copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:35 29-10-2021

Գիտե՞ք ինչու շատ քիչ մարդ մասնակցեց այդ ատեստավորմանը, որովհետև ուսուցիչները մտածում են՝ գնամ, ցածր ստանամ, հետո կրակն եմ ընկնելու, խայտառակվելու եմ. Ս. Խաչատրյան

Հեռավար կրթության անցնելու դեպքում սպառնացող խնդիրների, ժամանցային վայրերում սահմանափակումներ չլինելու, այս ամենի պատճառով կրթության որակի վատթարացման և կրթական համակարգի խոցելի կետերի վերաբերյալ Oragir.news-ի հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

-Նախկինում շատ է խոսվել հեռավար կրթության առաջացրած խնդիրների մասին: Եթե դպրոցական արձակուրդից հետո որոշում կայացվի կրկին անցնել հեռավար կրթության, դա ինչպիսի՞ ազդեցություն կունենա մեր կրթական համակարգի վրա:

–Կարծում եմ՝ բացասական, որովհետև այս անընդհատ անցումները մի ձևից մյուսին արդեն իսկ խնդիր են ստեղծում: Այսինքն՝ 100 տոկոս առկա, հետո 100 տոկոս հեռավար: Այս անգամ նաև հոգեբանական խնդիր է լինելու, որովհետև, երբ առաջին անգամ անցանք հեռավար ռեժիմի, կար այն հոգեբանությունը, որ՝ «հլը տեսնենք էս հեռավա՛րն ինչ է»: Այսինքն՝ կարծես փորձարկում լիներ, բայց այն իրեն չարդարացրեց, ուսուցիչները, դասախոսները, աշակերտները, ուսանողները՝ գրեթե բոլորը, մի տեսակ հիասթափված էին, ու շատ ուրախացա, որ վերջապես վերադառնում ենք առկա ռեժիմին: Հիմա հոգեբանորեն դժվար է լինելու նորից գնալ մի ռեժիմի, որը իրեն չի արդարացրել: Դրականն էլ այն է, որ այս անգամ և՛ ուսուցիչները, և՛ դասախոսները մի փոքր ավելի պատրաստված են, գոնե, որոշակի գործիքներ, էլեմենտներ կարող են կիրառել: Տեխնիկական առումով, գուցե, այս անգամ ավելի լավ լինի, քանի որ այն աշակերտների թիվը, որոնք սարքեր չունեին, հիմա ավելի քիչ է, որովհետև շատերն արդեն այդ պահեստային սարքերն ունեն: Հուսանք՝ այս ամենը շուտ կվերականգնվի, ու կվերադառնանք դպրոցներ ու բուհեր: Որովհետև եթե այս անգամ էլ ամիսներով մնացինք հեռավարի հույսին, կարծում եմ՝ բացասական արդյունքներն է՛լ ավելի կխորանան:

-Նկատո՞ւմ եք, որ սահմանափակումները միայն կրթական ոլորտին են վերաբերում: Մասնավորապես, միջոցառումներ և համերգասրահ, թատրոն, սրճարան, առևտրային կենտրոններ այցելությունները չեն արգելվում, կյանքը եռում է, որևէ սահմանափակում քաղաքում չկա:

-Ինչ-որ առումով դա օբյեկտիվ է, որովհետև կրթական համակարգն ունի մարդկային ռեսուրսի ամենամեծ ընդգրկումը, այսինքն՝ ունենք 400 հազար աշակերտ, 75 հազար բուհերի ուսանող: Բնական է, որ ուրիշ ոլորտներում մարդկանց այդպիսի կոնցենտրացիա չկա: Այսինքն՝ օբյեկտիվ է, որ կրթական համակարգը դառնում է վիրուսի տարածման աղբյուր: Բայց ուզում եմ նշել, որ եթե կա մի համակարգ, որը քիչ թե շատ պահպանել է կանոնները, դա դպրոցն է: Այսինքն՝ փորձը ցույց տվեց, որ որոշ դեպքերում դպրոցներն ավելի լավ էին կանոնները պահում, քան հիվանդանոցները: Մի կողմից օբյեկտիվ է, որ դպրոցներն ու բուհերը տարածում են, մյուս կողմից էլ՝ դպրոցները հնարավորն արեցին: Նույնը բուհերի մասին չեմ կարող ասել, որովհետև բուհերում հսկողությունը շատ թույլ էր:

–Կարո՞ղ ենք ասել, որ քովիդից ամենաշատը տուժել է հենց կրթական համակարգը:

–Իհարկե կարող ենք, որովհետև այս ամենն իր բացասական հետևանքը կունենա: Հատկապես տուժում են փոքր երեխաները, կրտսեր դպրոցը, 1-2-րդ կուրսերը, որոնք շատ-շատ բաներ կորցնում են: Կրթական համակարգը նաև մարդկային ռեսուրսի առումով է տուժում, մենք ունենք դպրոցներ, որտեղ 2-3 ուսուցիչ է մահացել:

–Կամավոր ատեստավորման գործընթացը ցույց տվեց կրթական համակարգի խոցելի կետերը, երբ կեսից ավելին չէր բավարարել նվազագույն գիտելիքների պաշարը: Այս առումով ի՞նչ անելիք ունի կրթական համակարգը:

–Ամեն ինչ իր գինն ունի. եթե դու 30 տարի ուսուցիչներին նորմալ աշխատավարձ չես տվել, դա գին ունի: Եթե դու մի կարևոր համակարգ տասնամյակներով պահել ես թերֆինանսավորված, դա չի կարող բացասական հետևանք չունենալ: Սա օբյեկտիվ է: Եթե դուք էլ մի համակարգ թերֆինանսավորում եք, այն չի աշխատում: Ասենք, եթե ձեր ավտոմեքենան փչացել է, դուք հոգ չտանեք, ծախսեր չանեք, այն ձեզ չի ծառայի: Եթե դուք կրթական համակարգին գումար չեք տվել, այն չի կարող լավը լինել: Լուծումն այստեղ այն չէ, որ ուսուցիչներին դնենք քննության պրեսինգի տակ, մի հատ էլ էդպես կոտրենք: Եթե ես իմանայի, որ վատ աշխատող ուսուցիչներին կարող ենք փոխարինել լավերով, կարելի էր դա անել, բայց հիմա նույնիսկ Երևանում ուսուցիչ են փնտրում, այսինքն՝ հիմա փոխարինող էլ չունենք: Եղածներին որ հանենք, ո՞ւմ ենք բերում տեղը, որքանո՞վ են եկածներն ավելի լավը լինելու: Դրա համար, իհարկե, այդ տեսակ բաներ կարելի է անել, բայց պետք է շատ ավելի նուրբ ու զգույշ լինել, մարդկանց շանս տալ: Ասենք, մարդկանց ասել՝ եկեք մի 3 տարի հանձնեք այս քննությունը, բայց ձեր քննության արդյունքը միայն դուք կիմանաք: Գիտե՞ք ինչու շատ քիչ մարդ մասնակցեց այդ ատեստավորմանը, որովհետև ուսուցիչները մտածում են՝ գնամ, ցածր ստանամ, հետո կրակն եմ ընկնելու, խայտառակվելու եմ: Այդ ցածր գնահատականն իմ դեմ են օգտագործելու: Բայց եթե ասեն՝ գնա, հանձնիր, միայն դու կիմանաս քո գնահատականը, այդ դեպքում մարդիկ ավելի ապահով կզգան, կփորձեն: Այսինքն՝ պետք է ավելի զգույշ լինենք: Որովհետև, եթե վախի մթնոլորտ ես սերմանում, մարդիկ սկսում են խուսափել, այլ ճանապարհներ փնտրել, բայց եթե ապահով ես անում, դա կարող է բերել նույնիսկ որակի բարձրացման: Մարդիկ կարող են մտածել․ «հանձնեցի, ստացա 50, գնամ մի քիչ էլ պարապեմ, մյուս տարի էլ փորձեմ, կարող է 60 լինի»: Փորձարկումներ պետք է անել, էդպես միանգամից ասել՝ ով ցածր ստացավ, ուղարկելու ենք վերապատրաստման՝ որպես թույլ ուսուցչի, դա արդեն իրենց վախեցնում է:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի