Ուղիղ եթեր
Ներքին 14 րոպե առաջ - 15:05 19-11-2026

Ստիպելու ենք՝ նախագիծը կասեցվի. Շենգավիթում քիմիական գործարանի դեմ պայքարը մտնում է ավագանու օրակարգ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 18-ին կայացած հանրային քննարկումը վերածվել են հանրային կտրուկ բողոքի հարթակի։ Բնակիչները, բնապահպաններն ու տեղական իշխանության ներկայացուցիչները միահամուռ դեմ են արտահայտվել «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի կողմից Մանանդյան 33/27 հասցեում «Ածխածնային և ապակյա ամրացնող նյութերի հիման վրա էպօքսիդային պրեպրեգների արտադրություն» հիմնելու նախագծին։

Քննարկման առանցքում Երևանի՝ արդեն իսկ թույլատրելի նորմերը գերազանցող օդի աղտոտվածության խնդիրն էր։ Նախագծով առաջարկվում է տարեկան արտադրել շուրջ 400 հազար քմ կոմպոզիտային նյութ՝ քիմիական խեժերի ու լուծիչների կիրառմամբ, ընդ որում՝ բնակելի շենքերից ընդամենը 50 մետր հեռավորության վրա։ Տարածքի անմիջական հարևանությամբ՝ մոտ 1 կմ շառավղով, գտնվում են նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնն ու ծննդատունը, ինչպես նաև մարզադաշտը։

Քննարկումն անցել է խիստ լարված մթնոլորտում։ Դահլիճում ներկա փորձագետներն ու քաղաքացիները կոշտ քննադատության են ենթարկել ընկերության ներկայացուցչին՝ նշելով, որ ներկայացված փաստաթղթերում առկա են բազմաթիվ մասնագիտական անհամապատասխանություններ, իսկ տեխնածին վթարների կանխարգելման մեխանիզմները բացակայում են։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը լսումների ժամանակ հայտարարել է, որ որպես համայնքի ղեկավար և Շենգավիթի բնակիչ՝ ինքը ևս կիսում է քաղաքացիների մտահոգությունները։ «Դեռ խորհրդային տարիներից քիմիական գործարանները կառուցվում էին այն տարածքներում, որտեղ բնակչությունը քիչ էր։ Ես մասնագետ չեմ, սպասենք մասնագետների եզրակացություններին, բայց կողմնակից եմ, որ նման արտադրությունները լինեն բնակելի տարածքներից դուրս։ Ես ձեզ հետ եմ»,- ընդգծել է Մխիթարյանը։

Աշխարհագրագետ և բնապահպան Լևոն Գալստյանն էլ նշել է, որ բնակելի տարածքներից 50 մետր հեռավորության վրա նման քիմիական գործունեությունը չի կարող թույլատրելի լինել։ Նա արդեն պաշտոնական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով հիմք ընդունել հանրային քննարկման բացասական արդյունքները և մերժել նախագիծը նախնական համաձայնության փուլում։

Ըստ ՇՄԱԳ օրենսդրության՝ հանրային լսումը միայն առաջին փուլն է, իսկ վերջնական իրավական որոշումը՝ նախնական համաձայնություն տալու կամ մերժելու վերաբերյալ, պատկանում է Երևանի ավագանուն։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, որը ներկա է եղել լսումներին, մանրամասնել է գործընթացի հետագա ընթացքն ու ժամկետները։ Նա նշել է, որ հարցը նախ պետք է քննարկվի ավագանու համապատասխան հանձնաժողովի նիստում, որից հետո կներառվի դեկտեմբերի 22-ի՝ ավագանու հերթական նիստի օրակարգում։

Անդրադառնալով լսումների արդյունքներին՝ Ստեփանյանն ընդգծել է, որ թաղապետարանում շատ բնակիչներ էին հավաքվել, և բոլորը միանշանակ դեմ են արտահայտվել, ինչի արդյունքում նախագիծն արդեն իսկ բացասական երանգ է ստացել։

«Կգա հանձնաժողով, իրենք ցանկություն կունենան հարցը «չզեկուցվող» հարցերի փաթեթով անցկացնել, բայց մենք ստիպելու ենք, որ այն դառնա զեկուցվող, որպեսզի բնակիչների ձայնը բարձրացնենք։ Եվ ես վստահ եմ, որ այդ նախագիծը կյանքի չի կոչվի ու կկասեցվի»,- եզրափակել է ավագանու ընդդիմադիր անդամը։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել