copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:33 04-08-2021

Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը կշարունակի մնալ կալանավորված

Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Օհանջանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Օհանջանյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ Ընդ որում՝ որպես կաշառք նախաքննական մարմինը ներկայացրել է համայնքի բնակիչներին պետական բյուջեից տրված նյութական օգնությունը։

Փաստաբան Արսեն Վարդանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Օհանջանյանին կալանավորել են մեկ ցուցմունքի հիման վրա։ Փաստաբանը չմանրամասնեց՝ արդյոք Օհանջանյանի դեմ ցուցմունք տված անձի և Օհանջանյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն եղել է, թե ոչ, սակայն վստահեցրեց՝ Օհանջանյանն առաջադրված մեղադրանքում իրեն ընդհանրապես մեղավոր չի ճանաչում, պնդում է՝ նման բան չի եղել։