copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:40 31-03-2023

Քիչ վճարողներն ավելի քիչ կվճարեն, շատ վճարողները` ավելի շատ. ԱՊՊԱ-ի նոր «վայրիվերումները»

Երեկ ՀՀ կառավարության նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հիշեցրեց, որ ապրիլի 1-ից Հայաստանում կմեկնարկի ավտոապահովագրման սակագների ազատականացված համակարգը։

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեհյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ԱՊՊԱ համակարգը միշտ վարորդների օգտին է եղել։ Քեհյանը նշեց, որ տարիներ շարունակ ԱՊՊԱ-ի սակագինը որոշել է ավտոապահովագրական բյուրոն Կենտրոնական բանկի հետ համատեղ՝ խորհրդի ապահովագրական որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին։

Խոսելով ազատականացումից՝ Քեհյանն ասաց, որ ապահովագրական ընկերություններին հնարավորություն է տրվում սահմանել իր մատուցած ծառայությունների արժեքը։

«Տարիներ շարունակ, ունենալով արդեն որոշակի ելակետային տվյալների բազա, որոշում է կայացվել, որ ամեն ապահովագրական ընկերություն ինքը որոշի իր մատուցման ծառայության արժեքը, և բոլոր ապահովագրական ընկերությունները ներկայացրել են իրենց հաշվարկների մոդելները, սակագները, և հիմա արդեն՝ ապրիլի 1-ից սկսած, պետք է ապահովագրական ընկերությունների ներկայացրած մոդելով նոր սակագները հաստատվեն, և այդ սակագներով վարորդները կկնքեն իրենց պայմանագրերը»,- ասաց Քեհյանը։

Քեհյանը նշեց, որ նախկինում, երբ բոլոր ընկերությունների գինը նույնն էր, հիմա բոլորի գինը տարբերվում է, և ըստ այդմ՝ վարորդները կորոշեն, թե ում հետ ինչ պայմանագիր կնքեն։

Հարցրինք Քեհյանից, թե արդյոք այստեղ մրցակցային սկզբունք է գործում։

Քեհյանն ասաց. «Մրցակցային այնքանով է լինելու, որ տարբեր են գները լինելու, և վարորդը ընտրություն է անելու՝ որտեղ կնքի ԱՊՊԱ պայմանագիրը։ Բացի այդ՝ սակագներից ընկերություններ կան, որ առցանց կնքելու դեպքում նախատեսում են նաև զեղչեր, եթե չեմ սխալվում մինչև 15 տոկոս զեղչ էլինելու։ Դա արդեն վարորդներին հնարավորություն է տալիս, որ գործակալի միջոցով չկնքեն, այլ առցանց կնքեն և գումար ավելի քիչ վճարեն»,- ասաց նա։

Խոսելով նախագծի դրական կողմերից՝ Քեհյանն ասաց. «Այստեղ համար մեկ դրական քայլը այն է լինում, որ մի շարք սեգմենտի վարորդներ, օրինակ, տաքսի ծառայություններ, քաղաքային տրանսպորտներ, որոնք նախկինում ռիսկային էին համարվում, և 2-3 գործակից էր համարվում, այդ գործակիցները չի լինելու, և շեշտը դրվել է հիմնականում վարորդի պատմության վրա, ու էական չէ՝ ինչի վարորդ է՝ տաքսու վարորդ է, թե սովորսկան տրանսպորտային միջոցի։ Որ վարորդը ունի լավ պատմություն, քիչ կվճարի, որը ունի վատ պատմություն, նա շատ կվճարի, այսինքն՝ վատ ու լավ պատմությունը իրենց համակարգին հասցված վնասով է որոշվում, այսինքն՝ ունեցած պատահարների քանակից և հասցված վնասից»։

Հարցին, թե հնարավոր է հետագայում սահմանված գների փոփոխություն լինի, Քեհյանն ասաց. «Չեն կարող՝ ինչ գին ուզեն, առաջարկեն, գները նախօրոք ներկայացնում են հաշվարկի մոդելներով, որը հաստատվում է, հիմա բոլորը իրենց մոդելները ներկայացրել են և չեն կարող արանքում այդ գները փոխել։ Իրենց ամեն մի գնի փոփոխություն պետք է խորհրդի կազմում՝ Կենտրոնական բանկի հետ, բյուրոյի հետ քննարկվի և ներկայացվի։ Իրենց հատկացված հատուգ գներ կան․ այդ գներով պետք է կնքեն այդ պայմանագրերը, այդ գները հրապարակել են, որ վարորդները տեսնեն»։