Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:43 25-06-2021

Ամերիկյան գրաքննություն՝ հայկական մամուլի դեմ․ Ֆեյսբուքում արգելափակվում են միայն ընդդիմադիրների գրառումները

Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ու հետընտրական շրջանում՝ 2021-ի հունիս-հուլիս ամիսներին, Ֆեյսբուքում և Ինստագրամում տարածված նյութերի բովանդակությունը ստուգելու նպատակով Media.am-ն անդրադարձել է տեղական լրատմավիջոցների և առավել ակտիվ օգտատերերի ֆեյսբուքյան գրառումներին՝ Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրով համագործակցելով «Փաստ-մետր»-ի հետ։ Ֆեյսբուքն իր Երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրի շրջանակներում աշխատում է Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) հավատարմագիր ունեցող կազմակերությունների հետ՝ ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով։

Այս ծրագրի շրջանակներում հունիսի 1-ից Media.am-ը սկսել է համատեղ աշխատանք IFCN կողմից 2020թ․ սեպտեմբերից հավատարմագրված Factcheck.ge կայքի հետ։ Փաստերի ստուգման հայկական թիմը վրացի գործընկերների հետ միասին ստուգում է Ֆեյսբուքում և Ինստագրամում տարածվող այն տեղեկատվությունը, որը այս կամ այն կերպ վերաբերում է արտահերթ ընտրություններին և հետընտրական գործընթացներին։ Ապատեղեկատվություն հայտնաբերելու դեպքում Media.am-ը և Factcheck.ge-ն հրապարակում են փաստերի ստուգման հոդված, որից հետո Ֆեյսբուքը համապատասխան նշում՝ պիտակ է թողնում հնարավոր ապատեղեկատվություն պարունակող գրառումների վրա։

Սակայն ծրագրի վերաբերյալ արձագանքները միանշանակ չեն: Մասնավորապես մի շարք դեպքեր են գրանցվել, երբ տեղեկատվության պիտակավորումից հետո խմբագրությունների ֆեյսբուքյան էջերի տեսանելությունը զրոյացվել է, ինչպես նաև փակվել են գովազդները, որոնք խմբագրությունների եկամուտների հիմնական աղբյուրներն են:

«Ֆեյսբուքն իրենց տված եզրակացության հիման վրա անջատել է մեր գովազդը, որից մենք մեծ գումարներ էին ստանում, ինչպես նաև զրոյացրել է տեսանելիությունը: Ֆեյսբուքյան մեր էջը 220.000 հետևորդ ունի, որը մեզ բավականին շատ դիտումներ է բերում: Այլ կերպ ասած՝ մեր դիտումների գոնե 50 տոկոսը գալիս էր Ֆեյսբուքից: Հիմա օգտատերերն իրենց պատերին մեր հրապարակումներից ոչինչ չեն տեսնում»,- ասում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը և հավելում, որ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, որի կազմում է գործում Media.am-ը և որը տասնյակ տարիներ խոսել է խոսքի ազատությունից, այսօր արդեն ստանձնել է խոսքի ազատության խոչընդոտի դերը:
«Կայքը տալիս է բացասական եզրակացություններ, ու քանի որ Ֆեյբուքին կապող կայքը Վրաստանում է, իսկ այնտեղ միայն վրացիներ են աշխատում, եզրակացություններն ընդունվում են որպես բացարձակ ճշմարտություն: Այսինքն՝ փաստերը հավելյալ չեն ստուգվում և այդպես ուղարկվում է ՖԲ-ին՝ առաջարկելով պատժամիջոցներ կիրառել, որն էլ մեխանիկորեն կիրառվում է: Իբր այդ կայքում էլ այնպիսի վարպետ ու պրոֆեսիոնալ լրագրողներ են աշխատում, ովքեր կարող են ճիշտ եզրակացություններ տալ, ովքեր գիտեն լրագրողական և էթիկայի բոլոր կանոնները, ովքեր ամբողջ օրը նստած նյութեր են կարդում ու վճիռներ կայացնում: Խայտառակ բան է, ոչ մի կանոն ու սկզբունք չի պահպանվում, լրագրողական էթիկայի ոչ մի նշույլ չկա»,- ասում է Արմինե Օհանյանը և որպես օրինակ ներկայացնում խմբագրության հյուրի խոսքը, ով քննադատել է Ջորջ Սորոսին։

«Մենք չէինք կարող սահմանափակել հյուրի խոսքի ազատությունը, դա լրագրողական էթիկայի դեմ է, և շատ հաճախ չկիսելով մեր հյուրերի տեսակետները՝ մենք հրապարակում ենք դրանք: Լրագրողի խոսք ու մեկնաբանություն չէ, չստուգված լուր չէ, հայտնի մարդու խոսք է: Լրագրողը բարեխղճորեն մեջբերել է նրա խոսքը՝ պահելով բոլոր նորմերը: Կամ լրատվամիջոցի հանդեպ պատժամիջոց են կիրառվում մեկ այլ լրատվամիջոցի լուրը տարածելու համար, այսինքն՝ մամուլի տեսություն անելու համար: Ոչ մի կանոն չի պահպանվում: Աբսուրդ է»,- նշում է Օհանյանը:

Բողոքարկման մեխանիզմների հետ կապված նույնպես խնդիր են առաջանում: Տիկին Օհանյանը փաստում է, որ այն մեխանիզմը, որ կասկած հարուցող նյութերը կարելի է ուղարկել կայքին ստուգելու համար, չի գործում. «Մենք փորձել ենք, իհարկե ստուգելու համար, նյութեր ուղարկել, չի ստացվել: Դա պարզ գրաքննություն է, քանի որ ծրագիրը սկսել է գործել հունիսի 1-ից՝ նախընտրական և հետընտրական փուլը վերահսկելու համար: Այսինքն այս փուլում որոշել են ամեն ինչ անել, որպեսզի իշխանություններին քննադատող տեղեկատվություն չհայտնվի Ֆեյսբուքում: Դա է եղել միակ նպատակը: Եթե նայեք, կտեսնենք, որ հիմնականում «ֆեյք նյուզ» պիտակը դրված է հենց այդպիսի քաղաքական նյութերի վրա, նույթեր, որոնք ինչ-որ կերպ վնասում են իշխանության ներկայացուցիչներին»:

Օհանյանն ավելացրեց, որ բողոքներ են գրել և՛ վրացական կայքին, և՛ ՖԲ-ին: Արձագանքել է նաև Արման Թաթոյանը, ով կապվել է խմբագրության հետ և հարցի հետ կապված փաթեթ խնդրել: Նախատեսվում է նաև խմբագիրների հավաք՝ հետագայում դատական հայցերով դատարան դիմելու համար: «Սա ոչ միայն խոսքի ազատության սահմանափակում է, այլ ֆինանսական մեծ կորուստների պատճառ»,- փաստում է Արմինե Օհանյանը:

Media.am-ի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանն ավելորդ է համարում կայքի գործունեության հետ որևէ լրացուցիչ պարզաբանում տալը, քանի որ իրենց գործառույթների և մեթոդաբանության հետ կապված տեղեկատվական փաթեթն ուղարկվել է խմբագրություններին:

«Մենք հնարավորինս շատ տեղեկացրել ենք մարդկանց և բազմիցս նշել, որ որպեսզի նրանց գրառումների բովանդակությունը խնդիր չունենան սոցկայքերում, պետք է ստուգել դրանց հավաստիությունը: Ֆեյսբուքն իրենց միջավայրը համարող խմբագրություններին, անհատներին, խմբերին ու էջերին կոչ եմ անում առաջնորդվել ՖԲ-ի կանոններով, իսկ եթե բովանդակության հետ կապված խնդիր է առաջացել, ապա խնդիրը պետք է լուծվի կայքում գրված պարզ կանոնների միջոցով»,- ասում է Գեղամ Վարդանյանը:

Ինչ վերաբերում է լրագրողի կողմից հյուրի խոսքն ու մեկանբանությունը հրապարակելու վրա «ֆեյքնյուզ» պիտակ դնելուն, ապա Վարդանյանը պատասխանեց. «Բողոքարկված նյութի մասին, որին արդեն պատասխան է ուղարկվել, ես չեմ ցանկանում մեկնաբանության տալ»:

Media.am-ը բողոքի ալիք է բարձրացրել նաև անհատ օգտատերերի շրջանում, որոնց ազատ խոսքը նույնպես սահմանափակվել է: Մասնավորապես Ֆեյսբուքի օգտատեր, հայտնի երաժիշտ, ընդդիմադիր հայացքներ և մեծ լսարան ունեցող Միքայել Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ անկախ փաստերի ստուգման կազմակերպությունը իր՝ Շուշիում հրավառության հետ կապված հրապարակումը պիտակել է որպես կեղծ տեղեկատվություն, որի հետ ինքը համաձայն չէ, ուստի վճիռը բողոքարկվել է։ «Կցում եմ հրապարակումս կեղծ տեղեկատվության պիտակի սքրինշոթը, բողոքարկմանս սքրինշոթը, քանի որ իմ արժանապատվության և հեղինակության հարցն է»,- գրել է օգտատերը:

Նա մանրամասն մեկնաբանել է նաև իր տարածած լուսանկարի և կատարած գրառման իրական բովանդակությունն ու մտադրությունները: «Ես չեմ փաստում, որ լուսանկարը նոր է, հրավառություն Շուշիում եղել է, սակայն այլ օր, այլ առիթով: Ես կեղծ տեղեկություն չեն տարածել, քանի որ չեմ նշել, որ հրավառությունը կազմակերպվել է ընտրությունների արդյունքների հրապարակման օրը: Իմ հրապարկման մեջ պարզապես ասել եմ, որ ՔՊ-ի օգտին քվեարկածները քվեարկել են այս իրավիճակի օգտին: Լուսանկարն էլ կեղծ չէ, քանի որ վերցրել եմ Ալիևայի ինստագրամյան էջից»,- գրել է Ոսկանյանը և հույս հայտնել, որ Ֆեյսբուքը կչեղարկի կայացրած վճիռը:

Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ նմանօրինակ դեպքեր չեն գրացվել ընդդիմության հանդեպ սխալ տեղեկություն հրապարակած ոչ մի օգտատիրոջ պարագայում:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com