Ներքին 3 ամիս առաջ - 21:08 17-07-2026

Կառավարությունը հատկացրել էր 12.720 տեղ, սակայն բուհ է ընդունվել 9620 դիմորդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը:

Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։

Հանրապետական ընդունող հանձնաժողովն օրակարգի հաստատումից հետո քննարկել է ՀՀ բուհերի՝ 2026-2027 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը ներկայացրել է ընդունելության նախնական արդյունքները․ ըստ ԳԹԿ տվյալների՝ 2026 թվականի բուհերի ընդունելության համար Կառավարության կողմից հատկացվել է 12720 տեղ, որից 2133-ը՝ անվճար, 10587-ը՝ վճարովի։

Բուհեր է ընդունվել 9620 դիմորդ, որից անվճար հիմունքներով ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը՝ 1875 դիմորդ, վճարովի հիմունքով՝ 7799 դիմորդ։

Արդեն երկրորդ տարին է՝ Տավուշի մարզում կազմակերպվել են ընդունելության լրացուցիչ քննություններ այն դիմորդների համար, որոնց ուսուցումը 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ամբողջությամբ նոր չափորոշիչներով է իրականացվել։

Նշված դիմորդները, բացի ընդունելության միասնական քննություններից, նոր չափորոշչի շրջանակում քննության լրացուցիչ հնարավորություն են ունեցել․ նրանց ցուցաբերած քննական արդյունքները, ըստ ԳԹԿ-ի, բարելավվել են՝ նախորդ քննությունների համեմատ։

Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է բուհերի 2026-2027 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրերով ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքները՝ ըստ բուհերի և մասնագիտությունների:

Քննարկվել և հաստատվել են նաև ազգային փոքրամասնություններին հատկացված արտոնյալ տեղերի մրցույթի արդյունքները։
Նշվել է, որ բուհերի ընդունելության արդյունքները հրապարակվելու են վաղը՝ հուլիսի 18-ին:

Ծանոթանալով ընդհանուր տվյալներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է միասնական քննությունների կազմակերպմանը, արդյունքների ամփոփման և հրապարակման ժամկետներին։

Նա նաև նշել է, որ զուգահեռաբար պետք է դիտարկվի ընդունելության քննությունների էլեկտրոնային եղանակով անցկացման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ հետագայում բուհերի դերն ընդունելության գործընթացում ընդլայնվելու է, և բուհերից շատերն արդեն ունեն թվային հարթակների կիրառման արդյունավետ փորձ։

Նիստում քննարկվել են նաև թափուր տեղերի վերաբաշխմանը, ինչպես նաև ընդունելության գործընթացին առնչվող մի շարք այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան