«Հայաստանի դեմ այս երկրների IP-ներից DDOS հարձակումներ են գալիս, բնականաբար 80%ը VPN է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱյԹի ոլորտի մասնագետ Սամվել Հայրապետյանը՝ հավելելով, որ միայն հոկտեմբերի 22-ին Հայաստանի դեմ իրականացված նմանատիպ գրոհները միջին ցուցանիշից ավել են եղել 479%-ով։
Ինչ է իրենից ներկայացնում այս վտանգը, ինչպես է այն ազդում մեր տեղեկատվական համակարգերի վրա և ովքեր կարող են կանգնած լինել այս ամենի հետևում։
«DDOS-ը մեծ քանակությամբ HTTP հարցումներ է ուղարկում՝ կայքը կամ սերվերը ծանրաբեռնելու նպատակով։ Սա պատկերացնելու համար օրինակ բերեմ. երբ բացում եք ձեր բրաուզերը և սեղմում որևէ հղում, ձեր համակարգչից հարցում է գնում դեպի տվյալ վեբ-կայքի սերվեր։ Իսկ այժմ պատկերացրեք, որ, օրինակ, միանգամից 10 միլիոն համակարգչից են դատարկ կամ ոչ դատարկ հարցումներ ուղարկում։ Հենց դա է կոչվում DDOS հարձակում, որը նախատեսված է սերվերները, կայքերն ու հավելվածները գերծանրաբեռնելու համար, որպեսզի դրանք կամ ժամանակավորապես անջատվեն, կամ չափազանց դանդաղ աշխատեն»,- բացատրեց մասնագետը։
Նրա խոսքով՝ հարձակումները միայն սրանով չեն սահմանափակվում. լինում են նաև ավտոմատացված ծրագրերով գեներացվող bot հարձակումներ, ինչպես նաև WAF տեսակի հարձակումներ, որոնց միջոցով փորձեր են արվում մուտք գործել սերվերներ կամ տեսախցիկներ։
«Երբ ուսումնասիրում ենք հարձակման աշխարհագրությունը պատկերն առաջին հայացքից տարօրինակ է թվում. գրոհները գալիս են այնպիսի երկրների IP հասցեներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Գերմանիան, Նիդերլանդները կամ Ֆրանսիան։ Այսինքն՝ բարեկամական երկրներ են, ու այդ երկրներից շատ մեծ քանակի հարցումներ են եղել։ Բնականաբար ես չեմ կարծում, որ այդ երկրներից են գալիս էդ հարցումները, որովհետև այդ երկրների հաքերային խմբավորումները պատճառ չեն ունենա Հայաստանին վնասելու։ Դա ըստ ամենայնի համակարգերով է արվում։ Այսինքն՝ կարող ենք պատկերացնել, որ ինչ-որ հաքերային խմբավորում կա բավականին մեծ, որոնք տարբեր երկրների IP հասցեներ են առել կամ տարբեր երկրներում VPS սերվերներ են ձեռք բերել, ու էդ սերվերներից են ուղարկում այդ հարձակումները Հայաստանի ուղղությամբ»,- նշեց Հայրապետյանը։
Վերջինիս խոսքով, որ հավելվածների մակարդակի հարձակումներն իրենցով վտանգավոր չեն, քանի դեռ հաքերներին չի հաջողվել գտնել կոնկրետ խոցելիություններ։ Սակայն, եթե հարձակվողները հասնում են թեստավորման փուլի և գտնում են որևէ ճեղք, ապա կարող են մուտք գործել, օրինակ, լրատվական կայքի տվյալների բազա, վերացնել տեղեկատվությունը կամ լիովին անջատել ռեսուրսը։
Թեև տեխնիկական տվյալներով հարձակման իրական աղբյուրը պարզելը բարդ ու ժամանակատար գործընթաց է, որը պահանջում է պետական մակարդակի միջամտություն, փորձագետն ունի իր սուբյեկտիվ վարկածը. «Իմ կարծիքով՝ «դիրիժորը» Ղազախստանն է։ Ինչու եմ այդպես կարծում. որովհետև վերջերս էլի են Հայաստանի վրա հարձակում արել (վարչապետի աշխատակազմի վրա և այլն, տարբեր ռեսուրսների ու սերվերների վրա), ու տարբեր մասնագետների կողմից հենց հետքերը տանում էին դեպի Ղազախստան։ Բացի այդ, տարածաշրջանում Ղազախստանը ունի բավականին հզոր պոտենցիալ։ Երևի թե կարելի է ասել, որ մեր տարածաշրջանում ամենահզորներից մեկը հենց իրենք են էս ոլորտում։ Էնպես որ չի բացառվում, որ կարող է հենց էդտեղից էլ արվի»։
Չնայած հոկտեմբերի 22-ի հզոր ալիքին, այսօր իրավիճակը կտրուկ խաղաղվել է՝ գրանցելով միջինից -44% անկում։ Փորձագետը փաստում է, որ միջազգային պաշտպանական համակարգերը, մասնավորապես Cloudflare-ը, հաջողությամբ կարողանում են պայքարել նման գրոհների դեմ։
Օրինակ՝ հարձակման պիկին թիրախավորված կայքերի ներքին ծանրաբեռնվածությունը բարձրացել է ընդամենը 3%-ով (իսկ հոկտեմբերի 22-ին՝ մոտ 47%-ով), ինչը նշանակում է, որ պաշտպանական պատնեշները դիմակայել են։
Հասմիկ Մովսիսյան