2026 թվականի բուհերի ընդունելության արդյունքներով Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում ավելի քան 3100 տեղ չի համալրվել, ընդ որում՝ դրանցից շուրջ 250-ը եղել են անվճար ուսման տեղեր։ Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանի գնահատմամբ՝ այս փաստը վկայում է ոչ միայն դիմորդների թվի նվազման, այլև բարձրագույն կրթության ոլորտում տարվող պետական քաղաքականության լուրջ խնդիրների մասին։
Հիշեցնենք, որ 2026 թվականի ընդունելության համար կառավարության կողմից հատկացվել էր 12 720 տեղ, որից 2133-ը՝ անվճար, 10 587-ը՝ վճարովի։ Սակայն բուհեր է ընդունվել ընդամենը 9620 դիմորդ, որոնցից 1875-ը՝ անվճար, 7799-ը՝ վճարովի հիմունքներով։ Արդյունքում հազարավոր տեղեր մնացել են թափուր։
Oragir.News-ի հետ զրույցում կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ նման պատկերն արդեն օրինաչափություն է դարձել և կրկնվում է մի քանի տարի անընդմեջ։
«Այս տարին ևս բացառություն չեղավ։ Սա հերթական անգամ ցույց է տալիս կառավարության անգործությունը՝ թե՛ ընդունելության քննությունների կազմակերպման, թե՛ բուհերի ընդունելության տեղերի պլանավորման հարցում։ Այսօր արդեն փաստ է, որ պետության կողմից հատկացված տեղերից շուրջ 3100-ը չի համալրվել, որոնցից մոտ 250-ը եղել են անվճար։ Այսինքն՝ պետությունը պատրաստ էր վճարել այդ ուսանողների կրթության համար, բայց նույնիսկ այդ դեպքում դիմորդներ չգտնվեցին»,- ասաց նա։
Փորձագետի խոսքով՝ այս իրավիճակը խոսում է երկու խորքային խնդիրների մասին։
«Առաջին հերթին ակնհայտ է, որ դպրոցն ավարտող շրջանավարտների գիտելիքների մակարդակը զգալիորեն նվազել է։ Շատերը չեն կարողանում նույնիսկ հաղթահարել ընդունելության նվազագույն շեմը և դուրս են մնում մրցույթից։ Երկրորդ՝ պետությունը տեղերի բաշխումն իրականացնում է առանց իրական վերլուծության և աշխատաշուկայի պահանջների գնահատման։ Այդ թվերի հիմքում որևէ լուրջ ուսումնասիրություն դրված չէ, և դրա հետևանքով ամեն տարի նույն պատկերը կրկնվում է՝ թափուր տեղերի թիվը միայն ավելանում է»,- նշեց Մխիթարյանը։
Հարցին, թե արդյոք այս իրավիճակը կարող է պայմանավորված լինել նաև արտագաղթով, փորձագետը պատասխանեց, որ դա միայն մասնակի ազդեցություն ունի։
«Իհարկե, որոշակի ազդեցություն կա։ Հատկապես տղաների շրջանում կան դեպքեր, երբ դեռ դպրոցն ավարտելուց առաջ փոխում են քաղաքացիությունը կամ հեռանում են Հայաստանից՝ զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով։ Սակայն սա հիմնական պատճառը չէ։ Եթե նայենք վերջին տարիների վիճակագրությանը, կտեսնենք, որ ամեն տարի նույն մասնագիտություններն են մնում առանց դիմորդների։ Սա արդեն համակարգային խնդիր է, ոչ թե միայն ժողովրդագրական կամ արտագաղթի հետևանք»,- ասաց նա։
Ատոմ Մխիթարյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է վերանայել ընդունելության ամբողջ համակարգը։
«Այսօր պետությունն ինքն է որոշում, թե որ բուհը քանի ուսանող պետք է ընդունի և ինչ մասնագիտություններով։ Ես կարծում եմ՝ դա պետության գործը չէ։ Այդ իրավունքը պետք է տրվի համալսարաններին, որոնք ավելի լավ գիտեն իրենց հնարավորություններն ու պահանջարկը։ Իսկ պետությունը պետք է զբաղվի լավագույն ուսանողներին կրթաթոշակ տրամադրելով և կրթության որակի վերահսկմամբ, ոչ թե ընդունելության տեղերի մեխանիկական բաշխմամբ»,- ընդգծեց նա։
Փորձագետը նաև առաջարկում է վերադառնալ նախկին համակարգին, երբ դիմորդները կարող էին միաժամանակ դիմել մի քանի բուհ և մի քանի մասնագիտության։
«Այսօր դիմորդը կարող է բարձր միավոր հավաքել, բայց չընդունվել իր ընտրած մասնագիտությամբ, իսկ մյուս բուհերում այդ ընթացքում տեղերը մնան թափուր։ Նախկին համակարգում դիմորդը հնարավորություն ուներ միաժամանակ մի քանի բուհ և մի քանի մասնագիտություն ընտրել, ինչի շնորհիվ բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները համակարգից դուրս չէին մնում։ Այդ մոտեցումը կարող էր զգալիորեն նվազեցնել թափուր տեղերի թիվը»,- ասաց նա։
Խոսելով ամենախնդրահարույց մասնագիտությունների մասին՝ Մխիթարյանը նշեց, որ այս տարի ավելի քան 100 մասնագիտություններ ընդհանրապես դիմորդ չեն ունեցել։
«Հիմնականում դրանք գյուղատնտեսական, ագրարային, մանկավարժական և բնագիտական ուղղություններն են։ Եթե կառավարությունն անընդհատ հայտարարում է, որ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ երիտասարդները չեն ցանկանում ուսուցիչ դառնալ։ Եթե աշխատավարձերն իսկապես մրցունակ լինեին, այդ մասնագիտություններն այսօր դատարկ չէին մնա»,- ասաց նա։
Առանձին անդրադառնալով գյուղատնտեսական կրթությանը՝ փորձագետը նշեց, որ իրավիճակն այնտեղ առավել մտահոգիչ է.
«Ժամանակին գյուղատնտեսական բուհերն ընդունում էին ավելի քան հազար ուսանող, իսկ այսօր տարեկան ընդունվում է ընդամենը 40-50 մարդ։ Սա պարզապես անթույլատրելի իրավիճակ է։ Երիտասարդները չեն ընտրում այդ մասնագիտությունները, որովհետև չեն տեսնում աշխատանքի և մասնագիտական զարգացման հեռանկար։ Երբ նույնիսկ առանձին գյուղատնտեսության նախարարություն չկա, բնական է, որ ավարտելուց հետո մարդիկ վստահ չեն, որ կկարողանան աշխատել իրենց մասնագիտությամբ»: