copy image url
Միտք 2 տարի առաջ - 12:19 24-05-2021

«Վերադարձ դեպի ապագա»․ աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 50 հայազգի արվեստագետների գործերի ցուցադրություն Գյումրիում

Գյումրիի «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը մեկ հարկի տակ է միավորել ավելի քան 50 հայազգի արվեստագետների գործեր Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Իսպանիայից, Նորվեգիայից և այլ երկրներից։ Ցուցադրության նպատակն է արվեստի միջոցով հույս ու լավատեսություն ներշնչել Հայաստանի ապագայի նկատմամբ՝ հաշվի առնելով 2020 թ․-ի մարտահրավերներով, ինչպես նաև ընթացիկ զարգացումներով պայմանավորված իրավիճակը։

«Վերադարձ դեպի ապագա» ցուցադրությունը ներկայացնում էհայկական երիտասարդական արվեստի հսկայական ներուժը:

Ցուցադրության հիմնական ուղղություններն են մինիմալիզմը, աբստրակցիոնիզմը, մոնումենտալիզմը, ֆիգուրատիվ արվեստը, պոպ արտը, ինչպես նաև համակարգչային գրաֆիկան, որն այսօր ողջ աշխարհում արագորեն զարգացող ուղղություններից է։ Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանում գրաֆիկական արվեստը ևս այս զարգացման մաս է կազմում և լայն հեռանկարներ ունի։ «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը մեծ նվիրումով է շարունակում նպաստել այս ներուժի իրագործմանը, ինչի մասին է վկայում նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգիրը, որին օրերս արժանացանք», – նշում է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի հիմնադիր, տնօրեն Արտուշ Մկրտչյանը։

Ավելի քան 130 գրաֆիկական արվեստի գործերի հետ երկխոսության մեջ են մտել ավելի քան 30 կոնցեպտուալ մետաղական քանդակներ, որոնք, մարմնավորելով տարբեր կերպարներ, ապագայի իրենց տեսլականն են ներկայացնում։ Ցուցադրությանը ներկայացված արվեստագետների շարքում են Արթուր Հովհաննիսյանն իր «Նյու Յորք, Նյու Յորք. Տպավորություններ» անհատական ցուցադրությամբ, Սամվել Սաղաթելյանը` պոպ-արտի իր ինքնատիպ ստեղծագործություններով, Սարգիս Համալբաշյանը, Լիանա Գևորգյանը, Հարություն Հովհաննիսյանը, Հասմիկ Հոխանյանը, Աննա Սողոմոնյանը, քանդակագործներ Կարեն Ախիկյանը, Վահրադ Մելիքջանյանը և այլք։

Ցուցադրությունն առանձնանում է նաև Արա Պետրոսյանի 7×4մ մոնումենտալ արվեստի գործով, երիտասարդ արվեստագետներ Անի Մանոոի, Արման Օհանյանի և Ծովինար Մուրադյանի ստեղծագործություններով։ Ս․թ․ մայիսի 18-ին «Սթիլ» գրաֆիկայի թանգարանն արժանացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրին թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև մշակույթի բնագավառում երկարամյա գործունեության համար։

«Սթիլ»-ը առաջին և միակ գրաֆիկայի թանգարանն է Հայաստանում։ Այն պաշտոնապես իր դռներն է բացել 2019 թ. օգոստոսի 25-ին։ Թանգարանի շտեմարանը պարունակում է 17-21-րդ դարերի մոտ 6000 գրավյուրաներ, 300 հայկական դասական և ժամանակակից արվեստագետների գրաֆիկական թերթեր, 1930-1960 թվականների խորհրդային ֆիլմերի մոտ 350 կինոաֆիշներ: Հավաքածուն համալրվել է մոտ 2000 խորհրդային ապակու հավաքածուով, որը եզակի է և միակը հետխորհրդային տարածքում:

«Սթիլ» գրաֆիկայի թանգարան