Ներքին 4 տարի առաջ - 15:43 08-12-2021

Հայաստանը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանը կատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները. ԱԳՆ

Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հրապարակեց որոշումները:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, այդ որոշումները, միանշանակ, արտացոլում են դատարանի կողմից հայկական կողմի ներկայացրած մի շարք առանցքային փաստարկների ընդունումը, և դատարանի առջև մեր դիրքորոշումների հաստատումը:

Նշվում է, որ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ իր դիմումում Հայաստանն ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ ռասսայական դրդապատճառներով սպանությունների և խոշտանգումների, ինչպես նաև հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականության վերաբերյալ:

Դատարանը գտել է, որ «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտավորեցրել է հետևյալը.

1․ «Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են 2020թ․ զինված հակամարտությամբ պայմանավորված, և դեռևս շարունակում են մնալ գերեվարված, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը»:

2․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասսայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»:

3․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է՝ հատկանշական է նաև, որ Հայաստանի կողմից ներկայացված՝ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հայցադիմումի բանավոր լսումների ժամանակ Դատարանը հիշատակել է Ադրբեջանի ներկայցուցչի պաշտոնական հայտարարությունը, որ այսպես կոչված «Ռազմավարի պուրակից» հեռացվել են հայ զինվորներին պատկերող մանեկենները և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ընթացքում հայ զինվորների կրած սաղավարտների ցուցադրությունը և ապագայում դրանք այլևս չեն ցուցադրվի:

Հատկանշական է, որ Դատարանը իր վճռով միայն Ադրբեջանին է պարտավորեցրել՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու խտրականությունն ու դրա հրահրումը, «այդ թվում՝ իր պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»:

«Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետևողականորեն հնչեցվող հայատյացության հռետորաբանությունը, Ադրբեջանի վերահսկողության կամ իրավասության տակ գտնվող հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիսանում տարածաշրջանում լարվածության նվազեցման և խաղաղ զարգացման համար:

Հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ Դատարանի վճիռները ճանաչում են այս իրողությունները և դրանց հասցեագրման համար ստեղծում են միջազգային իրավունքի համաձայն՝ պարտադիր իրավական ուժ ունեցող պարտավորություններ:

Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշումների կատարմանը և Դատարանին տեղեկացնելու է ցանկացած խախտման մասին։

Դատարանի որոշումը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի՝ այս ընթացքում հնչեցրած ահազանգերի լեգիտիմությունը գերիների և այլ պահվող անձանց, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում վտանգված հայկական պատմամշակութային ժառանգության, Ադրբեջանի կողմից հնչող հայատյաց հռետորաբանության վերաբերյալ»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրավիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և մյուս միջազգային գործընկերների ուշադրությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին և կոչ անում շարունակել ջանքեր գործադրել արձանագրված խնդիրների համապարփակ հասցեագրման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին