copy image url
Միտք 2 տարի առաջ - 13:14 04-11-2021

Տրանսպորտն ու համավարակը. մանրամասներ

Կորոնավիրուսի թվերը սարսափելի են։ Մարդիկ խցկված գնում են աշխատանքի, դասի և նույն տեմպով՝ տուն։ Դա էլ վիրուսի այսպիսի արագ տարածման պատճառներից մեկն է։ Այո՛, մի զարմացեք, համավարակը տարածվում է նաև տրանսպորտի միջոցով։ Թե համաճարակային ի՞նչ պատկեր ունենք Հայաստանում, համաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունն ինչպե՞ս է գնահատվում, փորձեցինք պարզել Ազգային բժշկական պալատի նախագահ, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանի հետ։

Նա ասաց. «Ունենք ծանր պատկեր։ Օր օրի ավելանում են վարակվածների թվերը, համավարակի հետևանքով մահացող մեր հայրենակիցների թվերն էլ չեն պակասում, ինչը, բնականաբար, անհանգստացնող է: Վերահսկողությունը ցածր ու թույլ է: Որոշակի ակտիվություն է նկատելի պատվաստումների իրականացման քաղաքականության մեջ: Ցավալին այն է, որ վերահսկողություն չկա այս գործընթացների նկատմամբ։ Եվ շատ ճիշտ եք նշում, որ եթե որոշակի հանգամանքներում մենք սահմանափակումներ ենք մտցնում, բայց զանգվածային միջոցառումների ժամանակ դրանք չեն գործում, ապա կանխատեսելի արդյունք չենք կարող ունենալ: Բոլոր այն մարմինները, այդ թվում նաև երթուղայինը, որոնք ունեն ստուգման, տեսչական, վերահսկման կամ այլ գործառույթներ, պետք է պատասխանատվություն ստանձնեն ու համարձակորեն հետևեն սահմանափակումների պահպանմանը: Եթե այս ամենը լիարժեքորեն իրականացվի, ու պատվաստման գործընթացը դինամիկ կերպով ընթանա, ապա մենք բավականին դրական տեղաշարժ կունենանք»-, եզրափակեց մեր զրուցակիցը։

Oragir.news-ը զրուցեց նաև քաղաքային տրանսպորտից օգտվող մի քաղաքացու հետ, որն ասաց. «Էդ որ իրար հերթ չտալով գրում են քովիդի տարածվածության մասին, իրար հերթ չտալով թող գրեն տրանսպորտի խայտառակ վիճակի մասին, երբ որ մարդիկ իրար գլխի լցված են։ Չասե՛ք՝ «թող չնստեն»։ Տեղից մի քանի տրանսպորտ բաց ենք թողնում, էդքան հարուստ էլ չենք որ տաքսով երթևեկենք։Մնում ա նստել տրանսպորտ ու քովիդ բռնած իջնել։ Բայց, չէ՜, կարևորը բաց տարածքում դիմակ դնելն է, էն էլ երբ մենակ քայլում ես։ Երանի այն օրը, երբ տրամաբանությունն ու այս սահմանափակումներ մտցնողները հանդիպեն իրար»։

Իսկ թե խնդիրը կարգավորելու համար ինչպիսի տրամադրվածություն ունեն Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, փորձեցինք պարզել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ, որն ասաց. «Քաղաքապետարանի աշխատանքը իսկապես սարսափելի է, և նրանց էջում էլ է պարբերաբար հայտնվում, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատակիցները «բարկանում» գազելների վարորդների և քաղաքացիների վրա, բայց դա կրում է ոչ ստաբիլ բնույթ։ Կորոնավիրուսի թվերը սարսափելի են, մարդիկ խցկված են գնում - գալիս, և դա էլ պատճառներից մեկն է, որ վիրուսն այսպես տարածվում է։ Ես չեմ կարող ասել՝ քաղաքապետարանն իսկապե՞ս պայքարում է դրա դեմ, թե՞ ոչ։ Որովհետև նկարները պարբերաբար հայտնվում են, բայց մենք ամեն օր տեսնում ենք նույն պատկերը։ Եթե չտուգանեն որևէ մեկին, դա դաս չի լինի։ Մենք անընդհատ ավագանու նիստերի ընթացքում բարձրաձայնում ենք այդ մասին, սակայն ոնց տեսնում եք, ապարդյուն է»,- եզրափակեց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված