Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:27 16-07-2021

Փաշինյանը հյուրընկալել է Ծառուկյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 32րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին և մարզիչներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզիկներին և նշել, որ հայ ժողովուրդն ամբողջ հոգով և մտքով լինելու է նրանց հետ և սպասելու նրանց մրցելույթներին:

«Հույս ունեմ, որ այս Օլիմպիական խաղերում կունենանք կոնկրետ արդյունքներ: 8 մրցաձևից 17 մարզիկ մեկնում է Օլիմպիական խաղերի: Իհարկե, այստեղ կա շատ նուրբ եզր. կարևոր է, որ օլիմպիականներին ոգևորենք, քաջալերենք հաղթանակների, մյուս կողմից՝ նրանց ուսերին չդնենք այնպիսի լրացուցիչ պատասխանատվություն և պարտավորություն, որ մրցահարթակում նրանց կաշկանդի: Սա թերևս ամենադժվար գործն է մեր բոլորի՝ և՛ Ազգային օլիմպիական կոմիտեի, և՛ Կառավարության, և՛ նախարարության, և՛ մարզչական անձնակազմի համար. ինչպես անել, որ բավարար չափով քաջալերենք մեր մարզիկներին, մյուս կողմից՝ այդ հաղթանակի սպասումով իրենց չկաշկանդենք, որպեսզի նրանք իրենց ամբողջ պոտենցիալը կարողանան բացահայտել: Իհարկե, հաղթանակները մեզ շատ անհրաժեշտ են, սովորականից ավելի շատ, որպեսզի մեր երկիրն այս ծանր փորձությունների միջով անցնելուց հետո ինքնավստահությունը, ապագայի նկատմամբ հավատը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ վերականգնի։ Համոզված եմ, որ մեր մարզիկները, օլիմպիականներն այս ամենը շատ լավ գիտեն, մեզնից ավելի լավ գիտեն։ Վստահ եմ, որ նույնիսկ այս ամենն ասելու կարիք չկա նրանց քաջալերելու իմաստով, որովհետև որևէ կասկած չկա, որ յուրաքանչյուրն առավելագույնը կանի՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, օրհներգը Օլիմպիական հարթակից ներկայացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր մասնակցել են Օլիմպիական խաղերին մեր հավաքականը հնարավորինս պատշաճ մակարդակով պատրաստելու համար։

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ամեն ինչ արել է և կշարունակի անել՝ մարզիկների պատրաստվածությունը լավագույնս ապահովելու համար:

«Պարո՛ն վարչապետ, շնորհակալ ենք Ձեզ և Կառավարությանն այն ուշադրության համար, որ հատկապես սպորտին եք ուղղում: Վերջին շրջանում ականատեսը եղանք, որ Դուք ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում եք մեր մարզիկների գրաֆիկով, խնդիրներով: Ուզում եմ ուղղակի վերահաստատել, որպեսզի մեր մարզիկները, Օլիմպիական կոմիտեի ղեկավարները և բոլորս իմանանք, որ մենք միշտ հաստատակամ ենք լինելու այս հարցում և անելու ենք հնարավորը, ինչ որ տեղ էլ՝ անհնարը»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել է, որ կորոնավիրուսի, արտակարգ իրավիճակի պայմանները խնդիրներ են առաջացրել մարզիկների համար մրցաշարերին մասնակցելու և ավելի մեծ թվով ուղեգրեր ապահովելու տեսանկյունից: ՀԱՕԿ նախագահը հավելել է, որ այս Օլիմպիական խաղերին սպիտակ քարտերի միջոցով ուղեգրերից հրաժարվել են. «Այս անգամ որոշեցինք, որ միայն ուժեղները գնան: Այսօրվա մասնակիցներն ուժեղագույններն են, բոլորն էլ մեդալակիր են, հենց այնպես վարկանիշ ձեռք չեն բերել: Ակնկալում ենք 3-5 մեդալ: Բոլորն էլ չեմպիոններ են, պատրաստվել են, փորձառու են, մասնակցել են և՛ Օլիմպիական, և՛ աշխարհի, և՛ Եվրոպայի առաջնությունների: Իրենց կյանքի նպատակն է, որ կարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին, ազգի պատիվը բարձր պահել, եռագույնը բարձրացնել, օրհներգը հնչեցնել: Ոչ մի խնդիր չկա, բոլոր հարցերը Կառավարության, նախարարության, ֆեդերացիայի և Օլիմպիական կոմիտեի հետ կարգավորվել են»:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ ամենօրյա կապի մեջ են եղել Օլիմպիական կոմիտեի հետ, որևէ չլուծված խնդիր չի մնացել. «Մարզիկները բոլոր ուսումնամարզական հավաքներն անցկացրել են այնտեղ, որտեղ ցանկացել են: Բոլոր մարզումներին, ում պետք է եղել, հրավիրել ենք: Ծանրաձողերն էլ տեղ հասան, վերջին մարզումներն էլ դրանցով կանցկացնեն ու կմեկնեն: Պարոն Ծառուկյանի հնչեցրած թվերը շատ լավն են, տա՛ Աստված, որ այդպես էլ լինի»,- նշել է Գիլոյանը և հավելել, որ Օլիմպիական պարգևավճարները վերջին տարիներին չեն վերանայվել:

դ հարցին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցին կտրվի անհրաժեշտ լուծում:

Մարզիկներն ու մարզիչներն անդրադարձել են նախապատրաստական հավաքների արդյունքներին և ընդգծել, որ ջանքեր չեն խնայելու՝ Օլիմպիական խաղերին հայրենիքի պատիվը բարձր պահելու համար: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանն օլիմպիականներին մաղթել է հաջողություն. «Հաջողությունների, հաղթանակների սպասումով՝ բարի՛ ճանապարհ, ինչ էլ խոստացել ենք, ամեն ինչ կանենք»

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ