականգնում, էլեկտրաէներգիայի պահուստային աղբյուրների ստեղծում, արևային ջրատաքացուցիչների տեղադրում, բժշկական կարիքների համար մեքենաների տրամադրում, կրթական և ժամանցային միջոցառումների կազմակերպում և այլն։
Հոկտեմբերի 28-30-ը Ստեփանակերտում անցկացվում է «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության առաջին ռազմավարական հանդիպումը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ավելի քան 60 մասնագետներ։ Նպատակն էր սահմանել Արցախի ռազմավարական հարցերը՝ անվտանգության, ժողովրդագրության, կրթության, տնտեսության, առողջապահության, սոցիալական ապահովության և ազգային ինքնության բնագավառներում։
Արցախի պետնախարարի պաշտոնից ազատվելուց հետո Վարդանյանը մնաց Արցախում՝ արցախցիների կողքին։
Նրա հիմնադրած «Մենք ենք, մեր սարերը» գործակալության միջոցով շրջափակված Արցախում բարեգործական ու սոցիալական մի շարք ծրագրեր էին իրականացնում՝ ուղղված ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող բնակչության առողջապահական ու կենսական այլ կարիքները մեղմելուն: Այդ ընթացքում մասնավորապես ձեռք է բերվում էլեկտրամոբիլ՝ դիզվառելիքի և բենզինի իսպառ բացակայության պայմաններում հղի կանանց հիվանդանոց տեղափոխելու համար, բացվում է երկու սոցիալական-բարեգործական ճաշարան:
Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։ Այդ օրը Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնեց, որ Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի սահմանային անցակետում՝ Արցախից դեպի Հայաստան ուղևորվելիս, այնուհետև տեղափոխվել է Բաքու։
Հայաստանն այս կապակցությամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոցի կիրառման պահանջով, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին պարտադրվի տեղեկություն տրամադրել Վարդանյանի գտնվելու վայրի և վիճակի մասին, ինչպես նաև երաշխավորվի նրա իրավունքների պաշտպանությունը՝ Մարդու իրավունքների մասին միջազգային կոնվենցիայի համաձայն։
Ռուբեն Վարդանյանից բացի՝ ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվում են Արցախի 3 նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև ևս 15 զինծառայող, որոնք գերեվարվել են 2020-2023 թվականներին։
Oragir.News-ը զորակցություն է հայտնում ադրբեջանական բանտերում պահվող բոլոր հայ գերիներին, նրանց ընտանիքների անդամներին ու բարեկամներին, իսկ Հայաստանի իշխանություններին հորդորում գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի վերջիններս օր առաջ ազատվեն ադրբեջանական գերությունից և վերադառնան Հայաստան։Դավիթ Գույումջյան