Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է փակ մնալ․ ԱԻՆ
Երևան +23°
Միտք 5 ամիս առաջ - 21:48 15-12-2021

Հովհաննես Հովհաննիսյանը՝ որպես ուղերձ․ ինչ է ասում Փաշինյանը մտքի գյուղացիներին

Վահան Տերյանը մի ծրագրային հոդված ունի, որով Ստեփան Շահումյանի խնդրանքով հայ հասարակությանն է ներկայացնում Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի՝ Վլադիմիր Լենինի այն թեզերը, որոնք վերաբերում են գյուղացիությանը։ Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ևս անընդհատ խոսում է և ինչ-որ ուղերձներ է ուղարկում բացարձակապես բոլորին, բայց քանի որ նրա խոսքում ու մեր կյանքում աղմուկը շատ է, նրա ուղերձները մնում են անհասկանալի և մեկնաբանության կարիք ունեն։ Երկու օրից՝ դեկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումով Երևանի պետական համալսարանի ռեկտոր կընտրվի աստվածաբան, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը ինքնին Նիկոլ Փաշինյանի մի առանձին ուղերձ է։ Հասկացողները ուղերձը վաղուց հասկացել են, բայց կա մի հատված, որին ոչ մի կերպ ձեռնտու չէ հասկանալը, այդ հատվածին պայմանականորեն կոչենք մտքի գյուղացիություն, որովհետև հայտնի է, որ ավելի ցածր քաղաքակրթական մակարդակ ունեցող նվաճողների համար միշտ գյուղացիությունը՝ որպես անդեմ զանգված, եղել է թիրախից դուրս։ Ուրեմն եկեք հասկանանք, թե ինչ է ասում Հ․ Հովհաննիսյանի միջոցով Փաշինյանը։

Ամենակարևոր բացահայտումը, որը երևում է ոչ միայն Հ․Հովհաննիսյանի նշանակումից, այլև ԵՊՀ-ի շուրջ ծավալվող երեքամյա գործընթացներից, այն է, որ լիարժեք կարելի է տեսնել Նիկոլ Փաշինյանի և ներկայիս իշխանության վերաբերմունքը ընդհանրապես օրենքների և կարգերի հանդեպ։ Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը նաև հայ ժողովրդի մի մասի մարմնացումն է և իդեալը, ապա կարելի է տեսնել ընդհանրապես հայ ժողովրդի մի հատվածի վերաբերմունքը օրենքների հանդեպ։ Իսկ այդ վերաբերմունքը շատ պարզ է․ օրենքը մի բան է, որը ոչ թե պետք է անվերապահորեն կատարել, այլ պետք է շրջանցել, օգտվել նրա երկիմաստություններից և ի վերջո, եթե նրանից «քյար» չկա, ապա պետք է օրենքը փոխել։ Հոգաբարձուների խորհուրդների ձևավորման ժամկետների խախտումներ, մեկ օրվա մեջ նույն տեքստով դիմումների ներկայացում, որով հոգաբարձուները հրաժարվում են մանդատներից, բուհական ինքնավարության սահմանադրական պահանջի ոտնահարում, ԵՊՀ կանոնադրության փոփոխություն, որ իշխանության սիրելին դառնա ռեկտոր, ևն, ևն և անվերջ ստախոսություն՝ ամեն ինչի վերաբերյալ։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը նախ սովորեցնում է արհամարհել գործող օրենքները, կարգերը և ավանդույթները, եթե դրանք նշութական շահ չեն ապահովում։

Մինչ հիմնական ուղերձներին անցնելը՝ համառոտ վերհիշենք, թե ինչ գիտենք Հովհաննես Հովհաննիսյանի մասին։ Նա բավականին համեստ ընդունակությունների տեր, չափազանց ճարպիկ, հաշվենկատ, պրագմատիկ, սեփական շահը ամեն ինչից վեր դասող, գաղափարական ոչ մի սկզբունք ու բարոյական արգելակ չունեցող անձնավորություն է։ Գուցե ծանր մանկությունը կամ պատանեկությունը նրա մեջ ամրացրել են այն համոզմունքը, որ այս աշխարհի երեսին ամենակարևոր բանը փողն է։ Օրինակ՝ ժամանակին դիակիզարանների անհրաժեշտության մասին գիրք, հոդվածներ գրած, ելույթներ ունեցած մարդը վերջին շրջանում այլևս խուսափում է դիակիզարանների մասին խոսելուց։ Ինչո՞ւ։ Որովհետև այլևս չի վարձատրվում դրա համար։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը, Հովհաննես Հովհաննիսյանին նշանակելով ռեկտոր, ընդգծում է, որ իր համար ամենակարևոր հատկանիշը փողասիրությունն է։

Հ․Հովհաննիսյանը, լինելով ԱԺ պատգամավոր, գրել է մի օրենք, որի ամենակարևոր դրույթները Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել, նա արել է հայտարարություններ, օրինակ՝ ԵՊՀ-ի գործունեության կամ Հոգաբարձուների խորհրդի վերաբերյալ, որոնք ոչ թե չեն իրականացել, այլ եղել է ճիշտ հակառակը, բայց ոչ մի տիպի պատասխանատվության չի ենթարկվել։ Հետևաբար, կարելի է փաստել, որ Նիկոլ Փաշինյանի համար անպատասխանատվությունը ամենակարևոր հատկանիշներից է։

Հովհաննես Հովհաննիսյանի մյուս կարևոր հատկանիշը ստախոսությունն է։ Երեք տարի շարունակ նա հնարավոր բոլոր հարթակներից պնդում էր, որ ինքը չի հավակնում համալսարանի ռեկտորի պաշտոնին, բայց վերջում պարզվեց, որ ճիշտ էին այն տեղեկությունները, թե դա նրա մանկության երազանքն է։ Հետևաբար, ճիշտ հասկացաք․ Նիկոլ Փաշինյանը շատ սիրում է ստախոսներին։

Մամուլում անընդհատ գրվել է այն մասին, որ Հ․Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են գրագողության բազմաթիվ դեպքեր, զեղծարարություն է եղել, երբ նրա դոկտորականը ներկայացվել է որպես հայագիտական ուսումնասիրություն, դոկտորականի համար անհրաժեշտ հոդվածների քանակը կեղծված է և բազում այլ կեղծարարություններ ու զեղծարարություններ, բայց ․․․ պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանին դա դուր է գալիս։

Կարելի է չանդրադառնալ Հ․Հովհաննիսյանի՝ հայերենի խայտառակ իմացությանը, անձնական հաշիվներ մաքրելու համար ԱԱԾ օգնությանը դիմելուն, Հայաստանի ապագային չհավատալուն (զավակներն այլ երկրի քաղաքացի են), ծրագիր, թիմ ու հեղինակություն չունենալուն և բազմաթիվ այլ հատկանիշների։ Կարևորն այն է, որ Հովհաննես Հովհաննիսյանն ունի Նիկոլ Փաշինյանի համար ամենակարևոր հատկանիշները՝ թիմի անդամ է և կարողանում է հոտնկայս ծափահարել առաջնորդին։

Գևորգ Էմին-Տերյան

հրապարակախոս

Ձեզ գուցե հետաքրքրի